«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ԹԻՎ 30 ՇԵՆՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Խմբագրությունը հետեւյալ նամակն է ստացել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից.

«Ազգ» թերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Բնակիչները բողոքում են, իսկ պատասխանատուները պատճառաբանում են վերանորոգման աշխատանքները» հոդվածում բարձրացվածՙ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի ջրամատակարարման գրաֆիկը չպահպանելու հարցի կապակցությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանումներ էր պահանջել Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ. Վոլքլինգից, որին ի պատասխանՙ հանձնաժողովին ուղղված 11.10.2004 թ. N 41/01-950 գրությունում պրն Վոլքլինգը մասնավորապես նշում է.

«Տվյալ տարածքի եւ, մասնավորապես, Լենինգրադյան 30 շենքի ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունն, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է ջրամատակարարման կարգավորման համար կատարվող գոտեւորման աշխատանքներով, որով նպատակ է հետապնդվում բնակչության առավել լայն շրջանակների ջրամատակարարման տեւողության մեծացման եւ ի վերջո մոտ ապագայում շուրջօրյա ջրամատակարարման ապահովման:

Ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին, իրազեկման այլ եղանակներից բացի, Լենինգրադյան 30 շենքի բնակիչները տեղեկացվել են նաեւ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի 10.09.2004 թ. N 41/01/844 գրությամբ»:

Գրությունում պրն Վոլքլինգը նշում է նաեւ, որ Լենինգրադյան 30 շենքի ջրամատակարարման 15-ժամյա գրաֆիկը կվերականգնվի նոյեմբեր ամսվա սկզբին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ծրագրել է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ուսումնասիրել հանձնաժողովի կողմից 2004 թ. ապրիլի 30-ին ընդունվածՙ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջների, ինչպես նաեւ ջրամատակարարման գրաֆիկների պահպանման ընթացքը եւ արդյունքներն ամփոփող հաշվետվությունը քննարկել հանձնաժողովի նիստում:

Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4