Այս տարվա 9 ամիսներին արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 500 մլն դոլար, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փոխանցումների ծավալից: Այս մասին երեկ ՀՀ կենտրոնական բանկում 2004 թ. 9 ամիսների դրամավարկային քաղաքականության ընթացքի եւ չորրորդ եռամսյակի ծրագրային ուղղությունների ներկայացման ժամանակ հայտնեց ԿԲ վիճակագրության վարչության պետ Հակոբ Զորյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանից արտերկիր կատարված արտահոսքը կազմել է 330 մլն դոլար, ինչը մոտ 60 տոկոսով է ավելի նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Սակայն Հայաստանից արտահոսքի մեծ մասը կատարվել է բանկային համակարգից եւ բիզնես բովանդակություն ունի, իսկ ներհոսքըՙ սպառողական նպատակներ: Ամենամեծ գումարներ մուտք են գործել Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, իսկ դուրս են եկել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ դարձյալ ԱՄՆ:
Մինչ այս տվյալների հրապարակումը դրամավարկային քաղաքականության ընթացքին ու չորրորդ եռամսյակի ծրագրային ուղղություններին անդրադարձավ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը: Ըստ այդմ, տնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-օգոստոսին հետեւյալն են: Տնտեսական աճը կազմում է 9,6 տոկոս, նախորդ տարվա 8 տոկոսի փոխարեն: Առավել մեծ աճ արձանագրած ճյուղերն են շինարարությունըՙ 17,8 տոկոս, գյուղատնտեսությունըՙ 14,4 տոկոս, ծառայությունների ոլորտըՙ 16 տոկոս, նախորդ տարիներին մեծ աճ արձանագրած արդյունաբերության փոխարեն: Արտադրողականության անվանական աճը կազմել է 18,6 տոկոս, աշխատավարձերինըՙ 31 տոկոս: Այդ թվումՙ բյուջետային ծառայողների աշխատավարձերի աճը կազմել է 40,4 տոկոս, ոչ բյուջետայիններինըՙ 27,2 տոկոս: Բարելավվել է արտաքին առետրի վճարային հաշվեկշիռըՙ պակասուրդը նվազել է 5 տոկոսով:
Փողի բազան տարեսկզբին ծրագրված 4,3 տոկոս նվազման պարագայում նվազել է 3,8 տոկոսով, իսկ փողի զանգվածը ծրագրված 6,1 տոկոս աճի պայմաններում աճել է 8,1 տոկոսով: Վարկավորման ցուցանիշն աճել է 27,2 տոկոսով: Ընդ որում, ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով, սակայն գերակշռել են արտարժութային վարկերըՙ մոտ 70 տոկոս:
Աշոտ Մկրտչյանը նշեց, որ ԿԲ-ն իրատեսական է համարում տարեվերջին մինչեւ 3 տոկոս ծրագրային ցուցանիշի ապահովումը, ինչին կարելի է հասնել անգամ, եթե չորրորդ եռամսյակում գրանցվի 4 տոկոս գնաճ: Դրա գերազանցումը, ըստ գնահատումների, հնարավոր է չնախատեսված գնաճային ռիսկերի դեպքում:
Դրամավարկային քաղաքականության վարչության պետը հայտնեց, որ ԿԲ-ն չորրորդ եռամսյակում նախատեսում է փողի ծավալն ավելացնել 9,5 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է փողի պահանջարկի սեզոնայնությամբՙ տարեվերջի կտրուկ աճով: Այսինքն, փողի բազայի կառավարման ամսական սցենարում հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում կապահովվեն աճի համեմատաբար կայուն տեմպեր, իսկ դեկտեմբերի վերջին 20 օրում, կապված ամանորյա ծախսերի հետ, փողի բազան կաճի մոտ 6 մլրդ դրամով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ