«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸՙ ՓԱՅՏՅԱ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նախագահ Քոչարյանը գոհ է Թբիլիսի այցից

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասաց, որ վիրահայությունն օրենսդիր եւ գործադիր իշխանություններում բավականին լավ է ներկայացված: «Ձեր հաճախակի հանդիպումները Վրաստանի նախագահի հետ մեզ այստեղ վստահություն, իմպուլս են տալիս», ասաց նա:

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանն այլ կարծիքի է: «Հայկական համայնքի ներուժը չի օգտագործվում: Մենք ավելի ենք նմանվում ավերակների պահակների: Նախագահ Սաակաշվիլին ազգային փոքրամասնություններին որպես այդպիսիք չի ճանաչում», «Ազգի» հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Հոկտեմբերի 22-24-ը պաշտոնական այցի օրերին Հայաստանի նախագահը հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախքան վիրահայերին լսելը Քոչարյանն արդյունավետ գնահատեց Վրաստան իր այցը, նշեց, որ վերջին մեկ-մեկուկես տարում (Հայաստանի նախագահի նախորդ այցը Վրաստան եղել էր 2003 թ. հունիսին, երբ այս երկիրը դեռեւս «վարդյա» չէր) ակնհայտ դրական փոփոխություններ է տեսնում:

Վրաստանը Հայաստանին կապող գլխավոր ավտոճանապարհը վրացական Մառնեուլ-Սադախլո հատվածում վերանորոգվել է, եւ այսօր Թբիլիսիից Երեւան կարելի է հասնել չորս ժամում: Քոչարյանին վրացական իշխանությունները հավաստիացրել են, որ կվերանորոգվի նաեւ Ախալցխա-Ախալքալաք-Բավրա ճանապարհը, այսինքնՙ կունենանք Վրաստանը Հայաստանին կապող երկրորդ լավ ճանապարհը, որը կանցնի գերազանցապես հայաբնակ Ջավախքով:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում վիրահայերը նշում էին այն դրականի մասին, որը տեղի է ունեցել Սաակաշվիլու իշխանության գալով: Առնոլդ Ստեփանյանը հարկ համարեց նշել, որ այսօր վիրահայությունն ընդամենը փայտյա կամուրջ է Հայաստան-Վրաստան հարաբերություններում, տարեցտարի հայերի թիվը նվազում է:

Ախալքալաքից ընտրված պատգամավոր Համլետ Մովսիսյանը Հայաստանի նախագահին ասաց, որ շրջանում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, հայկական դպրոցներն անմխիթար վիճակում են, սակայն ընդհանուր առմամբ Ջավախքը կայուն է: Ավելի վաղՙ հոկտեմբերի 22-ին Քոչարյան-Սաակաշվիլի մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահն ասել էր, որ ինքը պարտք է Ջավախքի հայ բնակչությանը, իսկ ընտրվելուց հետո չի այցելել երկրամաս այն պատճառով, որ «չեմ ուզում այնտեղ գնալ դատարկ ձեռքերով»:

Վիրահայերի հետ հանդիպման ընթացքում Քոչարյանը խոսք բացեց «Վրաստանի հանրային կրթության» օրենքի նախագծի մասին: Հայաստանի նախագահն ասաց, որ հայկական մամուլը «մի քիչ սուր է ներկայացնում» խնդիրը, պարզապես կա ցանկություն, որ Վրաստանի հայկական դպրոցներում ուսուցանվի վրացերենը:

«Ազգի» կողմից հավելենք, որ եթե այդ օրենքի նախագիծը հավանության արժանանա խորհրդարանում, ապա 2006 թ. Ջավախքի հայկական դպրոցներում, բացի հայոց լեզվից եւ գրականությունից, առարկաները դասավանդվելու են վրացերենով: Ջավախքի դպրոցներում ուսուցիչների 99 տոկոսը վրացերեն տառերը չի ճանաչում, ու պարզ չէ, թե վրացերեն չիմացող ուսուցիչը վրացերեն չիմացող հայ երեխային վրացերենով ինչպես է սովորեցնելու, ասենքՙ սովորական վարդի կառուցվածքը:

Առնոլդ Ստեփանյանի կարծիքովՙ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել «Վրաստանի հանրային կրթության» օրենքի նախագիծը, քանի որ, եթե խորհրդարանում օրենքն ընդունվի այժմյան տեսքով, ապա «կունենանք հայկական դպրոցներ», որոնք այնքան էլ նման չեն լինի հայկականի:

Իսկ ընդհանրապես, ինչպես «Ազգի» հետ զրույցում ասաց Ստեփանյանը, Սաակաշվիլու իշխանության գալուց հետո վիրահայության համարՙ որպես համայնքի, ամեն ինչ մնացել է նույնը: «Ճիշտ է, հոգեբանական առումով այլեւս չկա հակահայ հիստերիա, որը կար հատկապես նախընտրական շրջանում», ասաց նա:

Նինո Բուրջանաձե. «Հայ-վրացական հարաբերությունների խորացումը բխում է տարածաշրջանի շահերից»

Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Քոչարյանը հանդիպեց նաեւ վարչապետ Զուրաբ Ժվանիայի եւ խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, զբոսնեց հին Թիֆլիսումՙ մասնակցելով քաղաքի տոնական միջոցառումներինՙ «Թբիլիսոբա» տոնի առիթով, ծաղկեպսակ դրեց Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրին:

Քոչարյան-Ժվանիա հանդիպման ընթացքում հիմնականում շոշափվել են երկկողմ տնտեսական հարցեր, կողմերը ողջունել են Հայ-վրացական գործարար ասոցիացիայի ստեղծումը:

Վրաստանի խորհրդարանի նախագահն ասաց, որ հայ-վրացական երկկողմ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի համար, այլեւ դրանց խորացումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից: Ի դեպ, Քոչարյան-Բուրջանաձե հանդիպմանը հնարավորություն էր ստեղծվել հետեւելու կից սենյակիցՙ մոնիտորի օգնությամբ:

Բուրջանաձեն իր երկրի համար ցավոտ համարեց հակամարտությունների չկարգավորվածությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ինչպես նաեւ ռուս-վրացական հարաբերություններում առկա խնդիրները:

Հանդիպման ընթացքում խոսք գնաց հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի շուրջը: Ընդ որում, հարցը հնչեցրեց Բուրջանաձեն: Քոչարյանը, ինչպես Սաակաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում, կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է այդ աշխատանքներն սկսելուն, «հայկական կողմից խնդիրներ չեն լինի», եւ հույս հայտնեց, որ մինչեւ 2005 թ. կեսերը հայ-վրացական սահմանը կենթարկվի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի:

Վրաստանը Թուրքիայի հետ ավարտել է սահմանների հստակեցումը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ աշխատանքներն ընթացքի մեջ են: 2003 թ. հունիսին Թբիլիսիում կայացած Քոչարյան-Շեւարդնաձե հանդիպմանը հետեւած մամուլի ասուլիում երկու նախագահները (մեկն արդեն նախկին) նշեցին, որ առաջիկա ամիսներին այդ աշխատանքը կավարտվի:

«Գնդակը վրացական կողմում է», Բուրջանաձեին ասաց Քոչարյանը եւ հիշեցրեց, որ սահմանների ճշգրտման հարցով հայ-վրացական հանձնաժողովի վրացական կողմի ներկայացուցչի տեղը թափուր է: Ավելի վաղ Սաակաշվիլի-Քոչարյան մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահը կեսկատակ նշեց, որ վերջին 2000 տարիներին Հայաստանն ու Վրաստանը միմյանցից տարածքային պահանջներ չեն ունեցել:

Հ. Գ. Հոկտեմբերի 23-ին Քոչարյանը եւ Սաակաշվիլին այցելեցին Էդուարդ Շեւարդնաձեինՙ ցավակցելու Վրաստանի նախկին նախագահի տիկնոջ մահվան առիթով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4