«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


«ՊԻԿ ԺԱՄ» ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ իր մեջքը պնդացնող որեւէ իշխանություն երազել անգամ չէր կարող: Ամեն մեկը խոսում է ամեն ինչի մասին, քննադատում ում ցանկանա, պատասխանատվության, դատ ու դատաստանի կանչում ում ուզենա (կարեւոր չէ ոչ իր եւ ոչ էլ դիմացինի տրամաչափը): Երթուղային տաքսու վարորդը, ծուխումուխ անելով տանում-բերում է մարդկանց եւ իշխանություններին ջարդուփշուր անում Իրաք հայ մարդիկ ուղարկելու համար: Դասալիք սպան հայ եկեղեցուն է քննադատում «Եհովայի վկաներ» կազմակերպությանը քննադատելու համար: Սատանայապաշտների հավաքից հենց նոր դուրս եկածը խոսում է Փոսի թատրոնը ծախելու մասին: Բեմ չունեցող արտիստը հարձակվում է «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ կանգնած ճմռթված կանանց հիմնախնդրի վրա: Էս ճմռթվածն էլ նոր լույս տեսած գիրքն է գրախոսում... Էսպես էլ ապրում ենք: Ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ոչ մեկը չի ուզում իր գործն անել...

Բայց, դե, կան մարդիկ, որ իրենց գործն են անում ու եթե անգամ խիստ ենՙ խիստ են իրենց արած-չարածի համար: Այսպես է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի համար: Այսպես է, այսպես միշտ է եղել ու այսպես կլինի: Բնավորություն է:

- Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում,- մեր զրույցի ժամանակ ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Խանդիկյանը:- Թատրոնը ձեւավորված ավանդույթներ ունի, որոնցից ամենակարեւորըՙ բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործությունների բարձրարժեք բեմադրություններ ներկայացնելն է: Մենք մեզ համար ստեղծել ենք մի նշաձող, որից ներքեւ իջնելն ինքներս մեզ երբեք չենք ներում:

Ու պատահական չէ, որ այսօրվա թատերական Հայաստանում (խոսքը զուտ մասնագիտական իմաստով է, թեեւ վատ թատրոնի ականատես կարող ենք լինել ամենուր) Երեւանի դրամատիկական թատրոնը միշտ էլ ունեցել է իր մաքուր ձեռագիրը, հարուստ գիրը: Այս օրերին էլ է հաստատվում թատրոնի ինքնությունը. հոկտեմբերի 23-ին բեմ կելնի Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության բեմադրությունըՙ խառնակ ժամանակների մասին պատմող մի ասք, երբ իշխանատենչության, հարստության մոլուցքով բռնված շեքսպիրյան հերոսները պիտի ապացուցեն, որ մարդկային ամեն մի բարոյական արժեք ոչնչություն է: Ակամա հարաբերության մեջ ես դնում այս ողբերգության միտումը մեր ժամանակների հետ:

- Չէ, այդպես չէ,- ասում է Արմեն Խանդիկյանը:- Մենք անմահ Շեքսպիրի հավերժական այս գործը չենք ուզում «արդիականացնել», զուգահեռներ անցկացնելով մեր ժամանակների հետ: Մեր թատրոնը հանդիսատեսին երբեք ոչինչ չի թելադրել, չի ստիպել: Մենք միայն խորհելու առիթ ենք տալիս, առանց հասարակացնելու այս հզոր գործը:

Այսպես եղել է Երեւանի դրամատիկական թատրոնի 36-ամյա գործունեության ողջ ընթացքում, բոլոր բեմադրությունների ժամանակ: Այսպես է եղել նաեւ շեքսպիրյան գործերի բեմադրություններում: Մինչ օրս այստեղ 6 գործ է բեմադրվել Շեքսպիրիցՙ «Ռիչարդ Երրորդը», «Կարմիր եւ սպիտակ վարդերի պատերազմը» (այս բեմադրությունների հեղինակը թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանն է), «Համլետ», «Հուլիոս Կեսար», «Ռոմեո եւ Ջուլիետ», որոնք բեմադրել է թատրոնի այսօրվա գեղարվեստական ղեկավարը: Եվ, ահա, վեցերորդըՙ «Մակբեթը»: Այս բեմադրության ժամանակ բեմ են դուրս գալու 28 արտիստ:

Ի տարբերություն շատ ու շատ թատրոնների, այստեղ միջոցները միշտ բավարարել են: Ինչպե՞ս: Դա գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի շնորհի՞վ է: Անշուշտ: Բայց միայն սա չէ թատրոնի հաջողությունների, միշտ բարձրում մնալու փաստը:

- Մեր թատրոնն աշխատավայր չէ, գործատեղ չէ,- ասում է Արմեն Խանդիկյանը:- Սա մեր տունն է, որի բնակիչներից ամեն մեկը մեծագույն պատասխանատվությամբ է ներս մտնում այս շենքը:

Դրամատիկական թատրոնին քիչ թե շատ ծանոթ ամեն մեկը կարող է հաստատել Արմեն Խանդիկյանի ասածը: Այստեղ ոչ մեկը երկրորդական չէ, բոլորն էլ պատասխանատուՙ ամեն մեկն իր ոլորտի համար: Եվ ամենախիստ ղեկավարներից մեկըՙ Արմեն Խանդիկյանը, ինչ-որ չափով կարող է հանգիստ լինել, որ գործը չի տապալվի: Ամեն դեպքում նաՙ Արմեն Խանդիկյանը, բոլորին օգնում է: Գիտե, որ բարձր հեղինակություն ունի ամեն տեղ: Ու պատահական չէ, որ թատրոնի հետ կապված բոլոր հարցերում, անգամ թատրոնի շրջակա տարածքներում կատարված ամեն ինչի համար իրենց աջակցությունն են բերում ամենաբարձրաստիճան անձինք, այդ թվումՙ երկրի նախագահը եւ վարչապետը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իսկապես այս թատրոնին նվիրված մարդ է եւ ամեն կերպ աջակցում է:

- Իր երիտասարդական տարիներին մեր թատրոնի բոլոր ներկայացումներին ներկա է եղել,- ասում է Արմեն Խանդիկյանը:- Ու պատահական չէ, որ հիմա էլ ներկա է, գոնե պրեմիերաներին:

Վերջին մեկ տարում Երեւանի դրամատիկական թատրոնը 124 ներկայացում է տվել, ներկայացվել է 16 ստեղծագործություն: Դրանք եւ հին, եւ նոր ներկայացումներ են:

- Հին ներկայացում ասած բանը մեզ մոտ չկա,- շարունակում է Արմեն Խանդիկյանը:- Մենք երկու-երեք-չորս տարին մեկ վերականգնում ենք հները, անգամ գրեթե նոր բեմադրություններ դնում: Այսպես եղավ, օրինակ, «Ռոմեո եւ Ջուլիետի» պարագայում, երբ գրեթե հիմնովին վերափոխված նոր բեմադրություն բեմ հանվեցՙ նոր կատարողներով:

Արմեն Խանդիկյանին պետք չէ բացատրել թատրոնի «ոսկե կանոնները»: Նա դրանք լավ գիտե: Դրանցից մեկն այն է, որ ամեն մի բեմադրություն ժամանակի ընթացքում մաշվում է: Կարեւորն այն է, որ ժամանակին հասցնես «մեխերն ամրացնել»:

Բարդ, անչափ բարդ է ամեն մի թատրոնի «խոհանոց»-ը: Այդպես է նաեւ դրամատիկական թատրոնում: Հին, անգամ փառահեղ ներկայացումների կողքին պետք է ստեղծես նորերը, որպեսզի թատրոնդ չմեռնի, թատրոնը չմեռնի:

- Պետական բյուջեն քիչ գումար կարող է հատկացնել մեզ,- ասում է Արմեն Խանդիկյանը:- Մենք փնտրում ու գտնում ենք հովանավորներ:

Ի տարբերություն ուրիշների, Ղափլանյանի անվան թատրոնի հովանավորներն անհատ անձինք ու մեծահարուստներ չեն, պետական կառույցներն են, որոնք լավ են գիտակցում թատրոնի եւ մասնավորապես Երեւանի դրամատիկական թատրոնի կարեւորությունը:

- Ամեն մի անհատ կարող է հովանավորել, ասենք, մեկ բեմադրություն: Բայց կամա թե ակամա իր ճաշակը կթելադրի մեզ: Երբեմն այդ թելադրանքը կարող է ցածր լինել մեր վերցրած «նշաձողից», իսկ դա նշանակում է հրաժարում մեր սկզբունքներից: Իսկ մենք դրան համաձայնվել չենք կարող: Մենք ցանկանում ենք ազատ լինել ամեն մի պարտադրանքից ու թելադրանքից:

Արմեն Խանդիկյանի խոսքերը հաստատվում են թատրոնի գործունեությամբ: Թեկուզ այն փաստը, որ Ղափլանյանի անվան թատրոնում ոչ մի մշակույթի նախարար կամ փոխնախարար իր պիեսը չի «անցկացրել», թեեւ գուցե լինեն նաեւ նախարարներ կամ փոխեր, որ կարողանան կարգին գործ ստեղծել: Բայց դա հետո գուցե լինի, եթե, իհարկե, լինի: Առայժմ այդպիսի գործեր չեն ներկայացվել...

Երեւանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «պիկ ժամ» է. վաղը նոր բեմադրություն է բեմ ելնում: Չխանգարենք նրանց:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4