Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ
Բոսնիա-Հերցեգովինայի հետ մրցախաղից հետո հայ գրոսմայստերների տրամադրությունը բարձր չէր: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, բայց բոլոր հնարավորությունները կային հաղթելու շոշափելի առավելությամբ: Այն պարտիաներում, որոնցում մեր տղաները խաղում էին սեւերով (Դիզդարեւիչ-Արոնյան, Կուրաիցա-Լպուտյան) ոչ-ոքիները պայքարի տրամաբանական արդյունքն էին, բայց սպիտակներով խաղացող Վահանյանն ու Մինասյանը մոտ էին հաղթանակին: Վահանյանն արտակարգ նուրբ խաղով մեծ առավելության հասավ Աթալիկի նկատմամբ, բայց վերջնախաղում արքայի մեկ անզգույշ քայլը բավական եղավ, որ սեւերը պաշտպանվեն: «Շատ ափսոս: Սա կարող էր լինել իմ լավագույն պարտիաներից մեկը», խաղից հետո ասաց Ռաֆայելը: Շատ տխրեց նաեւ Մինասյանը, որը Պրեդոեւիչի հետ մենամարտում մոտ էր իր առաջին հաղթանակին: Ավաղ, Արտաշեսը բաց թողեց վճռական առավելությունը:
Այսպիսով, երեք հաղթական մրցախաղերից հետո Հայաստանի հավաքականը գրանցեց առաջին ոչ-ոքին եւ 11,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Մեկնարկի համար միավորների քանակը վատ չէ, բայց երկու ուժեղ հավաքականներՙ Ուկրաինան եւ Իսրայելը, սպասվածից շատ ավելի լավ են խաղում եւ, համապատասխանաբար 14,5 եւ 14 միավորներով առաջին ու երկրորդ հորիզոնականներում են: Զարմանալի խաղ են ցուցադրում հատկապես ուկրաինացիները: Երեք մրցախաղ 4-0 հաշվով շահելուց հետո նրանք հաղթեցին նաեւ ռուսաստանցիներին (2,5-1,5): Այժմ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Սլովակիայի հավաքականները (վերջինիս առաջատարը մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանն է) կեսական միավոր Հայաստանի պատվիրակներից ավելի ունեն:
Հինգերորդ տուրում հայ շախմատիստների մրցակիցն է մեզ հետ հավասար միավորներ ունեցող Հնդկաստանի հզոր հավաքականը, որի առաջատարն է իր վարկանիշով օլիմպիադայի ուժեղագույն մասնակիցըՙ հռչակավոր Վիշվանաթան Անանդը: Մեր թիվ 1 շախմատիստըՙ Վլադիմիր Հակոբյանը, երկուշաբթի երեկոյան Շվեյցարիայի Բրիսագո քաղաքից արդեն ժամանեց Մայորկա: Հայ գրոսմայստերը Բրիսագոյում մարտավկայի պարտականությունները կատարելով, բնականաբար, բավականին հոգնել էր, այդ իսկ պատճառով մարզիչ Նալբանդյանը եւ խաղընկերները Հակոբյանին Կալվիայում շունչ քաշելու ժամանակ տվեցին:
Կարեւոր այդ մրցախաղից առաջ Կալվիա ժամանեց նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա կհետեւի օլիմպիադայի ընթացքին եւ կմասնակցի ՖԻԴԵ-ի կոնգրեսի աշխատանքներին:
Հինգերորդ տուրում ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Ուկրաինա-Իսրայել, Սլովակիա-Ռուսաստան մրցախաղերը:
Իսկ կանանց մրցումներում մեզ համար ամենակարեւորն, իհարկե, Հունաստան-Հայաստան հանդիպումն է: Նախօրեին մեր շախմատիստուհիները դժվարին պայքարում 2-1 հաշվով պարտության մատնեցին Իսպանիայի երկրորդ հավաքականին: Դանիելյանը եւ Աղինյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մկրտչյանը տարավ վճռական հաղթանակը:
Այս հաղթանակից հետո մեր շախմատիստուհիները 12 հնարավորից վաստակեցին 7,5 միավոր եւ փոքր-ինչ բարելավեցին դիրքերը, թեեւ, միեւնույն է, զբաղեցնում են մեր երկրի համար արդեն համեմատաբար համեստ 22-րդ տեղը: Աղյուսակը 11 միավորով գլխավորում են չինուհիները, նրանց 9,5-ական միավորով հաջորդում են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Անգլիայի շախմատիստուհիները:
ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մայորկա