Երկնային մարմինների (Արեգակ, Լուսին, աստղեր) խավարումներըՙ մեկը մյուսին ծածկելու պատճառով երկրային դիտորդին որոշ ժամանակ ամբողջական կամ մասամբ չերեւացող երեւույթներ են:
Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը եւ Լուսինը գտնվում են գրեթե մի ուղու վրա, Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա եւ տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում: Լուսնի լրիվ խավարումն առավելագույնը տեւում է 1 ժամ 45 րոպե, մասնակինՙ մի քանի ժամ:
Մեկ տարում կարող է լինել Լուսնի ամենաշատը երկու խավարում: Խավարման կրկնվելը կախված է Լուսնի դիրքի վերականգնման, ինչպես նաեւ լուսնահանգույցներով հաջորդաբար անցումների միջեւ եղած ժամանակամիջոցից: Արեգակի եւ Լուսնի խավարումները միեւնույն հաջորդականությամբ կրկնվում են 18 տարի 11 օրը:
Այս տարվա գարնանը հնարավոր է եղել հետեւել Լուսնի առաջին խավարմանը: Տարվա երկրորդ եւ վերջին Լուսնի ամբողջական խավարումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ինՙ ժամը 7:23-ին: 1,5 ժամ տեւողությամբ երկնային այս երեւույթին հնարավոր է հետեւել Ռուսաստանի եվրոպական մասից, Լուսնի մասնակի խավարում կարելի է դիտել Ուրալում եւ Արեւմտյան Սիբիրում:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրության, այս հետաքրքրական երեւույթը հնարավոր է դիտել նաեւ Եվրոպայում, Արեւմտյան Աֆրիկայում եւ ամերիկյան ողջ աշխարհամասում:
Հոկտեմբերի 28-ին Լուսնի ամբողջական խավարումը համարվում է այսպես կոչված սարոսիՙ 1986 թ. ապրիլի 24-ի կրկնությունը:
Մ. Բ.