«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2004-10-21 | #187, 2004-10-22 | #188, 2004-10-23


ԼՊՈՒՏՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ Է

Շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադայում կայացել է 6 տուր: Օգտվելով օլիմպիադայում հաստատված խաղադադարից, ընթերցողներին ենք ներկայացնում վիճակագրական որոշ տվյալներ Հայաստանի շախմատիստների ելույթների վերաբերյալ: 6 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16,5 միավորով 8-րդ տեղում է: Մեր հավաքականում ընդգրկված 6 շախմատիստներից առայժմ մրցասպարեզ դուրս չի եկել առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք, Բրիսագոյում օգնում էր Պետեր Լեկոյին եւ խնդրել էր թիմակիցներին իրեն հանգստանալու հնարավորություն ընձեռել: Այնպես որ, առայժմ ողջ ծանրաբեռնվածությունն ընկել է մեր 5 շախմատիստների վրա: Մեր թիմին առայժմ բոլորից շատՙ 4-ական միավոր են պարգեւել Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք անցկացրել են 5-ական պարտիա: Ընդ որում Գաբրիելը տոնել է բոլորից շատՙ 4 հաղթանակ: Հատկապես ուրախացնում է մեր ամենափորձառու գրոսմայստերներից մեկիՙ 46-ամյա Սմբատ Լպուտյանի վստահ ելույթը: Սմբատը վերջին տարիներին կարելի է ասել զրկվել է գործնական շախմատից եւ շատ քիչ մրցաշարերի է մասնակցում, ուստի կրկնակի հաճելի է, որ կրկին լավ մարզավիճակում է: Նա տարել է 3 հաղթանակ, 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք է ցույց տվել մեր հավաքականի ամենատարեց մասնակիցըՙ 53-ամյա Ռաֆայել Վահանյանը: Ճիշտ է, մեկնարկային տուրում նրա մրցակիցը խաղին չէր ներկայացել եւ Վահանյանին հաղթանակ էր գրանցվել: Փորձառու գրոսմայստերներին ոչնչով չի զիջում Լեւոն Արոնյանը, որը 5 հնարավորից վաստակել է 3 միավոր (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Անհամեմատ ցածր է առայժմ Հայաստանի այս տարվա չեմպիոն Արտաշես Մինասյանի արդյունքը: Նա անցկացրած 4 պարտիաներում վաստակել է ընդամենը 1,5 միավորՙ առայժմ չճաշակելով հաղթանակի քաղցրությունը:

Տղամարդկանց մրցաշարում անհատական լավագույն արդյունքն առայժմ ունեն ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, անգլիացի Մայքլ Ադամսը եւ Պաղեստինը ներկայացնող Եվգենի Երմենկովը, որոնք 6 հնարավորից վաստակել են 5,5-ական միավոր (միավորների 91,7 տոկոսը): Նշենք, որ մեր շախմատիստներից լավագույնների ցուցակում Սմբատ Լպուտյանը 24-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանըՙ 31-րդ:

Կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականը 12 միավորով 8-րդ տեղում է: Թիմում ընդգրկված բոլոր չորս շախմատիստուհիներն էլ մասնակցել են հանդիպումներին: Լավագույնն առայժմ Լիլիթ Մկրտչյանի արդյունքն է, որը 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Էլինա Դանիելյանը նրան զիջում է մեկ միավորով (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Նելլի Աղինյանը 4 պարտիաներում վաստակել է 2,5 միավոր, իսկ Սիրանուշ Անդրեասյանը նույնքան հնարավորից ունի 1,5 միավոր: Ընդ որում Նելլին կրել է մեկ, Սիրանուշըՙ 2 պարտություն: Իսկ մեր մյուս երկու շախմատիստուհիներն առայժմ անպարտելի են:

Կանանց մրցապայքարում լավագույն արդյունքն ունեն շվեյցարացի Գունդուլա Հայնաթցը եւ չին շախմատիստուհի Խուան Հուանգը, որոնք 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր: Լիլիթ Մկրտչյանը ռումինուհի Իզաբելա Պեպտանի հետ 4,5-ական միավորով (5 հնարավորից) բաժանում է 34-րդ տեղերը: Էլինա Դանիելյանի արդյունքը 47-րդն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4