«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2004-10-16 | #184, 2004-10-19 | #185, 2004-10-20


ԳՅՈՒՄՐԻՆ, ԳՈՐԻՍԸ ԵՎ ԱՇՏԱՐԱԿԸ ԿԶԱՐԳԱՆԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հարավային Կովկասում իրականացվող մշակութային եւ բնական ժառանգության պահպանման, պատմական քաղաքների կառավարման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրով 2003-2005 թթ. նախատեսվում է Հայաստանի պատմական քաղաքների վերականգնման միջոցով զարգացնել կառավարման գործառույթներն ու ռազմավարական միջոցներ ընտրելու կարողությունըՙ կայուն զարգացման քաղաքականություն վարելու եւ համայնքներում կայուն զարգացման նոր մոդելներ առաջադրելու համար: Ծրագիրը նպատակ ունի նաեւ նպաստելու եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման ընթացքին, ներկայացնելով կիրառվող մեխանիզմների ներդաշնակեցման, ազգային ու միջազգային փորձի փոխանակման առաջարկներ: Կմշակվեն կոնկրետ նախագծեր Աշտարակ, Գորիս եւ Գյումրի քաղաքներում ծրագրի փորձնական իրականացման համար:

Թեքեյան կենտրոնում երեկ սկսվեց «Ճարտարապետական եւ բնական ժառանգության վերականգնումը քաղաքաշինության քաղաքականության մեջ» երկօրյա միջազգային սեմինար խորհրդակցությունըՙ ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների ներկայացուցիչների եւ Եվրոպայից ժամանած փորձագետների մասնակցությամբ:

Լսվեցին զեկուցումներ ծրագրի հեռանկարների վերաբերյալ, որից հետո Ֆրանսիայից եւ Նիդեռլանդներից ժամանած փորձագետներ Բրունո Կուսին, Ժակ Ռամիլեն, Նիկո Նոլեն եւ Էրիկ Կապտեյնը հանգամանորեն ներկայացրին իրենց երկրների քաղաքների զարգացման փորձը: Նրանց ելույթների հիման վրա արվեց եզրակացություն կուտակված փորձը Հայաստանում կիրառելու վերաբերյալ:

Միջազգային սեմինար խորհրդակցությունն այսօր կշարունակի աշխատանքը, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանում իրականացվելիք ծրագրի մանրամասները, ինչպես նաեւ Աշտարակ, Գորիս, Գյումրի քաղաքների ներկա վիճակը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4