«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԸ

Պետությունը պետք է միջամտի մանրածախ գների սահմանմանը

Շուկայական հարաբերությունները դեղորայքի սպառումն անմատչելի դարձրին բնակչության լայն խավերի համար: Գնագոյացման ազատ մեխանիզմով գործող այս ոլորտը եւս ամեն տարի գների բարձրացման նոր անակնկալներ է մատուցում: Հայաստանի դեղագործական շուկայի յուրահատկությունը, թերեւս, ավելացված արժեքի բավական բարձր հարկաչափով (20 տոկոս)ՙ նաեւ դեղորայքի հարկումն է, ինչպես հագուստի ու կոշիկի: Այս հանգամանքը ստվերի խորացմանն ու գնագոյացման քաոսին նպաստող կարեւոր գործոն է դարձել: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովը վերջերս ուղղակի ուսումնասիրություններ է կատարել մայրաքաղաքի դեղատներում եւ հետաքրքրական իրողություն բացահայտել` մեծածախ նույն գներով ներկրված դեղերը տարբեր դեղատներում վաճառվում են մինչեւ 20 տոկոս տարբերությամբ գներով: Կավինտոնի մեծածախ գինը 2785 դրամ է, դեղատներում վաճառվում է 2500-ից մինչեւ 3360 դրամի սահմաններում: Ռոցեֆինի մեծածախ գինը 4180 դրամ է, դեղատներում` 4000-ից մինչեւ 5000 դրամ է: «Ազգի» հարցերին պատասխանում է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը:

- Չե՞ք կարծում, որ ավելացված արժեքի հարկը գոնե դեղերի նկատմամբ չպետք է կիրառվի, քանի որ դեղը սովորական ապրանք չէ: Ստացվում է, որ այս հարկատեսակը կիրառելով, բյուջե ենք լցնում, որպեսզի օգնենք կարիքավորին, բայց նույն այդ կարիքավորը դեղ չի գնում նույն այդ հարկի պատճառով, որովհետեւ բարձրանում են գները:

- Իսկապես, մեր հարեւան Վրաստանում, այդ հարկատեսակն ընդհանրապես հանվել է, Ռուսաստանում 10 տոկոս է, Ադրբեջանում` 18: Հասկանալի է, որ ներկրողը ինչքան հարկ քիչ վճարի, այնքան մատչելի կդառնան գները:

Աժ նախագահին կից առողջապահության խորհուրդը նաեւ այդ հարցն է քննարկել, բայց որպեսզի ճիշտ լուծում տրվի, սեպտեմբերի 23-ին կայացած նիստի որոշմամբ առողջապահության նախարարությանը, հարկային ծառայությանը, մաքսային պետական կոմիտեին հանձնարարվել է ներկայացնել դեղերի շրջանառության վրա ավելացված արժեքի հարկի ներգործության վերլուծությունը: Ընդհանրական այդ վերլուծությունից հետո, նաեւ ներկրողների խոսքը լսելով, որոշակի քայլեր կձեռնարկվեն: Որակյալ եւ մատչելի դեղորայքային սպասարկում ապահովելու համար օրենսդրական բարեփոխումներ են պետք:

Կան երկրներ, ինչպես Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, որտեղ նույնիսկ շուկայի պայմաններում դեղերի գները խստորեն վերահսկում ու կարգավորում է պետությունը: Այդ երկրներում գների կարգավորման մեխանիզմ է գործում` պետությունը սահմանում է դեղամիջոցների միասնական մանրածախ գները եւ դրանց թույլատրելի սահմանները:

Բայց պետությունը պետք է այնպես միջամտի, որ գոնե այդ դեղերի գները իր նշած սահմաններում լինեն, եւ այդ մասին առանձին տեղեկատվություն ապահովի, որ, օրինակ, տվյալ դեղամիջոցը 500 դրամից ավելի չպետք է արժենա: Դեղերի մասին օրենքում նման դրույթ չկա, հիմա դեղերի գները կարգավորելու ու վերահսկելու վերաբերյալ նոր նախագիծ է մշակվել, բայց թե ինչ մեխանիզմով կկիրառվի, արդեն կառավարությունն է որոշելու:

- Անկախ ավելացված արժեքի հարկից, մաքսակետերում նաեւ հսկիչ գներ են սահմանվում, դարձյալ 20 տոկոսի սահմաններում, եւ բացի այդ այս հարկատեսակը գանձվում է անմիջապես այստեղ եւ ոչ թե իրացումից հետո, ինչպես այն երկրերում, որոնց ուզում ենք ընդօրինակել: Ի վերջո, այս բոլոր արատավոր իրողությունները աշխուժացնում են նաեւ կեղծ ու ժամկետանց դեղերի շրջանառությունը:

- Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց ներկրողներն այս մասին տարբեր վերաբերմունք ունեն, մի մասը գտնում է, որ դա ճիշտ է, մյուս մասը` հիմնականում սկսնակները` ոչ: Դրա նպատակահարմարությունն էլ կորոշվի միայն ընդհանուր ուսումնասիրությունների ավարտից հետո:

Ինչ վերաբերում է առավել էժան ճանապարհով ձեռք բերված կեղծ ու ժամկետանց դեղերին, դրանք մատչելի են ցածր գնողունակությամբ բնակչության լայն խավերին, բայց առողջության անվտանգության խնդիրներ կարող են առաջացնել: Ժամանակին ստուգումների կազմակերպման օրենքով առողջապահության նախարարությունը դեղատներում ստուգումներից 3 օր առաջ պետք է զգուշացներ տնտեսվարողին: Վերջերս կառավարությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որով առաջարկում է 3 օր առաջվա այդ նախազգուշացումը հանել: Նաեւ իրավապահների խնդիրն է շուկա դրանց ներթափանցումն ու իրացումը կանխելը: Բայց եթե մենք կարողանանք գների որոշակի մատչելիություն ապահովել, նման խնդիրների առաջ չենք կանգնի:

- Ձեր կարծիքով, ներկրողի կողմից դեղերի կամայական, քաոսային գների առկայության գլխավոր պատճառը, այնուամենայնիվ, ո՞րն է, անկախ նրանից, թե որ շուկան է թելադրում ազատ գնագոյացումը:

- Այդ շուկան նոր է ձեւավորվում մեզանում, եւ մենք չենք կարող համեմատվել զարգացած երկրների հետ, որոնք այս փուլն արդեն անցել են: Սա այն դեպքն է, որ անկախ ազատ շուկայի օրենքներից, պետությունը պետք է միջամտի: Սակայն այս իրողության դեմ միասին պետք է պայքարել: Դա ե՛ւ իրավապահների, ե՛ւ օրենսդրի, ե՛ւ հասարակության խնդիրն է: Որակյալ ու մատչելի դեղ գնելու իրավունքից բացի հասարակությունը նաեւ ահազանգելու պարտականություն ունի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4