Հայաստանում կսկսվի նորՙ «Էլեկտրոնային առեւտուր» ծառայությունը, որը հնարավորություն կտա վիրտուալ գնումներ կատարելու խանութներից: Երեկ ՀՀ կենտրոնական բանկում ներկայացվեց այդ նոր ծառայությունը: Անդրադառնալով այս իրադարձությանըՙ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վիրտուալ առեւտրի իրականացման ծառայությունը կխթանի «Արքա» համակարգից օգտվողների քանակի եւ վիրտուալ խանութների թվի ավելացումը: Նա շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրին այս ծառայության ներդրմանն աջակցելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն իր հերթին կարծիք հայտնեց, որ այս քայլը կնպաստի Հայաստանում իրական տեղեկատվական համակարգի ձեւավորմանը: Այս ծառայությունը մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգ գործարքների իրականացման համար:
«Արքա» գործակալության տնօրեն Շահեն Հովհաննիսյանը որոշակի տեղեկություններ հաղորդեց պլաստիկ քարտերի հայաստանյան շուկայի վերաբերյալ: Համաձայն դրանց, Հայաստանում 40 հազար «Արքա» քարտեր են գործածվում: 5,1 մլրդ դրամ անկանխիկ գործարքներից 2,9 մլրդ դրամն իրականացվել է «Արքայի» միջոցով: Անկանխիկ գործառնությունների տեսակարար կշիռը գործառնությունների ընդհանուր ծավալում մոտ 10 տոկոսն է կամ 500 մլն դրամը: Ըստ Շահեն Հովհաննիսյանի, մոտ 60 հազար մարդ օգտվում է ինտերնետից, որոնք կարող են օգտվել նաեւ նոր ծառայությունից: «Արքայի» տնօրենը տեղեկացրեց, որ 2005 թ.-ին գործակալության եւ ՄԱԶԾ ջանքերով կներդրվի եւս երկու ինտերնետային ծառայությունՙ «քարտից քարտ» գումարների փոխանցում եւ քարտային հաշվի կառավարում:
Երեկվա միջոցառման ժամանակ ցուցադրվեց էլեկտրոնային առեւտուր կատարելու գործընթացը: Դրա համար քարտապանը պետք է նախապես գրանցվի www.arca.am էջին, որից հետո քարտապանին տրված հատուկ վիրտուալ քարտի միջոցով նա հնարավորություն է ստանում գործարքներ իրականացնելու վիրտուալ խանութներում: Վերջիններիս թիվն առայժմ 4-ն է («Ինեկո բանկ», Բի Լայն եւ այլն): Նոր ծառայությունը հնարավորություն կտա մասնավոր ընկերություններին եւ կազմակերպություններին վաճառելու իրենց ապրանքը, ինչն առեւտրի ամենահարմար եւ արագ տարբերակն է:
Ի դեպ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ներդնել գանձապետական պահառուի վիրտուալ համակարգ, որի միջոցով կիրականացվի պետական արժեթղթերի էլեկտրոնային վաճառքը:
Վերջում Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ծառայության ներդրումը նպաստելով անկանխիկ գործարքների թվի ավելացմանը, կնպաստի նաեւ ստվերային շրջանառության սահմանափակմանը եւ որպես դրա հետեւանք լրացուցիչ մուտքերի ավելացմանը պետական բյուջե:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ