«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Աշխուժացման հիմքում, անկախ նախաձեռնությունների բնույթից, Եվրոմիության շահագրգռություններն են

Հոկտեմբերի 6-ին Եվրոհանձնաժողովը համապատասխան զեկուցագրով Եվրոմիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին առաջարկեց անդամակցության բանակցություններ սկսել Թուրքիայի հետ: Թեեւ բանակցությունների ժամկետը որոշվելու է ԵՄ-ի գագաթաժողովի դեկտեմբերի 17-ի նիստում, սակայն զեկուցագրում Անկարայի համար անընդունելի ձեւակերպումները, Թուրքիայի նկատմամբ եվրոպական երկրների վերապահություններն աշխուժություն հաղորդեցին անդամակցության շուրջը կողմերի սակարկություններին:

Դրանց աշխուժացումը նպաստեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջն ինչպես Եվրոպայում, այնպես էլ Թուրքիայում ծավալվող քննարկումների աշխուժացմանը: Ընդ որում, դրան ակտիվ մասնակցությամբ նպաստեցին հասարակական կազմակերպությունները:

Հայտնի թուրք պետական գործիչ Իլթեր Թուրքմենը «Հյուրիեթի» հոկտեմբերի 2-ի համարում այդ կազմակերպություններից առանձնացրել էր «Եվրոպայի բարեկամներ» թուրքական միությանն ու «Անկախ Թուրքիայի հանձնաժողովին» այն առումով, որ դրանցից առաջինի համաձայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը եթե ոչ ներկա, ապա ԵՄ-ին անդամակցության փուլում Թուրքիային կառաջադրվի որպես նախապայման, իսկ երկրորդը կարծիք է հայտնում, որ ԵՄ-ը բացի Հայաստանի առջեւ սահմանների բացումից եւ նրա հետ հարաբերությունների կարգավորումից, Թուրքիային կհորդորի հաշտեցման եվրոպական ոգով ճանաչել նաեւ անցյալում տեղ գտած ողբերգությունները:

Ակնարկը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին է: Այն, ինչ ակնարկով էր ասում «Անկախ Թուրքիայի հանձնաժողովը», հոկտեմբերի 18-19-ին Եվրոխորհրդարանի շենքում կազմակերպված Եվրոպահայերի առաջին համագումարը բացահայտորեն ասաց, պահանջելով ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներից Հայոց ցեղասպանության ճանաչումն անդամակցության բանակցությունների նախապայման առաջադրել Թուրքիային:

Ինչպիսի՞ արձագանքի կարժանանա Եվրոպահայերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հրավիրված համագումարի պահանջը, ցույց կտա ԵՄ-ի դեկտեմբերի 17-ի գագաթաժողովը: Բայց որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջը ծավալվող քննարկումները Եվրոպայի եւ Թուրքիայի քաղաքական շրջանակների, թուրքական վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների, Եվրոպահայերի առաջին համագումարի մասնակցությամբ չեն սահմանափակվում, ակնհայտ է:

Քննարկումների աշխուժացմանն իրենց նպաստն են բերում նաեւ գիտական շրջանակները: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի հոկտեմբերի 15-ի համարին, որտեղ նշվում է հոկտեմբերի 28-30-ը Վենետիկում կազմակերպվող միջազգային գիտաժողովի մասին: «Հայերն ու թուրքերը պատմության մեջ. 1000 տարվա վաղեմության հարաբերություններ» թեմայով այս գիտաժողովին սփյուռքից մասնակցելու են Լեւոն Զեքիյանը, Ռեյմոն Գեւորգյանը, Իվ Թերնոնը, Թուրքիայիցՙ Հալիլ Թերքթայը, Մուրադ Բելգեն, Բասքըն Օրանը, Ֆերհաթ Քենթելը եւ Ռագըփ Զարաքոլուն, ԱՄՆ-իցՙ Թաներ Աքչամը, իսկ Հայաստանիցՙ Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերոհիշյալ քննարկումներին Եվրոպայի եւ Թուրքիայի քաղաքական շրջանակների հետ, ինչպես թուրքական, այնպես էլ արտերկրի հայկական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը, որոնց Վենետիկի միջազգային գիտաժողովով կաջակցեն հայ եւ թուրք գիտնականները, հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՄ-ը անդամակցության բանակցությունների համար Թուրքիային որպես նախապայման Հայոց ցեղասպանության ճանաչումը գուցե չառաջադրի, սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է առաջադրել:

Թերեւս այդ առումով պատահական չէր ԵՄ-ի «Նոր հարեւանություն» նախաձեռնությունն ու այս տարվա հունիսի 14-ին այդ նախաձեռնության մեջ Վրաստանի ու Ադրբեջանի հետ նաեւ Հայաստանի ընդգրկումը: Այնուամենայնիվ, հարց է ծագում, եթե ԵՄ-ի խնդիրը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է, ապա ինչո՞ւ Եվրոպայում կարգավորման հարցը քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային որպես նախապայման առաջադրելու հարցի հետ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիան ցեղասպանության ճանաչման պահանջի սպառնալիքով առանց համառելու համակերպվի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի պահանջի հետ:

Հետեւաբար, ամենեւին չեն կարող պատահական լինել Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջը ծավալվող քննարկումները, քննարկման նախաձեռնություններնՙ առավել եւս: Այն առումով, որ նախաձեռնությունների հիմքում ԵՄ-ի շահագրգռություններն են, որոնք էլ նպաստում են ինչպես Եվրոպահայերի առաջին համագումարի հրավիրմանը, այնպես էլ Վենետիկի գիտաժողովի կազմակերպմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4