«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2004-10-20 | #186, 2004-10-21 | #187, 2004-10-22


ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԽՆԴԻՐԸ ՄՆՈՒՄ Է ԱՆԼՈՒԾԵԼԻ

Քանի դեռ ավտոբուս ու չվացուցակ չկա, վիճակը սա է լինելու

Ծայրահեղ բեւեռացումը, որ առկա է արտասովոր հարստության ու արտասովոր աղքատության միջեւ, նույնպիսի սահմանագիծ է առաջացրել նաեւ երեւանցիների տեղաշարժի հարցում: Ծառայողական մեքենաներով փոխադրվողները, ում վերապահված է տրանսպորտի հարցի լուծումը, բավարարվում են միայն ժամանակավոր, հպանցիկ որոշումներով, որոնք այդպես էլ չեն մեղմացնում այս ասպարեզում տիրող քաոսը: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանից «Ազգը» դարձյալ փորձեց տեղեկանալ իշխանությունների առաջիկայում ձեռնարկելիք միջոցառումների մասին:

- Քաղաքային տրանսպորտի աշխատանքը պիտի որ ղեկավարվի ուղեւորափոխադրումների հոսքերի հաշվառման, ուղեւորափոխադրումների զարգացման սխեմաներով: Ներկա վիճակը նկատի առնելով, չի կարելի ենթադրել, թե այդպես է: Հենց վերջերսՙ ուսումնական տարին սկսելուն պես գրեթե անհնար դարձավ տրանսպորտից օգտվելը:

- Դրանք բավական բարդ ու լուրջ միջոցներ, գիտական աշխատանք պահանջող միջոցառումներ են: Դրա համար հարյուրավոր խմբեր պիտի ուսումնասիրեն քաղաքի տարբեր հատվածները: Կառավարությանը կից տնտեսագիտության ինստիտուտի հետ պայմանագիր է կնքվել, այդ խմբերն արդեն ձեւավորվել են, եւ մինչեւ նոյեմբերի 15-ն այդ վերլուծությունների հիման վրա մենք կկարողանանք չվացուցակ կազմել: Միայն դրա գոյության շնորհիվ մենք կարող ենք ճշգրիտ ասել, թե, ենթադրենք, առաջին ավտոբուսային երթուղուն քանի մեքենա է անհրաժեշտ: Այդ չվացուցակը եւ երթուղային սխեմաները վերջին անգամ հաստատվել են 2001 թ: Պարզ է, որ դրանք ուղեւորահոսքերի լիարժեք պատկերը չեն արտահայտում:

- Այսօր փաստորեն քաղաքային տրանսպորտը, ավելի ճիշտ, միկրոավտոբուսները միայն վերջնականգառների բնակիչների համար են: Միջնականգառներում ապրողները, հատկապես երեկոյան ու առավոտյան, չեն կարողանում օգտվել: Մինչեւ չվացուցակի կազմումը հնարավոր չէ՞ որոշակի վերաբաշխումներ անել, ասենք, ավելացնել միկրոավտոբուսների քանակը:

- Շատ ճիշտ է, բայց նորմալ քաղաքներում ուղեւորափոխադրումն իրականացվում է մեծ տեղատարողությամբ շարժակազմերով` ավտոբուսով, տրոլեյբուսով, տրամվայով: Ցավոք, ավտոբուսային սպասարկում կատարող տնտեսությունները մեզանում համարյա թե հրաժարվեցին աշխատել: Պատճառը հարկային օրենքների եւ տրանսպորտի օրենքում մեծ վակուումի առկայությունն է: Եթե նախկինում ուղեւորատար տրանսպորտը պետությունից դոտացիա էր ստանում, շարժակազմ ու նույնիսկ պահեստամասեր, 1997 թ. ոչ միայն ամեն ինչ վերացավ, այլեւ տնտեսվարող այս սուբյեկտները սկսեցին պետությանը հարկ տալ` սկզբում ավելացված արժեքի հարկ, հետո` հաստատագրված վճարներ: Այդ կազմակերպությունները, որոնք նույնիսկ ի վիճակի չէին իրենց պաշտպանել, դեռ պետությանն էլ փող պիտի տային: Այսօր մենք օրենքում փոփոխություն կատարելու փաստաթուղթ ենք մշակել, բացառության կարգովՙ մեծ տարողություն ունեցող ավտոբուսներին հաստատագրված վճարից ազատելու վերաբերյալ: Եվ բացի այդ, 1997թ. առ այսօր հասարակական տրանսպորտի փոխադրման վճարը մնացել է նույնը: Նկատի առնենք, որ ծախսերի 80 տոկոսը կապվում է վառելիքի հետ, իսկ դիզելային վառելիքն այդ ժամանակ 95 դրամ արժեր, այսօր արժի 230 դրամ:

- Անկախ փոխադրամիջոցների անբավարարությունից, վարորդները եւս խիստ կամայական, անթույլատրելի վարք ու բարք են դրսեւորում: Հենց իրենց իսկ բացատրությամբ, երեկոյան ժամերին պարզապես երթուղի դուրս չեն գալիս, որովհետեւ հոգնում են, հնարավոր չէ՞ հերթափոխային աշխատանք սահմանել:

- Այսօրվա շրջափակման պայմաններում ավելին պահանջել անհնար է: Եթե ճամփաները բաց լինեին, վառելիքն ու պահեստամասերը այս գներով չէին գա: Ձեզ թվում է մեքենան 24 ժամ աշխատելու հնարավորություն ունի՞, վարորդն իրավունք էլ չունի այդ գրաֆիկով աշխատելու: Մենք համալրումներ ենք ուզում անել, բայց շարժակազմ չկա, որ համալրի: Մի տեղից մյուսը բեռնվածության փոխադրումներ ենք անում, բայց միեւնույն է, չի բավարարում: Այդպես էլ պիտի լինի: Միկրոավտոբուսներով Երեւանը չի սպասարկվի, պետք են մեծ տարողությամբ ավտոբուսներ: Դուք նկատե՞լ եք, որ միկրոավտոբուսները գնացքի նման գրեթե իրար կպած են գալիս, բայց չեն բավարարում ու չեն էլ բավարարի: Ավտոբուս եթե չկա, վիճակը սա է լինելու: Բարերարներ, դոնորներ ու ձեռներեցներ չկան, որովհետեւ հարկային դաշտն էլ այն չէ:

- Ինչքա՞ն ավտոբուս է պետք Երեւանին նորմալ սպասարկման համար:

- 2004-2007 թթ. ծրագրով` Երեւանում մոտ նվազագույնը 1000 ավտոբուս պիտի աշխատի: Ֆլորենցիայից անցած ամիս 3 ավտոբուս եկավ, խոստացել էին 15-ը, 3-ը եկավ: Բանակցում ենք Ուկրաինայի հետ, այնտեղից մեքենաներ ներկրելու համար: Միկրոավտոբուսները աստիճանաբար իրենց տեղը պիտի զիջեն ավտոբուսներին, կյանքը կստիպի դա:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4