«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2004-10-20 | #186, 2004-10-21 | #187, 2004-10-22


ՍՈՒՐԵՆ ՇԱԽԻՋԱՆՅԱՆ. «ԵՍ ԵՐԵՎԱՆԻՑ ԽՌՈՎԱԾ ՉԵՄ ԳՆԱՑԵԼ»

Երեւանում էր, այսօր արտերկրներում լայն ճանաչում եւ արժանիորեն գնահատված Սուրեն Շախիջանյանը. Հանդիպեցինք: Ժամեր տեւեց մեր զրույցը իր անցած ուղու, դժվարությունների հաղթահարման ճանապարհով ինքնահաստատման, ձեռքբերումների, փորձի մասին: Կարեւորը զրույցի լեյտթեման էր` Հայաստանում ասպարեզ ելած խոստումնալից երգիչ-երգչուհիներին իր փորձի, ձեռքբերումների փոխանցման մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը:

Սուրեն Շախիջանյանն ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ճանաչված մանկավարժ, պրոֆեսոր Մարիանա Հարությունյանի դասարանում: Օժտված լինելով ոչ հաճախ հանդիպող բաս ձայնով, այն էլ այդպիսի խորունկ, յուրօրինակ թավշյա հնչողությամբ բասով, նա արդեն այս տարիներին ներկայանում էր շատ խոստումնալից ուսանող: 1993-ին մեկնեց Փարիզ, ուսումը շարունակելու Ֆրանսիայի մայրաքաղաքի երաժշտության ու պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում (Conservateire National Superiem de Musigue et de Danse de Paris), ուր պատրաստում են, հիմնականում օպերային երգիչ - երգչուհիներ: Մրցությունը մեծ էր: Ընդունելության, ինչպես եւ փոխադրական քննությունները տեղի են ունենում համբավավոր երգիչների ներկայությամբ: Սուրեն Շախիջանյանն ընդունվեց: Չունենալով, սակայն, Փարիզում ապրելու ոչ մի հնարավորություն, մտածեց վերադառնալ Երեւան: Իր խոսքերով ասած, «ինձ համար կարեւոր եղավ ընդունվելը»: Սակայն, ինչպես օրինաչափ է կյանքում` մարդուն օգնում է մարդը... Շախիջանյանը Փարիզում ունեցավ նաեւ մարդկային այդ օգնությունը: Ուսուցիչը` բուրգոնյան տոհմից սերված Ժան Բերբիեն, որի մոտ երազում էր սովորել Սուրենը, դարձավ ոչ միայն ուսման իր ղեկավարը, այլ նաեւ հարազատ, ծնող: Եվ մինչեւ կստեղծվեր ապրելու այս կամ այն հնարավորությունը, կկարողանար ինչ-որ ձեւով խոսել ֆրանսերեն (հիմա Սուրենը գերազանց է տիրապետում ֆրանսերենին) նա երիտասարդ երգչին հնարավորություն տվեց ապրելու իր տանը: Ապրեց, Շախիջանյանի խոսքերով ասած, աշխատանքային դաժան պայմաններում:

Ինչքան էլ փոխվեն ժամանակները, շնորհվածությունն ու աշխատանքն իրենն ասում են: Երեք տարի այդ կոնսերվատորիայում ուսանելուց, ապա բարձրագույն ցիկլն անցնելուց հետո, Սուրեն Շախիջանյանն ընդունվեց Փարիզի օպերայի երիտասարդների խումբը: Սկզբում երկրորդային դերակատարումներ նշանավոր օպերաներում, ինչը նույնպես օրինաչափ է ինքնահաստատման գնացող արտիստի համար: Մասնակցեց Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք», «Առեւանգումը հարեմից», Դեբյուսիի «Պելեաս եւ Մելիզանդա», Պրոկոֆեւի «Սեր ընդ երեք նարինջը», Վերդիի «Դոն Կարլոս» եւ այլ օպերաներում: Տաղանդաշատ երգչի արտիստական առաջընթացի լավագույն օրինակներից է, թերեւս Վերդիի «Դոն Կարլոս»ը, ուր նա ինկվիզիտորի փոքրիկ դերամասից այսօր գլխավոր դերերգերից մեկի` Ֆիլիպ երկրորդի գերազանց մարմնավորողն է:

Ընդհանրապես այսօրը շատ է բեղուն ու բովանդակալից հայազգի երգչի ստեղծագործական կյանքում: Բաս ձայնի հանրահայտ դժվար ու բարդ դերերգերի բեմական մարմնավորումներ Եվրոպայի նշանավոր օպերային թատրոններում. միայն վերջերս Ստոկհոլմի օպերային թատրոնում 20 անգամ երգեց Պուչչինիի «Բոհեմա»-ում, մասնակցություններ ու հաղթանակներ նույնպես նշանավոր մրցույթներում ու փառատոներում: Նշենք, օրինակ, Բրյուսելում Ելիզավետա թագուհու անվան մրցույթը, կամ Պիեռ Գարդենի փառատոնը, կամ Իսպանիայում վերջերս կայացած փառատոնը: Այստեղ Շախիջանյանը հանդես է գալիս նաեւ կամերային ստեղծագործությունների կատարմամբ ու դարձյալ հաղթանակներ ու բարձր գնահատություններ: Կարեւոր է, անշուշտ, նաեւ այն, որ հայազգի երգիչն իր երգեցողական կարողությունները փորձում է լիարժեք իրականացնել նաեւ անսամբլային դասական քիչ հնչող երկերում, ինչպիսիք են, ասենք, Մոցարտի կամ Բրամսի կվարտետները:

Վերջերս Փարիզում ունկնդրեցի Չայկովսկու ռոմանսների Սուրեն Շախիջանյանի կատարման լազերային ձայներիզը: Անչափ հուզական ու արդիական, գեղարվեստական բարձր ճաշակով ու վարպետությամբ էին հնչում ռուսական դասականի սիրելի այդ երկերը: «Հարմոնիա Մունդի» ֆիրմայի թողարկած այս ձայներիզը, որպես տարվա լավագույն ձայնագրություն արժանացավ Ֆիշեր Դիսկաուի անվան մրցանակին: Եվ, եթե նշենք, որ մրցանակը Շախիջանյանին հանձնել է աշխարհահռչակ Ջոան Սազերլանդը, երեւի պարզ կլինի, թե որչափ հեղինակավոր է այդ մրցանակը:

Անմոռաց են վերջին տարիների նրա կատարումները Երեւանում. Ռամֆիսի դերամասը Վերդիի «Աիդա» օպերայի համերգային կատարմամբ, որ իրագործեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ եւ Վերդիի Ռեքվիեմի նրա մասնակցությունը: Չհպարտանալ այս ամենով անհնար է...

Կարծում եմ ընթերցողին հետաքրքիր կլինի մեր զրույցի մի քանի դրվագները.

- Ինչո՞վ դու գնացիր Հայաստանից, Սուրեն:

- Ջղայն չգնացի, գնացի իմ ուսման թափանցիկ մաքրությամբ, իմ ուսուցիչների` ուսումնարանում Վլադիմիր Խաչատրյանի, կոնսերվատորիայում` Մարիանա Հարությունյանի հաղորդած գիտելիքներով: Մարիանան մի օրում իմ մեջ զարթեցրեց երաժշտին:

- Ի՞նչ տվեց քեզ Փարիզը, Սուրեն:

- Անշուշտ երգելու շատ նոր հայտնություններ: Իմ նոր ուսուցչուհին, Ժան Բերբիեն շարունակ պնդում էր «Ինքդ գտիր քո երգացանկը»: Օգտակար եղավ նրա մեկ այլ խորհուրդը նույնպես «Երգիր ոչ թե շնչառությամբ, այլ շնչառության մեջ...»:

Փարիզն իմ մեջ ներմուծեց գեղեցկություն, ամենուրեք գեղեցկություն եւ, հատկապես, մարդկային փոխհարաբերություններում: Ես ինձ օտար չզգացի: Հասկացա, որ երգիչը բացի երաժշտությունից պետք է լավ իմանա նաեւ պոեզիա, գրականություն, կերպարվեստ, լեզուներ, ասեմ նաեւ սպորտ, սուսերամարզություն, Մարսել Մարսոյի արվեստը եւ շատշատ ուրիշ բաներ:

- Ինչով կամ ինչպես եք գալիս Հայաստան:

- Անկեղծ ասած, ես սիրով կապրեի եւ կստեղծագործեի Հայաստանում, իհարկե երգելով նաեւ դրսում:

Ուզում եմ օգտակար լինել Հայաստանին: Իմ երազանքն է անտրեպրենյորային (մասնավոր թատերական) շարժուն կոլեկտիվ ստեղծել երիտասարդ երգիչ-երգչուհիների համար, ուր դասական ստեղծագործությունների հետ հնչեն նաեւ ժամանակակից գործեր, ուր երգիչները կարողանան պարել, նկարել տիրապետեն մնջախաղի արվեստին, լեզուների:

Ես սիրով մի քանի անգամ «վարպետության դասեր» տվեցի: Սիրով կպարապեի Էդվարդ Թոփչյանի իրականացրած Պուչչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային բոլոր կատարողների հետ:

Երգում եմ Կոմիտաս, կուզեմ երգել ամենուրեք: Ծրագրել եմ կատարել Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանսները, ձայնագրել Գյոթեի բանաստեղծություններով եղանակավորված վոկալ ստեղծագործությունները ուր տեղ կունենա նաեւ հայ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի «Կարմիր վարդը» ռոմանսը:

Հանդիպման վերջում ես ստեղծագործական նոր հաջողություններ ցանկացա Սուրեն Շախիջանյանին: Այդ հաջողությունները նաեւ մերն են, նաեւ մեր հպարտությունը:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4