Կառավարությունը չի վերանայի այգիների կառուցապատման որոշումը
Կառավարությունը երեկ դարձյալ անդրադարձել է Դալմայի այգիներին: Ընդունված որոշման մասին լրագրողներին մանրամասներ հաղորդեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նա նախ հիշեցրեց կառավարության նախորդ որոշումը, որով հանձնարարվել էր Երեւանի քաղաքապետարանին գույքագրման աշխատանքներ կատարել վարձակալության տրված տարածքներում: Պարզվել է, որ պահպանման ենթակա 256 հա-ի վրա հողամասեր են վարձակալել 581 հոգի: Նրանք պայմանագրեր են կնքել նախկին շրջխորհուրդների եւ համայնքապետարանների հետ ու վարձակալությամբ հողամասեր վերցրել: Չնայած, ըստ քաղաքապետի, դրանք իրավական ուժ չեն ունեցել եւ կադաստրում գրանցված չեն: Համաձայն կառավարության որոշման, այդ վարձակալները քաղաքապետարանի հետ 10 տարի ժամկետով պետք է վերակնքեն պայմանագրերը, որոնք արդեն կստանան կադաստրային գրանցում: Թե ինչո՞ւ 10 տարի ժամկետով եւ ի՞նչ պետք է լինի այդ ժամկետի ավարտից հետոՙ քաղաքապետը անորոշ պատասխան տվեց, ասելով, որ դա կորոշվի 10 տարի հետո:
Միաժամանակ քաղաքապետը նշեց, որ այդ 256 հա-ից ոչ բոլոր հողերն են վարձակալված: Չվարձակալված տարածքները պետք է անտառապատվեն: Պահպանվող տարածքում արգելվելու են կառուցապատման աշխատանքներ կատարելը: Ինչ վերաբերում է վերոնշյալ 256 հա-ից դուրս գտնվող տարածքում հողամաս ունեցողներին, ապա նրանց կտրվի փոխհատուցում, իսկ տարածքը, դարձյալ կառավարության որոշմամբ, կառուցապատման նպատակով տրվել է Երեւանի քաղաքապետարանին: Երվանդ Զախարյանը նշեց, որ այդ տարածքը կառուցապատվելու եւ կանաչապատվելու է, ինչպես նաեւ այդտեղ ճանապարհ է կառուցվելու: Տեղեկացվեց նաեւ, որ արդեն 25 վարձակալներ փոխհատուցում են ստացել եւ գոհ են:
«Ազգի» այն հարցին, թե կառավարությունը չի՞ ցանկանում արձագանքել մի շարք հայտնի մտավորականների բաց նամակին, որտեղ կոչ էր արվում վերանայել Դալմայի այգիների կառուցապատման ծրագիրը, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, որ կառավարության որոշումները պետք է վերանայվեն: «Կառավարության որոշումները ենթակա են կատարման եւ մենք կատարում ենք», կառավարության անսխալականության մասին իր կարծիքը վերահաստատեց քաղաքապետը: «Որքա՞ն տարածք է հայտնվելու կառուցապատման տակ եւ որքա՞ն է կազմում Դալմայի այգիների ընդհանուր տարածքը» մեր հաջորդ հարցին Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ կառավարությունում Դալմայի այգիների տարածքի չափը հստակ արձանագրված չէ: Տարբեր տվյալներով դրանք տարբեր են: Ըստ քաղաքապետի, կառուցապատման տակ է հայտնվելու մոտ 100-110 հա հողատարածք:
Դատելով քաղաքապետի խոսքից եւ կառավարության որոշումից, Դալմայի այգիների ընդհանուր տարածքը 350-360 հա է: Սակայն, ըստ բնապահպանական կազմակերպությունների, մասնավորապեսՙ Կանաչների միության, այգիների ընդհանուր տարածքը 533 հա է: Փաստորեն կառուցապատման տակ է հայտնվում ոչ թե 100-110 հա, այլ ավելի քան 260 հա տարածք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ