Մեր թերթի հոկտեմբերի 16-ի համարում «Կորրիդա՞, թե՞ քաղաքական ռենեսանս» հայաստանյան ներքաղաքական կյանքի մասին Տիգրան Գամաղելյանի հոդվածին արձագանքել են երկու ընթերցողՙ միմյանցից անկախ նմանաբնույթ դիտողություններով: Ճարտարապետ Արտակ Միքայելյանն իսպանական Բարսելոն քաղաքից գրում է, որ Մադրիդի փողոցներում ցուլերի հետապնդումից խուճապահար փախչող մարդկանց տեսարանի նկարագրությունն իսպանական իրականությանն անհամապատասխանող երեւույթ է:
Ըստ մեր նամակագրի, Նավարա նահանգի Փամփլոնա քաղաքին բնորոշ ազգային շատ հինավուրց տոն է ցուլերի վազքը փողոցներում: Հնում երկու հարեւան երկրներիՙ բասկերի հայրենիք Նավարայի եւ Լա Ռիոգայի թագավորություններում այդ երեւույթն այնքան էր տարածված ու ընդունված, որ տղամարդիկ անձնագիր չէին ստանում, մինչեւ ցույց չէին տալիս իրենց տղամարդկությունը, այսինքնՙ ցուլերի հետեւից վազելը: Մինչեւ այսօր շարունակվող տոնը կոչվում է Սուրբ Ֆերմինի եւ սկսվում է հուլիսի 7-ինՙ տեւելով մեկ շաբաթ:
Մյուս հոդվածագիրըՙ Գեւորգ Թորոսյանը գրում է, որ Մադրիդը Փամփլոնայի հետ ենք շփոթել, որտեղ Սուրբ Ֆերմենակի դիմակահանդեսի ընթացքում փողոցներում տեղի է ունենում ցուլերի վազքը, եւ նշում է, թե Փամփլոնայի քաղաքացիներինՙ բասկերին այնքան էլ հաճելի չի լինի իրենց ազգային հայտնի սովորույթի վերագրումը Մադրիդին եւ իսպանացիներին, ինչպես մեզ, եթե Վարդավառի տոնը վերագրվի որեւէ օտարի, ասենք , թուրքերին:
Մ. Բ.