ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Ջորջ Բուշի թեկնածությունը, ամերիկահայերի տեսանկյունից ենթադրում է հավանություն տալ Հայոց ցեղասպանության նկատմամբ նրա բացասական դիրքորոշմանը եւ արդարացնել նրանՙ ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժելու համար: Թերեւս այդ առումով պատահական չէր, որ ավանդական կուսակցությունները, մասնավորապես ՌԱԿ-ը, պաշտպանում են Ջոն Քերիի թեկնածությունը եւ նրա օգտին քվեարկելու կոչ անում ամերիկահայերին:
Թվում էր, թե այս հանգամանքը, առավել եւս Ջոն Քերիի բազմամյա գործունեությունն ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, կստիպի ԱՄՆ-ում բնակվող թուրքերին, որ նրանք նոյեմբերի 2-ին կողմնորոշվեն դեպի Ջորջ Բուշը: Թեեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վճռականության պատճառով Քերին ժողովրդականություն չի վայելում թուրք ընտրողների շրջանում, սակայն վերջիններս Բուշի պարագայում էլ մատնացույց են անում Իրաքում առ այսօր շարունակվող պատերազմն ու ամերիկյան տնտեսության վատթարացումը:
Այլ կերպՙ ԱՄՆ-ի թուրքերը, հակառակ ենթադրություններին, չեն կողմնորոշվել: Նրանց մի մասը պաշտպանում է Քերիինՙ պատճառաբանելով, թե նախագահության նախորդ թեկնածուները Քերիի պես համանման խոստումներ էին տվել հայերին, սակայն նրանցից ոչ մեկն իր խոստումը չի կատարել, որովհետեւ Թուրքիան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից է, իսկ մյուսը մտածում է, որ Բուշը դասեր է քաղել թույլ տված սխալներից, հետեւաբար ավելի նպատակասլաց կգործի, ուստի պատրաստվում է նրա օգտին քվեարկել:
Այս ամենի մասին տեղեկացնելով հոկտեմբերի 22-ի համարում, թուրքական «Սաբահ» թերթը մատնանշում է նախագահության թեկնածուների հարցում միացյալ դիրքորոշման բացակայությունը Ամերիկայի թուրքական համայնքում:
Հ. Չ.