Հոկտեմբերի 23-ի երեկոյան, ըստ Հայաստանի նախագահի Վրաստան պաշտոնական այցի ծրագրի, Ռոբերտ Քոչարյանն ու Միխայիլ Սաակաշվիլին պետք է ջազ երաժշտություն լսեին Թբիլիսիի «Աջարա մյուզիք հոլ» սրահում: Համերգից մեկ ժամ առաջ անվտանգության մարմինները հայտնաբերել են նշանառուի հրացան եւ AK-74 տեսակի ավտոմատ: Զենքը հայտնաբերվել է մյուզիք հոլի տնօրենի կաբինետի հարեւան սենյակում: Առայժմ Վրաստանի պետանվտանգության նախարարությունը խուսափում է հայտարարել, որ զենքը նախատեսված էր Հայաստանի կամ Վրաստանի նախագահի դեմ մահափորձ կատարելու համար: Չնայած տեղի ունեցածին, Սաակաշվիլին եւ Քոչարյանն այցելել են մյուզիք հոլ:
Հայաստանի նախագահի Վրաստան պաշտոնական այցից մի քանի օր առաջ պայթուցիկ էր հայտնաբերվել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրի հարեւանությամբ: Հոկտեմբերի 23-ի առավոտյան նախագահ Քոչարյանը ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշարձանին: Հոկտեմբերի 24-ի երեկոյան, ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, պայթուցիկ է հայտնաբերվել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ:
Թ. Հ.