«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2004-10-16 | #184, 2004-10-19 | #185, 2004-10-20


«ՄԱՐԴԱՍԵՐ» ՕՍԵՐԸ ԵՎ «ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ» ՎՐԱՑԻՆԵՐԸ

Ինչո՞վ են զբաղված Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, Սոչիի եւ Դոնի Ռոստովի հյուպատոսությունները

Չճանաչված Հարավային Օսիայի առաջնորդ Էդուարդ Կոկոյտին, պարզվում է, մտահոգված է վրաց-հարավօսական սահմանի Էրգնեթի բնակավայրում պատանդի կարգավիճակում հայտնված մի քանի տասնյակ հայերի ճակատագրով: «Ռեգնում» գործակալությունը Ցխինվալից հաղորդում է, որ Կոկոյտին հանդիպել է հայերին, ովքեր չեն կարողանում հատել սահմանը, քանի որ Վրաստանը Ռուսաստանից դեպի Հայաստան ցամաքային ճանապարհըՙ Ներքին Զարամագ-Ցխինվալի-Էրգնեթի (Հարավային Օսիա) համարում է անօրինական:

Բաց երկնքի տակ, ավտոբուսներում բնակվող հայերին այցելել են նաեւ վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման հարցով Հարավային Օսիայի ներկայացուցիչ Բորիս Չիչոեւն ու խաղաղարար զորակազմի հրամանատար Մարատ Կուլահմեդովը: Իսկ ահա «Հարավային Օսիա» պաշտոնաթերթը «Հայ պատանդները» հրապարակման մեջ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վրացական իշխանությունների գործողությունները որակում է «անմարդկային»: Ավելինՙ թերթը պատմում է, թե ինչպես են շարքային օսերն օգնության ձեռք մեկնում անելանելի վիճակում հայտնված հայերին, նրանց առաջարկում գիշերել իրենց տներում, ջուր ու հաց հասցնում, բժիշկներ ուղարկում:

Այս ամենին չհավատալու պատճառ չունենք: Մի քանի շաբաթ առաջ ականատես եղանք, թե ինչպես են վրացիները օգնում հայերին ռուս-վրացական սահմանի Կազբեգի բնակավայրում: Ցավալի է, որ հայերին օգնելու հետ մեկտեղ ե՛ւ Հարավային Օսիայի, ե՛ւ Վրաստանի իշխանություններն այդ նույն մարդկանց դժբախտության հաշվին փորձում են քաղաքական խնդիրներ լուծել:

Հետ չի մնում նաեւ Ռուսաստանը: Կողպելով ռուս-վրացական օրինական սահմանադուռը Վերին Լարսում, ռուսները հայրենիք վերադարձող կամ արտաքսված հայերին ցույց են տալիս անօրինական Ներքին Զամարագ-Ցխինվալ-Էրգնեթի ուղինՙ հստակ իմանալով, որ այն փակ է վրաց-հարավօսական սահմանում: Կարելի է ենթադրել, որ այս քայլով Ռուսաստանը փորձում է հայերի միջոցով վարկաբեկել վրացական իշխանություններին, բարդություններ ստեղծել Երեւան- Թբիլիսի փոխհարաբերություններում:

Անհասկանալի էՙ ի՞նչ տրամաբանությամբ է Ռուսաստանը վտանգավոր համարում Թբիլիսիի իշխանությունների կողմից վերահսկվող Թբիլիսի-Կազբեգի-Վերին Լարս-Վլադիկավկազ (վերջին երկուսը վերահսկում են Հյուսիսային Օսիայի, այսինքնՙ ռուսական իշխանությունները) ճանապարհը, որով իբր Վրաստանից կարող են Հյուսիսային Կովկաս անցնել միջազգային ահաբեկիչները եւ վարձկանները: Այդ ո՞ր ահաբեկիչն է օգտվում հսկիչ-անցագրային կետից: Եթե, իրոք, ահաբեկիչները Ռուսաստան են անցնում վրացական եւ ռուսական անցակետով, ապա ինչո՞ւ նույն ահաբեկիչները չեն կարող անցնել չճանաչված Հարավային Օսիայով:

Հարց է ծագում. ինչո՞վ են զբաղված Մոսկվայում Հայաստանի դեսպանատան, Սոչիի եւ Դոնի Ռոստովի հյուպատոսությունների աշխատակիցները, որոնցից ամեն մեկը հայ հարկատուների հաշվին ամսական 1000 եւ ավելի դոլար աշխատավարձ է ստանում: Քանի՞ անգամ են ռուս-վրացական սահմանը փակվելուց հետո այցելել ծանր վիճակում հայտնված Հայաստանի քաղաքացիներին, փորձել գտնել նրանց օգնելու ինչ-ինչ ճանապարհ: Անկասկած, նրանք չեն կարող սահման բացել, բայց չե՞ն կարող թույլ չտալ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները չանցնեն Հարավային Օսիայի տարածք եւ Ռուսաստանի, Վրաստանի ու Հարավային Օսիայի իշխանությունների քաղաքականության «զոհը» դառնան:

Նախքան ռուս-վրացական սահմանի փակվելը, շուրջ 14 տարի Հայաստանի քաղաքացիները, ովքեր Ռուսաստան հասնելու համար ընտրել են Վրաստանի ճանապարհը, ենթարկվել են թալանի ու կողոպուտի: Հայկական մամուլում բազմիցս գրվել է հայերի նկատմամբ Հարավային Օսիայում, Վրաստանում, Հյուսիսային Օսիայում (Ռուսաստան) կիրառվող անօրինությունների, անմարդկային բարքերի մասին: Մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են վերոնշյալ հանրապետություններում ամեն քայլափոխի կանգնեցնում Հայաստան մեկնող ավտոբուսները, թալանում հայերին: Պետք չէ այսօր մարդասեր ձեւանալ եւ շահարկել հայ-օսական, հայ-վրացական կամ հայ-ռուսական «բարեկամությունը»:

Հայաստանը պարտավոր է բոլոր միջոցները գործի դնելՙ թույլ չտալու իր քաղաքացիների մուտքը Հարավային Օսիա, քանի դեռ ռուս-վրացական սահմանային կետերը բնականոն չեն գործում: Այլապես Էրգնեթիում «գերեվարված» հայերի ճակատագիրը կարող են կրել Հայաստանի այլ քաղաքացիներ: Իսկ եթե այս պահին Երեւանն ուղղակի ի զորու չէ արդեն իսկ ծանր վիճակում հայտնված մի քանի տասնյակ իր քաղաքացիներին դուրս բերել Էրգնեթիից, ապա պետք է դիմել միջազգային կազմակերպություններին, ինչպես «Կարմիր խաչին», որը նմանօրինակ վիճակները կարգավորելու մեծ փորձ ունի:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4