«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


«ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԸ» «ԱՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Թեպետ «Ար» հեռուստաընկերության էկրանին զետեղված հաղորդագրությունն ասում է, որ տեխնիկական անսարքության ու հետագա վերազինման նպատակով դադարեցրել է հեռարձակումը, սակայն որոշ լրատվամիջոցներ արագորեն տարածեցին իրենց ունեցած տեղեկությունը, համաձայն որի «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը հեռուստաընկերությունը վաճառում է «Միկա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին:

Հեռուստաընկերության տնօրեն Էդգար Մանուկյանին խնդրեցինք պատասխանել, թե որեւէ հիմք կա՞ր նման տեղեկություն տարածելու համար:

«Ինչ-որ մեկը չգիտեմ որտեղից հայտնաբերել է, որ «Ար» հեռուստաընկերությունը փոխանցվում է Միխայիլ Բաղդասարովին: Գուցե այդ լուրը տարածողը սլաքն ուղղեր հենց Բաղդասարովին ու նրանի՞ց ճշտեր իր ունեցած տեղեկությունը: Թե չէ, ինչպես ասում են, մի անխելք մարդ քար գցեց, հազար խելոք չկարողացան հանել:

Ես ոչ միայն հերքում եմ, այլեւ պնդում, որ Վարդանյան ընտանիքը Հայաստանում ունեցվածք օտարելու խնդիր չունի», պատասխանեց նա: Հեռարձակումը դադարեցվել է 25 օրով, սակայն հնարավոր է վերազինման աշխատանքներն ավելի շուտ ավարտվեն: Տնօրենի ասելով, հեռուստաընկերությունը հանրությանը կներկայանա հիմնովին նոր դեմքով, որովհետեւ ինչպես «Գրանդ հոլդինգի» բոլոր ձեռնարկությունները, այդ թվում «Հայրենիք» հեռուստաընկերությունը, բարձր մակարդակի վրա են եւ լավ ծանոթ հասարակությանը, հետեւաբար նույնը պահանջվում է նաեւ «Ար» հեռուստաընկերությունից: «Կլինեն նաեւ եթերի որակի, ծրագրային, սփռման ցանցի փոփոխություններ: Այժմ մեր հիմնական մտահոգությունը տեխնիկական վերազինումը հիմնովին սկսելն է»:

«Նախատեսվո՞ւմ է հաստիքների կրճատում հարցին», նա պատասխանեց, որ պարզ կլինի աշխատանքի ընթացքում, եթե որոշ տեղերում նկատվի հաստիքների ուռճացում, բնականաբար, կրճատումն անխուսափելի կլինի: Նա համոզված է, որ նոր հաղորդաշարեր սկսելով հեռուստաընկերությունը կգոհացնի հանրությանն ու սիրելի կդառնա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4