Մեծարգո նախագահ,
Ձեր պաշտոնական ելույթներում Դուք բազմիցս նշել եք, որ թեեւ շարունակվելու է Երեւան քաղաքի կառուցապատումը, սակայն դա լինելու է ոչ Դալմայի այգիների հաշվին, որ այդտեղ չի հատվելու ոչ մի ծառ ու թուփ, չի ավերվելու որեւէ կանաչ տարածք:
Ձեր այդ հայտարարությունը մեծ ոգեւորություն առաջացրեց: Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ի հակադրություն Ձեր հավաստումներիՙ Դալմայի այգիները կառուցապատվելու են:
Դալմայի այգիների տարածքը 533 հեկտար է, իսկ պահպանման գոտով հանդերձՙ 780 հեկտար: Ըստ նախատեսվող ծրագրի պահպանվելու է միայն 256 հեկտարը, որը բոլոր կողմերից երիզվելու է շինություններով եւ դառնալու է ճանապարհային հանգույց: Փաստորեն, Դալմայի այգիների այսպես կոչված «գոտեւորման» ծրագիրն իրականում ոչ այլ ինչ է, քան այգիների ոչնչացում:
Դժբախտաբար, առանց լուրջ վերլուծությունների ու քննարկումների, ինչպես նաեւ հաշվի չառնելով հասարակության կարծիքը, շինարարության տակ է դրվում հազարամյակների պատմություն ունեցող, ավանդական երկրագործական, բնապահպանական եւ, ընդհանրապես, բազմաֆունկցիոնալ նշանակության անգնահատելի մի համալիր:
Այդ այգիները ստեղծվել են մեր նախնիների քրտնաջան ու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Նրանք 3000 տարի առաջ կառուցել են 450 եւ 51 մետր երկարության ժայռափոր թունելներ ներառող Դալմայի հայտնի ջրանցքը (գործում է առ այսօր) եւ անջրդի տարածքը դարձրել են ոռոգելի: Այդ հողատարածքը նախնական վիճակի համեմատությամբ ձեռք է բերել որակական նոր հատկանիշներ: Փաստորեն, այդ տարածքը մարդու ձեռքով դարձել է երկրագործության ոսկե ֆոնդ հանդիսացող բնության վերափոխման անգնահատելի մի հուշարձան. հրաշալի մի օրինակ, թե ինչպես կիսաանապատային ղռերը համառ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ կարելի է դարձնել բերրի հողատարածք, ծաղկուն այգի:
Բազմադարյան մշակության արդյունքում մեր նախնիներն այստեղ ընտրել ու զարգացրել են խաղողի, ծիրանի եւ պտղատու բազմաթիվ տեղական սորտեր: Անցյալ դարի պեղումներով հայտնաբերվել են մոտ 3000 տարվա վաղեմության, 800-1000 լ տարողությամբ 400 կարաս, որոնց մեջ պահպանված պտուղների կորիզներով եւ այլ գտածոներով հաստատվել է, որ դրանք մինչեւ այժմ պահպանվել ու աճում են այդ այգիներում:
Այստեղ դեռ կանգուն են նաեւ մոտ 500 տարեկան հաստաբուն վեց կաղնիներ, որոնց մոտակայքում եղած քարանձավը, ըստ պատմաառասպելական տեղեկության, Անահիտ աստվածուհու դիցարանն է: Ըստ ավանդության, արհավիրքների ժամանակ Դալմայի այգիներն աստվածուհին է խնամելՙ զերծ պահելով ավերումներից:
Այդ այգիները նաեւ հիմք են ծառայել Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության բնագավառների գիտական ուսումնասիրությունների համար:
Հայ ժողովրդի մշակութային ժառանգություն Դալմայի այգիների տարածքը մտցված է ՀՀ գիտությունների ակադեմիայի կազմած բնության հուշարձանների ցանկում (1985 թ.), իսկ ՀՀ մշակույթի նախարարության ցուցակներում արձանագրված է որպես մշակութային հուշարձան (Երեւանի քաղաքապետը 2000 թվականին այդ կարգավիճակն ապօրինաբար չեղյալ համարեց): Այգիների տարածքը տեղ է գտել նաեւ ցարական Ռուսաստանի 19-րդ դարի «Հատուկ նշանակության օբյեկտների» շարքում:
Դալմայի այգիների տարածքն իր լանդշաֆտային, գեղագիտական եւ միկրոկլիմայական հատկանիշներով ստեղծում է յուրահատուկ մի համալիր, որը Երեւան քաղաքի համար ծառայում է որպես թթվածին մատակարարող շտեմարանՙ միաժամանակ նվազեցնելով օդում փոշու եւ մյուս անցանկալի նյութերի առկայությունը, ինչպես նաեւ առանձնակի հմայք տալիս մեր մայրաքաղաքին:
Հիմք ընդունելով Դալմայի այգիների բազմաշերտ ու բազմապիսի նշանակությունը, 1990-91 թթ. կասեցվեց դրանց սեփականաշնորհումը եւ օրինական ճանապարհովՙ ՀՀ նախարարների խորհրդի եւ դրան հաջորդած կառավարության որոշումներով, այգու հողատարածքն այգեգործական եւ բանջարաբոստանային կուլտուրաների մշակման նպատակով հանձնվեց վարձակալության:
Ներկայումս Դալմայի այգիների տարածքը զբաղեցված է խաղողի ու պտղատու ծառերի այգիներով եւ մշակաբույսերի դաշտերով:
Այսօր այդտեղ երկրագործությամբ է զբաղվում 1800 վարձակալ, որոնց վարձակալական պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2004-2028 թվականներին:
Չնայած դրան, Երեւանի քաղաքապետարանը, անտեսելով գործող օրենքները եւ ոտնահարելով վարձակալների իրավունքներն ու արժանապատվությունը, որոշ տարածքներ արդեն օտարել է, իսկ առանձին հողամասեր աճուրդի հանել:
Որոշ պաշտոնյաներ իրենց ելույթներում եւ պաշտոնական գրություններում վարձակալական պայմանագրերն ապօրինի են համարում: Ստացվում է, որ նրանք ապօրինի են համարում նաեւ ՀՀ նախարարների խորհրդի եւ դրա իրավահաջորդ կառավարության համապատասխան որոշումները:
Դալմայի այգիների «գոտեւորման» ծրագիրը քաղաքաշինական խոշոր խնդիր է, սակայն դրան վերաբերող պաշտոնական որոշումներն անհատական բնույթի են, այսինքնՙ երկրորդական նշանակություն ունեն:
Գործընթացը ցույց է տալիս, որ Դալմայի այգիների «գոտեւորման» ծրագիրը, դրան վերաբերող որոշումները, այդ տարածքից կատարված հողահատկացումները եւ հողամասերն աճուրդի հանելը, ինչպես նաեւ վարձակալների նկատմամբ անխիղճ ու անմարդկային վերաբերմունքը հակասում են ՀՀ սահմանադրությանը, հողային եւ քաղաքացիական օրենսգրքերին, քաղաքաշինության, շրջակա միջավայրի վրա ազդեցության էկոլոգիական փորձաքննության, իրավական ակտերի մասին օրենքներին, բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմնադրույթներին եւ այլ օրենքների, ինչպես նաեւ ՀՀ վավերացրած միջազգային մի շարք կոնվենցիաների:
Հարգելի նախագահ, վստահ ենք, որ Դուք, հավատարիմ մնալով Ձեր կոչմանն ու խոստումներին, կկասեցնեք Դալմայի այգիների հետ կապված ապօրինությունները եւ կսանձեք այն պաշտոնյաներին, որոնք հարգալից վերաբերմունք չունեն մեր օրենքների ու մեր ժողովրդի հանդեպ եւ ազգային ու պետական շահերը ստորադասում են անձնականին, Դալմայի այգիների «գոտեւորման» ծրագրի մանրազնին ու բազմակողմանի վերլուծությունների ու քննարկումների համար պայմաններ կստեղծեք եւ կնպաստեք հայ ժողովրդի համար անգնահատելի արժեք հանդիսացող Դալմայի այգիների պահպանմանը եւ գալիք սերունդներին հանձնելուն:
Դալմայի այգիների պաշտպանության կոմիտեի անդամներիցՙ
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ՇԻՐԻՆՅԱՆ
ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ