Իսկ եհովականներին գրանցելն անխուսափելի՞ էր
Երեկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի Սբ. Խարգիս եկեղեցու երիտասարդաց միության նախաձեռնությամբ քննարկում կազմակերպվեց միության անդամների, եկեղեցու սպասավորների, ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գրանցման վարչության պետ Գուրգեն Սարգսյանի եւ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի միջեւ: Քննարկման թեման վերջերս «Եհովայի վկաներ»-ի գրանցումն էր: Երիտասարդները խոսում էին այս աղանդի վնասների մասին, ներկայացնում իրենց բացասական վերաբերմունքը:
Գուրգեն Սարգսյանը պնդում էր, որ «եհովականներին» գրանցելն անխուսափելի էր, նրանք գրանցվել են հանրապետությունում գործող օրենքի տառին համապատասխան: «Ազգի» այն հարցին, թե գրանցման համար ներկայացված կանոնադրական խնդիրներից, նպատակներից շեղվելու դեպքում ինչ է սպասում աղանդավորական այս կառույցին` պետռեգիստրի գրանցման վարչության պետն ասաց. «Այսօր Հայաստանում չկա մարմին, որին օրենքով վերապահված է հսկել կրոնական կազմակերպության գործունեության համապատասխանությունը կանոնադրության մեջ գրվածի հետ, չկա դրա համար սահմանված քրեական կամ վարչական պատժամիջոց»: Տիկին Խառատյանը նույնպես խոսեց օրենսդրական դաշտի անկատարության մասին, կարծիք հայտնեց, թե այս ոլորտում եկեղեցին պասսիվ է: Նա երիտասարդներին առաջարկեց ծանոթանալ գործող օրենքներին, առաջարկություններով հանդես գալ, ներկայացնել դեպքեր, որոնք արդյունք են կրոնական այս կամ այն ազդեցության: Նա հավաստիացրեց, որ եղել են դեպքեր, երբ հակառակ դատարանի որոշման` իրենց աշխատանքներով պարզել են որ այս կամ այն ինքնասպանությունը կրոնական հիմք ունի:
Թ. Մ.