«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ՕՍԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ

Ռուսական որոշ լրատվամիջոցներ երեկ հաղորդեցին, թե իբր վրաց-հարավօսական սահմանի Էրգնեթի բնակավայրում վրացական կողմից հարձակում է եղել Հայաստանի քաղաքացիների վրա: Ինչպես գրել է «Ազգը» նախորդ համարներում, Վրաստանը անօրինական է համարում ռուս-վրացական սահմանի Ներքին Զամարագ-Ցխինվալ-Էրգնեթի ուղին եւ թույլ չի տալիս հայերին Ռուսաստանից ճանապարհը շարունակել ու հասնել Հայաստան: Մասնավորապես «Ռեգնում» գործակալությունը գրում է, որ ավտոբուսի երկու կին ուղեւորների, երբ մոտեցել են վրաց ոստիկանական կետինՙ հարցնելու, թե ինչու իրենց թույլ չեն տալիս շարունակելու ճանապարհը, վրաց ոստիկանները հայհոյել են եւ ավտոմատի կրակահերթերով ստիպել հեռանալ հարավօսական տարածք: Ըստ «Ռեգնումի», երեկ գիշեր վրացական կողմից դիմակավորված եւ զինված մարդկանց մի խումբ հարձակվել է մեքենաների հայ վարորդների վրա եւ նրանց ծեծել: «Ազգը» Թբիլիսիի վստահելի աղբյուրներից տեղեկացավ, որ ռուսական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը բացահայտ սադրանք է: Նկատենք, որ օսական կողմը վրացական իշխանություններին վարկաբեկելու նպատակով փորձում է օգտագործել անելանելի վիճակում հայտնված հայերին: Չի բացառվում, որ առաջիկա օրերին այլեւայլ սադրանքներ ձեռնարկեն օսերը: Վաղը եռօրյա այցով Վրաստան է մեկնելու Հայաստանի նախագահը: Բնականաբար, սա լավ առիթ կլինի օսերի համարՙ դիմելու սադրանքների եւ մեղադրելու Թբիլիսիի իշխանություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4