«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

Իսպանիայի Կալվիա քաղաքում մեկնարկած շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադայում կայացել է երեք տուր: Մեկնարկային տուրերում բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Առաջին տուրում մեր շախմատիստները 3,50,5 հաշվով պարտության մատնեցին Մոնղոլիայի հավաքականին: Առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանի մրցակիցը չներկայացավ հանդիպմանը եւ վերջինիս պարտություն գրանցվեց: Հաղթանակներ տոնեցին Սմբատ Լպուտյանն ու Գաբրիել Սարգսյանը, իսկ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղաց: Հաջորդ տուրում մեր թիմը մրցեց ուզբեկների հետ եւ հաղթեց 31 հաշվով: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Յուլդաշովին, Լպուտյանը հաղթեց Բարսովին, իսկ Սարգսյանն առավելության հասավ Եգինի նկատմամբ: Ցավոք, չորրորդ խաղատախտակը ներկայացնող Արտաշես Մինասյանը պարտվեց Գարեեւին: Երրորդ տուրում էստոնացիների հետ մրցախաղում կրկին գրանցվեց 31 հաշիվ: Մեր թիմին հաղթական միավորներ բերեցին Վահանյանն ու Սարգսյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Կուլաոտսին եւ Վայնգոլդին, իսկ Արոնյանն ու Մինասյանը խաղաղ դաշն կնքեցին համապատասխանաբար Էլվեստի եւ Կանեպի հետ: Երեկ, ուշ երեկոյան մեր շախմատիստները չորրորդ տուրում մրցեցին Բոսնիայի հավաքականի հետ: Ըստ խաղատախտակների, պայքարի մեջ ներգրավվեցին Արոնյանը, Վահանյանը, Լպուտյանն ու Մինասյանը:

Երեք տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9,5 միավորով ընթանում է վեցերորդ տեղում: Առաջատարն Ուկրաինայի հավաքականն է, որը ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք (12 միավոր)ՙ միեւնույն 40 հաշվով պարտության մատնելով Ինդոնեզիայի շախմատիստներին եւ Իսպանիայի երկրորդ հավաքականին: Երրորդ տուրում ուկրաինացիները նույն հաշվով առավելության հասան 100 տոկոսանոց արդյունք ունեցող չեխերի նկատմամբ: 24-րդ տեղերը 10,5-ական միավորով բաժանում են Իսրայելի, Բուլղարիայի եւ Ռուսաստանի հավաքականները: Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Հայաստանի անցյալ տարվա չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որը հաղթանակով է ավարտել անցկացրած երեք պարտիաներն էլ: Նրանից հետ չի մնում փորձառու Սմբատ Լպուտյանը, որն անցկացրած երկու հանդիպումներում էլ հաղթել է: Իր թիմին երկու միավոր է պարգեւել նաեւ Ռաֆայել Վահանյանը: Լեւոն Արոնյանը երկու պարտիաներում վաստակել է 2 միավոր, իսկ Արտաշես Մինասյանի արդյունքն է 1 միավոր 3 հնարավորից:

Անսպասելիորեն անհաջող մեկնարկեց Հայաստանի կանանց հավաքականըՙ 12 հաշվով զիջելով Մալայզիայի շախմատիստուհիներին: Մեր թիմին միակ միավորը պարգեւեց առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը, իսկ ահա Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանը զիջեցին մրցակիցներին: Երկրորդ տուրում մեր շախմատիստուհիները վերելքով հանդես եկանՙ Գվատեմալայի հավաքականի հետ բոլոր երեք պարտիաներն էլ ավարտելով իրենց օգտին: Հաղթանակներ տոնեցին Դանիելյանը, Աղինյանն ու Անդրեասյանը: Երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականի հետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 1,51,5: Էլինա Դանիելյանը հաղթեց Տատյանա Լեմաշկոյին, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Բարբարա Հունդի հետ, իսկ Սիրանուշ Անդրեասյանը պարտվեց Գունդուլա Հայնաթսին: Երեք տուրից հետո մեր հավաքականը 5,5 միավորով 28-րդ տեղում է: Առավել հաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը, որը երկու պարտիաներում էլ հաղթել է: Լիլիթ Մկրտչյանը 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր: Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանն իրենց օգտին գրանցել են 1-ական միավոր: Կանանց մրցաշարում առաջատարի դերը 8,5-ական միավորով ստանձնել են Գերմանիայի եւ Չինաստանի հավաքականները: Նրանցից 1-ական միավորով հետ են մնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Հունգարիայի շախմատիստուհիները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4