«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2004-10-19 | #185, 2004-10-20 | #186, 2004-10-21


ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՐԱՎԻՐՎԵՑ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ

Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկելով որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման

Երեկ թուրքական թերթերի ուշադրության կենտրոնում էր Եվրոպահայերի առաջին համագումարը, որը հրավիրվել է Եվրոխորհրդարանի շենքում: Նախորդ օրը համագումարին անդրադարձել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը: Հատկանշական է, որ համագումարի նախօրեին Եվրոհանձնաժողովը զեկուցագրով Եվրոմիությանն առաջարկեց անդամակցության բանակցություններ սկսել Թուրքիայի հետ:

Նկատի ունենալով եվրոպահայ կառույցների վերաբերմունքը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցություններին, կարելի է ասել, որ համագումարի հրավիրումը զեկուցագրի հրապարակումից հետո ամենեւին էլ սովորական զուգադիպություն չէ:

Երկօրյա այս համագումարը կազմակերպել է Բրյուսելում տեղակայված Եվրոպահայերի ֆեդերացիան, Եվրոխորհրդարանում միացյալ ձախերի խմբի ղեկավար, ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսիս Վյուլցի անմիջական աջակցությամբ: Համագումարի աշխատանքներին եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մասնակցել են Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը եւ եվրոպացի խորհրդարանականները:

Թուրքական «Ռադիկալ» թերթը հոկտեմբերի 20-ի համարում, անդրադառնալով համագումարին, նշում է, որ թեեւ նրա օրակարգում Թուրքիայի մասին որեւէ ակնարկ չկար, սակայն եզրափակիչ հայտարարությամբ պահանջվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ըստ «Ռադիկալի», ԵՄ-ի անդամ 25 պետությունների ղեկավարների համար նախատեսված հայտարարության տեքստում համագումարը պահանջում է Թուրքիային չընդունել ԵՄ-ի կազմումՙ մինչեւ Հայոց ցեղասպանության ճանաչելը, ապա եւ մատնանշում. «Հայաստանը խաղաղասեր երկիր է, մարդու իրավունքները հարգող, իսկ Թուրքիան խուսափում է կատարել բարիդրացիական հարաբերությունների տարրական նորմերը, թուրքական բանտերում շարունակվում են խոշտանգումները, ճնշումների են ենթարկվում կրոնական փոքրամասնությունները, երկրում հետեւողականորեն ոչնչացվում են հայկական հուշարձանները, թուրքական քրեական նոր օրենսգրքով պատիժ է սահմանվում նրանց, ովքեր կարտահայտվեն Հայոց ցեղասպանության մասին, եւ ավելի քան 30 տարի բռնազավթված է Կիպրոսը»:

Բացի թուրքական թերթերից, Եվրոպահայերի առաջին համագումարին անդրադարձել է նաեւ BBC-ի թուրքական ծառայությունը, ավելինՙ հարցերով դիմել ՀՀ փոխարտգործնախարարին, ստանալով հետաքրքրական պատասխաններ: Մինչ Շուգարյանի պատասխաններին անդրադառնալը նշենք, որ BBC-ի թուրքական ծառայության տեղեկությամբ առաջին օրը համագումարում առանձին երկու նիստով քննարկվել են «Եվրոպայում բնակվող հայերի մշակույթի եւ ինքնության», «ԵՄ-Հայաստան հարաբերություններին» առնչվող հարցերը: Երկրորդ օրը քննարկման է դրվել ԵՄ-ի ընդարձակման գործընթացին առնչվող հարցը:

BBC-ի թուրքական ծառայությունը համագումարի եզրափակիչ հայտարարության մասին բացարձակապես չի հիշատակում, թերեւս դրանով էլ տարբերվում է թուրքական թերթերից: Ինչ վերաբերում է նրա հարցերին, ապա Շուգարյանը պատասխանելով դրանց, վերստին կրկնել է Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի երկխոսություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:

Այնուհետեւ նա ավելացրել է. «Սակայն Թուրքիան բանակցություններին կառուցողական մոտեցում չի ցուցաբերում: Հայ-թուրքական սահմանի բացումը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով, պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Մենք ցեղասպանության ճանաչումը Թուրքիային որպես նախապայման չենք առաջադրում: Սակայն ճանաչման հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգում է: Մենք ձգտում ենք, որ միջազգային կազմակերպություններն ու պետությունները ճանաչեն ցեղասպանությունը, որովհետեւ ճանաչումը դիտարկում ենք իբրեւ Հայաստանի անվտանգության երաշխիք: Թերեւս Հայաստանի համար լավագույն երաշխիքը կլիներ այն, որ ցեղասպանությունը ճանաչեր Թուրքիան: Դրանով հանդերձ, դա նախապայման չէ: Այս կարգի հարցերը պատրաստ ենք քննարկել դիվանագիտական նորմալ հարաբերությունների հաստատումից հետո»:

ՀՀ փոխարտգործնախարար Շուգարյանի պատասխանները թեեւ տրամաբանական են, բայց եւ այնպես հակասում են Եվրոպահայերի առաջին համագումարի տրամադրություններին, որքան էլ համագումարը փորձի Հայոց ցեղասպանությունը որպես նախապայման Թուրքիային առաջադրել ԵՄ-ին անդամակցության համար: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ եթե Հայաստանը որպես նախապայման Թուրքիային չի առաջադրում Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչո՞ւ պիտի առաջադրեն ԵՄ-ի անդամ պետությունները, այն էլ ելնելով Եվրոպահայերի համագումարի պահանջներից: Թերեւս այդ հարցին, թեկուզ մասնակի, կպատասխաներ համագումարում Ռուբեն Շուգարյանի ելույթը, սակայն դրան չեն արձագանքել ոչ թուրքական թերթերը, ոչ էլ BBC-ի թուրքական ծառայությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4