ԼՂՀ Ազգային Ժողովը հոկտեմբերի 20-ին գումարեց իր հերթական լիագումար նիստը:
Նախ լրացում կատարվեց 9-րդ նստաշրջանի օրենսդրական գործունեության ծրագրումՙ օրակարգ մտցվելով «1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական եւ սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրինագիծը:
Պատգամավորներն առաջինը քննարկեցին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Այն խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց կառավարության լիազոր ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հիմնավորելով օրինագծով նախատեսված դրույթները, Ս. Օհանյանը կոչ արեց պատգամավորներին ընդունել օրենքը վերջնական տեսքով: Էական առարկություններ չհարուցելով, օրինագիծն այդ տեսքով էլ ընդունվեց:
Առարկություններ չեղան նաեւ «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրինագծերը քննարկելու ժամանակ: ԱԺ արտաքին հարաբերությունների եւ լրատվության հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը դրանց առնչությամբ նշեց, որ այդ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բխում է ինչպես «Քաղաքացիական օրենսգրքի» պահանջներից, այնպես էլ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակադրությունից, որն, ի դեպ, դրված է հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի հիմքում: Նշված օրինագծերը ընդունվեցին միաձայն:
Լրացուցիչ օրակարգ մտցված օրենքի նախագիծը եւս ընդունվեց համարյա միաձայն: Միակ առարկությունը օրենքի անվանման խմբագրման պահանջադրության մեջ էր, որը սակայն թողնվեց անփոփոխ:
Լուրջ քննարկման առիթ դարձավ ընտրական օրենսգրքի նախագիծը: Պատգամավորները համակարծիք լինելով համամասնական ընտրակարգի ներմուծմանը, տարբեր տեսակետներ արտահայտեցին համամասնությունների առումով: Որոշ պատգամավորներ գտնում էին, որ խորհրդարանում քաղաքական համամասնությունը պետք է մեկով գերազանցի մեծամասնականի թվին: Պատգամավորների մի մասն էլ գտնում էր, որ քանի դեռ ԼՂՀ-ում քաղաքական դաշտը չի կայացել, պետք է գերապատվությունը տալ մեծամասնական հատվածին: Իսկ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն առաջարկեց այնպիսի ցենզեր ամրագրել նոր օրենսգրքում, որոնք, մասնավորապես, պարտադրեն պատգամավորի առողջական վիճակի առկայությունը, ինչպես նաեւ հատուկ հանցագործությունների համար դատվածություն ունեցողներին արգելեն թեկնածու առաջադրվել:
Առաջարկություն եղավ օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ: Այս կապակցությամբ որոշ տարաձայնություններ եղան վերջնամշակման ժամկետի առումով: Տեւական քննարկումներից հետո խորհրդարանը որոշեց խնդրո առարկայի վերաբերյալ առաջարկությունների ընդունման ժամկետ նշանակել մինչեւ նոյեմբերի 10-ը, իսկ հաջորդ լիագումար նիստում արդեն պատրաստ նախագիծը դնել խորհրդարանի քննարկմանը:
Մյուս օրինագծերը, որոնք հիմնականում ընդունվեցին լրիվ տեսքով, վերաբերում էին սոցիալական եւ արտադրական ոլորտներին:
Վերջում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ