«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2004-10-16 | #184, 2004-10-19 | #185, 2004-10-20


ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԱՄԻՐՅԱՆ ՊԼԱԶԱ»-Ի ՈՒ 30 ՄԻԼԻՈՆԻ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

Շաբաթվա գլխին քաղաքապետարանում ասուլիս հրավիրվեց, որի ասելիքն ընդամենը այն էր, որ քաղաքապետարանը Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տեղափոխման, փակման կամ այլ խնդիրների հետ որեւէ կապ չունի: Չնայած գրադարանի շենքն իր ենթակայության տակ է, բայց իբրեւ սեփականություն գտնվում է պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:

Երեկ ասուլիս հրավիրած «Յունիբանկի» գործադիր տնօրեն Վարդան Աթայանին բառացիորեն նույն խնդիրն էր մտահոգել, ինչ քաղաքապետարանին _ «Յունիբանկը» եւս, որպես իրավաբանական անձ, գրադարանի, վաճառքի, լուծարման պատմությունների հետ բացարձակապես որեւէ կապ չունի: Շենքի տերը կառավարությունն է, եթե որոշվեց, որ այստեղ գրադարան է մնալու, կմնա գրադարան, եթե որոշվեց տեղափոխել, կտեղափոխվի»:

Վարդան Աթայանը չժխտեց, որ ինքը հանդիպում է ունեցել գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ: Բայց` «Տարածքն ազատելու առաջարկով չի հանդիպել տնօրենի հետ», այցելել է իբրեւ հարեւանի` ծանոթանալու նպատակով:

Հետագա հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ այս տարածքում, այնուամենայնիվ, իսկապես ներդնող է հայտնվել: Ռուսաստանցի մի գործարար, «Յունիինվեստ» ՍՊԸ նախագահ Գագիկ Զաքարյանը լուրջ գումարներ, որոշ տվյալների համաձայն` 30 մլն դոլար է մտադիր ներդնել: «Յունիինվեստ» բանկը «Յունիբանկի» հիմնադիրն է, «Յունիբանկը»` նրա վարձակալը, այնպես որ լրատվամիջոցները շեֆի չիրագործած մեղքը ակամա գցել են ենթակայի վրա: «Յունիինվեստն» է գնել սնանկացած «Կրեդիտ Երեւանին» պատկանող շենքը եւ ոչ «Յունիբանկը», ինչպես ներկայացվել է մամուլում: Այժմ Ամիրյան 2 եւ Ամիրյան 2/8 հասցեներում, շուրջ 15 հզ. քառ. մ-ի վրա իրականացվելիք ներդրումային ծրագիրը քննարկվում է կառավարության, իսկ ճարտարա-պետաշինարարական նպատակահարմարությունը` քաղաքապետարանի հետ: 2 շենքերն էլ ամրացվելու եւ նորոգվելու են:

Արդեն պատրաստի նախագիծը (ճարտարապետ` Ալբերտ Զարուբյան), ըստ գործադիր տնօրենի, դեռ հաստատված չէ: Վարդան Աթայանը նաեւ ասաց, որ չնայած հեռուստաալիքների ու լրատվամիջոցների հարուցած աղմուկը բավական վնասել է բանկի իմիջին, իրենք առայժմ չեն ուզում «դատական ճանապարհով գնալ, բայց եթե նորից բանկին վնաս հասցվի, կպաշտպանեն նրա համբավը դատական ատյաններով»:

Գործադիր տնօրենի խոսքի ավարտը լավատեսական էր. «Ինչպիսի որոշում էլ որ կառավարությունը ընդունի, գրադարանի համար ավելի լավ է լինելու` ավելի ժամանակակից ու կահավորված, այս տարածքում մնա, թե ուրիշ տեղ տեղափոխվի»:

Այնուամենայնիվ, լրագրողներին ցուցադրած նախագծում ակնհայտորեն գրադարանի համար տեղ չէր նախատեսված:

Հավաստելու համար, որ բանկը մշակույթի հավատավոր երկրպագու է, «Յունիբանկը» վերջում ներկայացրեց նաեւ իրենց հովանավորած միջոցառումների մի մեծ ցանկ` Փարաջանովի 80-ամյակի հանդիսությունները, Լեւոն Մալխասյանի, Ռուբեն Հախվերդյանի, Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունների թողարկումը, գիտական մի շարք գրքերի հրատարակումը ֆինանսավորել է «Յունիբանկը»:

Իսկ այս ընթացքում Ավ. Իսահակյանի անվան գրադարան շարունակվում է բուհերի, մարզային գրադարանների, ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հոսք, որոնք ստորագրահավաքի թղթեր են բերում` ի պաշտպանություն գրադարանի:

«Ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը գրադարանի տեղափոխման խնդիր չի քննարկի, իմ վստահության հիմքը հավատն է բարոյականության գոյության հանդեպ: Իսկ որ բարոյականություն կա, վկայությունը հասարակության, ընթերցողների ու լրատվամիջոցների բուռն արձագանքն էր», ասում է գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Տիկին Հասմիկը պնդում է, որ գրադարանային աշխատանքների բնույթին այս շենքը լավագույնս համապատասխանում է, եւ եթե ավելի լավ պայմաններ են առաջարկելու իրենց` ինչպես վերազինում ժամանակակից միջոցներով, բարձր տեխնոլոգիաներ ու կահավորում, ապա ավելի լավ է` տեղում առաջարկեն: Բայց կոնկրետ այդպիսի առաջարկ տնօրենին չի արվել: Ապրիլի սկզբին եկել են իր մոտ ու առաջարկ ներկայացրել գրադարանն այլ տեղ տեղափոխելու, այլ շենքի հարմարեցնելու կամ նորը կառուցելու վերաբերյալ: Նույնիսկ կոնկրետ տարածք է առաջարկվել` Շահումյան դպրոցի հետնահատվածում կամ մոտակա մի հյուրանոցում:

4-5 օր առաջ Հասմիկ Կարապետյանին այցելել է նաեւ «Յունիինվեստի» նախագահ Գագիկ Զաքարյանը: «Եկել եմ ասեմ, որ ես ձեզ հետ շատ լավ հարեւան կլինեմ», այնուամենայնիվ, հայտարարել է նա:

Երեկ այս պատմության գլխավոր կողմերից մեկը `վիճահարույց տարածքի սեփականատեր պետական գույքի կառավարության վարչությունը եւս հարկ համարեց տեղեկացնել ընթացիկ իրողություններին իր մասնակցության կամ դերակատարման մասին: Վարչության մամուլի քարտուղար Մանուկ Տեր-Ստեփանյանը փոխանցեց. «Պետական գույքի կառավարման վարչությունը ոչ քաղաքապետարանի, ոչ «Յունիինվեստի», ոչ գրադարանի տնօրինությունների հետ գրադարանի լուծարման, մասնավորեցման կամ տեղափոխման վերաբերյալ որեւէ խոսակցություն չի ունեցել եւ այդ հարցերը մեկնաբանելու ցանկություն չունի»:

Նախագծի համաձայն, վիճահարույց տարածքում կառուցվելու է «Ամիրյան պլազա»` բարով, սուպերմարկետով, ռեստորանով, սաունայով, վարձակալման սրահներով: Մնալո՞ւ է գրադարանը իր տեղում, առայժմ դժվար է ենթադրություններ անել: 30 մլն-ի գայթակղությանը դժվար է դիմագրավել: Այդ գնով ֆրանսիացիներին զոհաբերվեց կոնյակի գործարանը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4