Մադրիդում անցկացվող թենիսի մրցաշարում հաջող է մեկնարկել Դավիթ Նալբանդյանը, որը երկու խաղափուլում հաղթեց Սոդերլինգին (7–6, 6–3): Հաջող հանդես եկավ նաեւ Անդրե Աղասին, որի մրցակիցը Մաքսիմ Միրնին էր: Այստեղ էլ երկու խաղափուլը բավարար եղավ հաղթողին ի հայտ բերելու համար: Աղասին մրցակցին հաղթեց 7–6, 6–3 հաշվով:
Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Վերդասկոն, Լյուբիչիչը, Կանյասը, Նադալը, Դյուպուան եւ Պավելը: Հետաքրքրական է, որ մրցաշարի կազմակերպիչները նորամուծություն էին կատարել: Թենիսիստներին գնդակներ մատակարարող տղաների փոխարեն այդ գործը հանձնարարվել էր մանեկենուհիներին: Կազմակերպիչների մտահղացմամբ դա կնպաստեր հանդիպումների ժամանակ հանդիսականների թվի աճին:
Մրցումների առաջին օրը մանեկենուհիները կատարեցին իրենց առաջադրանքը: Սակայն հաջորդ օրն Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը խնդրել էր կազմակերպիչներին դադարեցնել մանեկենուհիների աշխատանքը: Աշխատանքի նախարարությունից ստացված նամակում նշվում է, որ մանեկենուհիների օգտագործման փաստը դիտարկվում է որպես կանանց խտրականություն, քանի որ սովորաբար գնդակներ են մատակարարում տղաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ