«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2004-10-20 | #186, 2004-10-21 | #187, 2004-10-22


ՄԱՇՏՈՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Երեկ Արագածոտնի մարզի Օշական գյուղում, ավանդույթի համաձայն, այնտեղ, որտեղ ամփոփված է Մեսրոպ Մաշտոցի սուրբ աճյունը, կայացան 6-րդ մաշտոցյան ընթերցումները: Ինչպես Թարգմանչաց տոնը, այնպես էլ մաշտոցյան ընթերցումներն իրենց խորին խորհուրդներն ունեն, որոնք մեր արժանավոր նախնիների գործի շարունակության ակնառու ապացույցներն են: Միջոցառման մասնակիցներն էինՙ ակադեմիկոսներ, գիտնականներ, գրականագետներ, հայագետներ եւ այլք: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Թորգոմ աբեղա Տոնիկյանի գլխավորությամբ այցելեցին Մ. Մաշտոցի գերեզմանին ու ծաղիկներով զարդարեցին այն: Քիչ անց Մեսրոպ Մաշտոց դպրատանը Նավասարդ եպս. Կճոյանի բացման խոսքով սկսվեցին մաշտոցյան 6-րդ ընթերցումները: Այս տարի այն նվիրվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության 5-րդ տարեդարձին, եւ սրբազանը ներկաներին փոխանցեց վեհափառ հայրապետի խոսքըՙ Թարգմանչաց տոնի խորհրդին: Թորգոմ աբեղա Տոնիկյանն իր ելույթում մանրամասն անդրադարձավ վեհափառի գահակալության 5 տարիներին կատարած աշխատանքին, իսկ սրբազանը ներկայացրեց «Օշականյան դպրատունը մաշտոցյան գործի առհավատչյա» ծավալուն ելույթը: Շուրջ 25 ելույթների եւ զեկույցների հիմքում ընկած էին հայկական այբուբենի ստեղծումը, հայկական տարազը 57-րդ դարերում, մաշտոցյան եւ պարթեւյան շարականները, սրբոց Թարգմանչաց գանձարանային կանոնները, Մ. Մաշտոցի կերպարը կերպարվեստում եւ շատ ուրիշ ուշագրավ ու հետաքրքրական տեղեկություններ:

Դարերի ընթացքում պալատներ, եկեղեցիներ քանդվեցին ու խորտակվեցին, սակայն սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած 36 տառերը մնացին կանգունՙ պարգեւելով հային անմահություն, եւ այսօր էլ Թարգմանչաց տոնի միջոցով մաշտոցյան ընթերցումները հաստատում են, որ մենք պիտի վերազինվենք, ներշնչվենք այդ սուրբ խորհրդով, որ իրավամբ կա մեր մեջ... Ավանդույթ դարձած ընթերցումները հետապնդում են մի նպատակՙ վերարթնացնենք այն հզոր, 1600 տարիների պատմության ոսկեդարյա ժառանգությունը եւ այն փոխանցենք սերնդեսերունդ, եւ հայագիտությունը հասցնենք նոր բարձունքների:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4