«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Թուրքիայի հայկական քաղաքականությունն ընդգծված թշնամական է, իսկ ո՞րն է Հայաստանի թուրքական քաղաքականությունը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի արտգործնախարարը վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայիՙ Եվրոմիությանը հնարավոր անդամակցության, Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին անում է հակասական հայտարարություններ:

«Ներկայումս Թուրքիայի ու Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, եւ սահմանը փակ է, ինչը բարդացնում է Հայաստանի տնտեսական դիրքը», ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հոկտեմբերի 19-ին Հռոմում ասել է Վարդան Օսկանյանը: Իտալիայի արտաքին գործերի ինստիտուտի եւ Իտալիայում Հայաստանի դեսպանության համատեղ կազմակերպած «Հարավային Կովկաս. տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը» թեմայով կլոր սեղանի իր ելույթում Օսկանյանը նշել է, որ Եվրոմիությանը Թուրքիայի ինտեգրումը նոր հնարավորություններ կբացի Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցում:

Օսկանյանի ելույթին անդրադարձել է նաեւ CNN-Turk հեռուստաընկերությունը: «Մեր ցանկությունն է, որ Թուրքիա-Հայաստան սահմանադռները բացվեն: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր սահմանների առ այսօր փակ լինելը մեր երկրի տեսանկյունից լուրջ դժվարությունների աղբյուր է: Հայաստանը հոգով եվրոպական երկիր է, ԵՄ-ի չափանիշներին հասնելու ուղղությամբ կարեւոր քայլեր է կատարում: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը դրական զարգացում է լինելու, քանի որ դրանով Եվրոպայի սահմանները մոտենալու են ընդհուպ Հայաստանին: Անկարայի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առումով Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Թուրքիայի համար», ասել է նախարար Օսկանյանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «նախարարը կանգ առավ նաեւ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների առաջադրած հարցերի վրա, ներկայացնելով այդ կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը»: Սակայն հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ է ասել Օսկանյանը: Այդ պատճառով մենք հղում ենք արել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին եւ CNN-Turk-ին:

Եթե Հռոմում Հայաստանի արտգործնախարարը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների փակ լինելու հանգամանքը համարում է բացասական Հայաստանի տնտեսության զարգացման համար, ապա մեկ ամիս առաջ մամուլի ասուլիսում պնդում էր, որ առանց նավթամուղների, գազամուղների, շրջափակման պայմաններում 100 տարի անց էլ Հայաստանի տնտեսությունը զարգանալու է ու զարգանում է: Հիշեցնենք նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը հունիսի 23-ին Եվրոխորհրդում: Պատասխանելով թուրք պատգամավորի հարցին, Քոչարյանը նկատել էր. «Եթե կարծում եք, որ առանց ձեզ գոյատեւել չենք կարող, սխալվում եք: Հայաստանն առանց Թուրքիայի էլ գոյատեւում է եւ նորմալ զարգանում»:

Անշուշտ, պաշտոնյան հայտարարություն անելուց առաջ գիտեր, թե ո՞վ է լսարանը, ո՞ւմ ականջների համար է խոսում: Սակայն, մյուս կողմից, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, հատկապես երբ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ համալիրի են վերաբերում, հաճախ հակասական են:

Այսպես, եթե Հռոմում Օսկանյանն ակնարկում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ցանկալի է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու առումով, ապա հոկտեմբերի 11-ին Երեւանում հայտարարեց, թե Թուրքիան արժանի չէ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններին: «Այն երկիրը, որը փակել է Հայաստանի հետ սահմանը եւ որի քրեական օրենսգրքում պատիժ է նախատեսվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Կիպրոսի տարածքից թուրքական զորքերը դուրս բերելու օգտին արվող արտահայտությունների համար, արժանի չէ այսօր ԵՄ ընդունվելու բանակցությունների իրավունք ստանալու: Մենք գտնում ենք, որ Թուրքիան դրան պատրաստ չէ», ասել էր Օսկանյանը:

Դրանից առաջ, ինչպես Հռոմում արած հայտարարությունն է, արտգործնախարարը տարբեր առիթներով ցանկալի էր համարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Վերջերս, Հայաստանի պաշտպանության նախարարը եւս, Երեւանում ընդունելով Արեւմտաեվրոպական միության փոխնախագահ Մարկո Ձակերային, Հայաստանի համար շահավետ էր համարել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

Ի տարբերություն Երեւանի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հստակ քաղաքականություն է վարում: Այլ խնդիր է, որ այդ քաղաքականությունն ակնհայտ թշնամական է, Անկարան հարաբերությունների հաստատման համար բերում է նախապայմաններ, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի քմահաճույքով, վերջապեսՙ Հայաստանի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում, արդեն 11 տարուց ավելի շրջափակման մեջ պահում, ինչն ագրեսիայի մի տարբերակ է:

Թվում է, Հայաստանն էլ ունի Թուրքիայի հանդեպ հստակ քաղաքականություն: Մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական կապեր հաստատելու առումով Երեւանն ընդունելի է համարում առանց նախապայմանների քաղաքականությունը: Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ապա Հայաստանի պաշտոնյաները մեկ ցանկալի, մեկ անընդունելի են համարում Անկարայի մուտքը Եվրոպա: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին Հայաստանի համար լավ է, թե վատ, այլ խնդիր է: Փաստն այն է, որ անդամակցության հարցում Եվրոպայի համար «հայկական գործոնը» 10-րդական է: Եվրոպան Հայաստանին եւ սփյուռքին չի հարցնելուՙ Թուրքիային ընդունե՞լ իր շարքերում, թե՞ ոչ: Լավագույն դեպքում «հայկական գործոնը» Բրյուսել-Անկարա բանակցություններում կարող է դառնալ սակարկության առարկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4