«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐՆ ԱՊԱԳԱ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ

Ամերիկյան «Ֆայ թեթա կապա» միջազգային ընկերության «Էյսիսի» մասնաճյուղի «Սիգմա ֆայ» բաժնի նախագահ Սիմոն Մաղաքյանը «Քուրդիստանի հիմնադիրների կազմակերպությանն» ուղղված նամակում (օրինակը հասցեագրված է խմբագրությանը) գրում է, որ վիրավորված է այդ կազմակերպության ինտերնետային էջում (http://kurdistan.org

/mapofkurdistan.html) տեսնելով իրենց ցանկալի Քուրդիստանի քարտեզը, որն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանի Վան, Կարս, Մուշ, Կարին, Ուրֆա, Տիգրանակերտ եւ այլ քաղաքներ:

«Ճիշտ է, նշում է նա, քրդերը սովորաբար չեն ժխտում, որ թուրքերին աջակցել են Հայոց ցեղասպանությունը (1914-23) իրականացնելու գործում, բայց բանավոր խոստովանությունը դեռ բավարար չէ: Գաղտնիք չէ, որ ցեղասպանության գլխավոր պատճառներից մեկն Արեւմտյան Հայաստանի թուրքացումն էր, եւ դժբախտաբար որոշ քրդեր, կամա թե ակամա, դեռեւս աջակցում են այդ գործընթացին: Ցեղասպանությունը շարունակվում է, որովհետեւ ցեղասպանություն ասելով ֆիզիկականից բացի հասկացվում է նաեւ մշակութային արժեքների բնաջնջում, որն այժմ էլ իրականացվում է Թուրքիայում: Երկու հազարից ավելի հայկական կրոնական կոթողներից ներկայումս հազիվ մի քանի տասնյակ է մնացել, եւ քրդերը, կամա թե ակամա, աջակցում են թուրք կառավարությանն ապացուցելու, որ հայերը չեն ապրել Արեւմտյան Հայաստանում: Վերջին տարիներին, օրինակ, քուրդ գյուղացիները Մուշի Սբ. Կարապետ հայկական եկեղեցու քարերն օգտագործել են իրենց տները կառուցելու համար:

«Քուրդիստանի քարտեզում ներառելով Արեւմտյան Հայաստանը, դուքՙ «Քուրդիստանի հիմնադիրների կազմակերպության» անդամներդ, փաստորենՙ ա) աջակցում եք Թուրքիայի որդեգրած մշակութային ցեղասպանությանը, բ) նվազեցնում եք ձեր նկատմամբ հայերի ունեցած վստահությունը, գ) նվազեցնում եք երբեմնի պետություն ունենալու ձեր հնարավորությունը, դ) նվազեցնում եք Եվրոխորհրդարանի եւ այլ միջազգային կառույցների աջակցությունը ձեր խնդիրների նկատմամբ, ե) նվազեցնում եք ձեր արդար պայքարի հանդեպ համայն աշխարհի ունեցած դրական մոտեցումներն ու կարեկցանքը:

«Հայերս պաշտպանում ենք քուրդ ժողովրդի պայքարըՙ ձերբազատվելու Թուրքիայում կիրառվող բարբարոսական գործողություններից, բայց մենք չենք կարող պաշտպանել կամ հարգել քրդերին, եթե վերջիններս շարունակեն թուրք կառավարության հետ ոչնչացնել հայկական քաղաքակրթության հետքերը ժամանակակից Թուրքիայում: Ճշմարտությունը, եթե նույնիսկ կարելի է ժխտել, վաղ թե ուշ հաղթանակելու է», եզրակացնում է Սիմոն Մաղաքյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4