«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2004-10-21 | #187, 2004-10-22 | #188, 2004-10-23


ՎԱՀԵ ՔԱՉԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՐԻՋԻՏ ԲԱՐԴՈՅԻ ՀԵՏ

50-ականներից ի վեր ֆրանսալեզու հայ նշանավոր արձակագիր Վահե Քաչայի գործերի կամ սցենարների հիման վրա տասնյակից ավելի ֆիլմեր են նկարահանել Անդրե Կայատի, Քրիստիան-Ժակի, Անրի Վեռնյոյի, Ժան-Լուի Տրենտինյանի նման անվանի դեմքերՙ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Ռոբեր Օսեյնի, Օմար Շարիֆի, Ֆրանսիս Բլանշի, Անտոնելլա Լուալդիի եւ այլ աստղերի մասնակցությամբ: 1966-ին դեռեւս անհայտ Միրեյ Դարկը մեծ ճանաչման հասավ հենց Քաչայի «Գալյա» վեպի էկրանացման շնորհիվ: Հենց նույն թվականին էլ էկրան բարձրացավ «Ուրախ սրտով» կամ «Երկու շաբաթ սեպտեմբերին» մելոդրամըՙ Քաչայի սցենարով, որի գլխավոր դերակատարուհին Բրիջիտ Բարդոն է:

Տասը տարի էր անցել այն օրվանից, երբ անամպ երկնքում ճայթած որոտի տպավորություն գործեց Ռոժե Վադիմի «Եվ Աստված... արարեց կնոջը» ֆիլմը, որտեղ Աստծո դերն ստանձնած սկսնակ ռեժիսորը արարել էր նոր ժամանակների կնոջըՙ Բրիջիտ Բարդոյին, բարձրացնելով նրան կուռքի պատվանդանին: Ճիշտ է, բարոյախոսներն ու տարտյուֆները հանդիսատեսի երեւակայությունը շանթած այդ կնոջ արարչագործությունը աստվածայինի տեղ դիվային հռչակեցին, իսկ գրաքննիչներից մեկը Վադիմին կոչեց «սատանայի սպասավոր», բայց այդ կասկածելի համբավը եւ Պիգմալիոնին, եւ նրա Գալաթեային ավելի էր դուր գալիս, քան կեղծ բարեպաշտի դիմակը, մանավանդ որ երկուսի համար էլ փառքի երաշխիք էր եւ լավագույն գովազդ: Մինչդեռ 1956-ին հաջորդած տասնամյակում Բրիջիտ Բարդո կոչված Գալաթեան արդեն վաղուց ստվերում էր թողել իր արարչին, շշից դուրս թռած ջինի պեսՙ ազատություն ստացել, ինչպես ամեն մի ստեղծագործություն, որը, ի վերջո, սկսում է ապրել հեղինակից անջատ ինքնուրույն կյանքով: Բարդոն գրեթե դիցական կերպար էր դարձել, իր երկրպագուների ու հակառակորդների գիտակցության մեջ դրոշմվել իբրեւ ինքնահաճ, փոփոխամիտ կին-երեխայի մարմնացյալ պատկերՙ պարուրված էրոտիզմի շղարշով: Թեեւ նույն 60-ականներին ասպարեզ եկած ինչ-ինչ ժապավեններՙ Անրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը», Լուի Մալի «Անձնական կյանքը» եւ «Վիվա, Մարիա»-ն, այդ քաջածանոթ կերպարը վերանայելու փորձեր էին, բայց Բարդոյի անունը եզերող լեգենդը, նրա կինոառասպելը շատ ավելի կենսունակ էին, քան դերասանական ինքնադրսեւորման ճիգերը:

«Երկու շաբաթ սեպտեմբերին» ֆիլմի հեղինակներըՙ սցենարիստ Վահե Քաչան եւ ռեժիսոր Սերժ Բուրգինյոնը, բնավ չեն ձգտել հանդիսատեսին ներկայացնելու նոր Բարդոյի: Նրանք գերադասել են հարություն տալ Վադիմի դավանած սիրո փիլիսոփայությանը, որից ծնվեց Բարդոյի հերոսուհին «Եվ Աստված... արարեց կնոջը» ֆիլմում, ինչպես Աֆրոդիտենՙ ծովի փրփուրից: Ըստ նոր ժամանակների ազատախոհությամբ դրոշմված այդ դավանանքի, սերը հաշվի չի նստում ոչ մի սահմանափակման, առավել եւսՙ բարոյական նորմերի ու պայմանականությունների, կեղծիքով եւ նախապաշարմունքներով թելադրված վարքի կանոնների հետ: Բայց եթե 1956-ին դա սենսացիոն հայտնություն էր, տասը տարի անց կորցրել էր իր հեղափոխական շունչը, իսկ այսօր Քաչայի եւ Բուրգինյոնի ֆիլմն ընկալվում է որպես ավանդական մելոդրամՙ սիրային եռանկյունու մշտահոլով հենքով: Ասենք, դեռ այն տարիներին Բարդոյի անձնական կյանքը, սիրավեպերը, նրա անվանն ուղեկից թոհուբոհը շատ ավելի բուռն հետաքրքրության առարկա էին, քան կինոդերերը. նա ավելի շատ ասեկոսեների, սկանդալային քրոնիկոնի հերոսուհի էր, քան ֆիլմերի: Բարդոյի կյանքը թվում էր նրա ֆիլմերի շարունակությունը, իսկ այդ ֆիլմերն ասես նմանակում էին նրա կյանքը: Էկրանային կերպարների եւ Բարդոյի իրական նկարագրի միջեւ սահմանները ջնջվել էին: Նա իրեն պահում էր իր հերոսուհիների պես, սիրո եւ երջանկության մասին արտահայտվում ճիշտ նրանց նման, եւ անհնար էր տարբերել, թե ով ում կրկնօրինակն է. Բարդոնՙ իր կերպարների, թե կերպարներըՙ Բարդոյի: Քաչայի սցենարով նկարահանված ֆիլմը տուրք է աստղի այս առասպելին, գովք երկիմաստության: Ոչ Ժան Ռոշֆորը, ոչ էլ Լորան Թերզիեւըՙ ֆրանսիական էկրանի ինքնօրինակ դեմքերից երկուսը, Բրիջիտի սիրեցյալների թվին երբեք չեն պատկանել, բայց նրանց կազմած սիրային եռանկյունին «Երկու շաբաթ սեպտեմբերին» ֆիլմում հիշեցնում է Վադիմի հետ ամուսնացած Բարդոյի անսպասելի սիրավեպը Ժան-Լուի Տրենտինյանի հետ, կամ նրա հրաժեշտը Սամի Ֆրեյինՙ հանուն հորիզոնում հայտնված նոր տղամարդուՙ Բոբ Զագուրիի, իսկ հետո եւ հրաժեշտը Զագուրիինՙ հանուն Գյունթեր Զախսի... Ֆիլմերը Բարդոյի կյանքում այնպես էին հաջորդում իրար, ինչպես սիրո պատմություններն ու տղամարդիկՙ հաճախ միայն դառնության զգացում թողնելով:

«Երկու շաբաթ սեպտեմբերին» ֆիլմը, շատ այլ ժապավենների նման, դատելով Բարդոյի հուշերի գրքից, նրան առանձնապես չի խանդավառել, ռեժիսոր Բուրգինյոնի ազգանունն էլ հիշեցրել է ֆրանսիական խոհանոցի ճաշատեսակներից մեկըՙ այդ անվանումով հայտնի ռագուն, բայց այս ռոմանտիկ մելոդրամը ֆրանսիական կինոյի ամենամեծ աստղը չի դասել այն ժապավենների շարքը, որոնք համարում է «ջահել տարիների սխալմունք»ՙ «ավելի լավ է ոտքս կոտրվեր» կարգից: Իսկ Վահե Քաչային ֆիլմից հիշատակ էր մնացել Բարդոյի ձեռքով գծված իր դիմանկարը, որը պատվավոր տեղ էր գրավել նրա տան պատին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4