Գրիգոր Ջանյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման
Այս տարի ապրիլի 2-ին Երեւանի ճոպանուղում տեղի ունեցած վթարը տեխնիկական անհրաժեշտ նորոգում չիրականացնելու հետեւանք էր, որը պատճառ դարձավ 5 մարդու մահվան, եւս 7-ի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների: Պատասխանատվությունը կրում է «Ճոպանուղի» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Ջանյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 245 հոդվածի երրորդ կետի համաձայն (անզգուշորեն տրանսպորտի միջոցներն անորակ նորոգել կամ դրանք անսարք շահագործել): Մեղադրող կողմը պահանջում էր 7 տարվա ազատազրկում եւ վնասի լիակատար հատուցում: Տուժածներից միայն մեկի ՙ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալի Ակբար Զարեհի իրավահաջորդը պահանջում էր 50 հազար ԱՄՆ դոլարի չափով հատուցում:
Երեկ առաջին ատյանի դատարանը կայացրեց Գրիգոր Ջանյանին 5 տարի 6 ամսով ազատազրկելու որոշում: Վնասի հատուցումը մի դեպքում մասնակի, մյուս դեպքում ամբողջությամբ պետք է իրականացվի դատարանի վճռի համաձայն, իսկ Ալի Ակբար Զարեհի իրավահաջորդը կստանա 5 հազար 750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատուցում:
Ն. Պ.