Շեքսպիրի «Մակբեթը» Ղափլանյանի անվան թատրոնում
Շեքսպիրի ստեղծագործության ամեն մի նոր մեկնաբանություն նոր վարկած է ենթադրում: Այսպիսի սպասում ունեինք նաեւ այս անգամ, երբ իմացանք, որ Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Արմեն Խանդիկյանը պատրաստվում է բեմ հանել «Մակբեթը»ՙ Շեքսպիրի ամենաբարդ եւ հզոր գործերից մեկը (թեեւ զարմանալի կլիներ Շեքսպիրի որեւէ գործ ոչ հզոր համարելը): Այս գործում անգլիացի մտածողն առավել համարձակորեն է խախտել երկրայինի եւ երկնայինի սահմանները:
Մեր «Հրեղեն լույս» գրքում մենք արդեն նշել ենք, որ 14-15-րդ դարերից սկսած Եվրոպայում, նաեւՙ Անգլիայում ամենահավաստի պատմություններ էին շրջում ոգիների, ուրվականների, վհուկների մասին: Ու բնավ պատահական չեն Շեքսպիրի գործերում ոգիների եւ ուրվականների հայտնությունները: Ամեն անգամ Շեքսպիրին «դիմելիս» հայտնագործության ակնկալիք ունես: Այսպես միշտ եղել է հատկապես «Մակբեթի» պարագայում, որի բեմական ընթերցանությունների ժամանակ շատ հաճախ շեշտվել է լեդի Մակբեթի կերպարը: Չարության գործիք դարձած Մակբեթի ուղղորդիչը գրեթե միշտ համարվել է նրա կինը:
Բայց, ահա, Արմեն Խանդիկյանը «Մակբեթի» նոր տրակտովկա է առաջադրում: Չարության ազդակները Մակբեթինՙ հավերժական Կայենի այս տեսակին, հաղորդվում են ոչ թե անմիջապես լեդի Մակբեթից, այլ ոգիների միջոցով: Ասեմ, որ սա բավականին համարձակ բան է: Այս պարագայում շատ հեշտ է չափի զգացումը կորցնելը: Ուրվականների եւ ոգիների առկայությունը, նրանց գերակա դերակատարություն վստահելը կարող է հասցնել էժան էֆեկտների, գայթակղության մղել:
...Ու, վերջապես, ներկայացումը, «Մակբեթի» պրեմիերան դրամատիկական թատրոնում:
Հենց բեմեզրին փոքրիկ մի ավազան է, որի մեջ լցված ջրում շեքսպիրյան կերպարներ հագած ամեն ոք իր ձեռքերն է լվանում: Արյունահեղություն է սպասվում, պատրաստ ենք այդ քաոսին ներկա լինելու: Մեր սպասած ողբերգության հիմնական դերակատարներից միայն Մակբեթն է: Հետո պիտի գա հրահանգիչըՙ լեդի Մակբեթը: Ինչպիսի՞ն է նա այս անգամ, այս թատրոնում: Հզո՞ր, դաժա՞ն, բարոյականության եւ խղճի ամեն մի սահման անցած կի՞ն, ով պետք է չարության իր հրահանգներն իջեցնի: Սպասում ենք, բայց Մակբեթին արդեն թելադրողներ կանՙ ոգիները: Գալիս է նաեւ լեդի Մակբեթը (Լիլիթ Մեսրոպյան): Բայց նրա անելիքն արդեն արել են, արդեն անում են ոգիները: Այդպես էլ կլինի մինչեւ ներկայացման ավարտը: Այսինքնՙ բեմադրության հեղինակ Արմեն Խանդիկյանը, ռեժիսորներ Արթուր Ութմազյանը եւ Ռոբերտ Հարությունյանը նոր մեկնաբանություն են առաջարկում: Ես համաձայն չեմ այս մեկնաբանությանը, բայց ինչպես Արմեն Խանդիկյանն ինձ որեւէ բան չի պարտադրում, այդպես էլ նաեւ իմ պարագայում է:
Բեմում հզոր, գուցե գրական սկզբնաղբյուրից հեռացած, հզոր Մակբեթ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանն այս անգամ էլ է գերազանցում իր բոլոր խաղընկերներին: Խոսքը միայն ստվերում հայտնված Լիլիթ Մեսրոպյանի լեդի Մակբեթի մասին չէ: Ռոբերտ Հարությունյանի Դունկան արքան գոնե մեզ համար հաճելի հայտնություն է, նոր որակ համբերատար այս արտիստի ստեղծագործական կյանքում: Նույն անակնկալն է մեզ մատուցում նաեւ հանրապետության վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանն իր Բանքոյով: Էլի տպավորիչ դերակատարումներ կան: Բայց Արթուր Ութմազյանի Մակբեթն իր մեջ է խտացրել այս ողբերգության ամբողջ լիցքը: Նա, ոգիներից ստանալով չարության եւ ոճրագործության թելադրանքըՙ դառնում է առանցքն ամեն ինչի...
«...Մակբեթը հիմա սպանեց քունը, Մակբեթը քունն է սպանում, ահա...»:
Արթուր Ութմազյանի Մակբեթը նախ վախենում է արյունից, վախենում է խորհրդավորություններից, հոգեկան տվայտանքներից, բայց ենթարկվելով ոգիների թելադրանքներին (ոչ թեՙ լեդի Մակբեթի, ինչպես սովոր էինք տեսնել, ինչպես սպասում էինք), բաց ձեռքը, ահա, տանում է, դնում տաք արյան վրա: Ու սովորում է իր այս վիճակին: «Արյան մեջ այնքան ես խորն եմ խրվել, որ անհնար է առաջ շարժվել, նաեւՙ հետ դառնալ»: Արթուր Ութմազյանի Մակբեթն է: Ու բնավ պատահական չէ Արթուր Ութմազյանի այս գործի համեմատությունը նրա իսկ կերտած Հուդայի մեկնաբանության հետ (Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին եւ նրա երկրորդ աշակերտը»): Բայց եթե այս հիշատակած Հուդային հակադրվում-լրացնում էր Գոհար Իգիթյանի կերպավորած Կինը, ապա «Մակբեթում» Արթուր Ութմազյանի չարագործն ասես ինքն իրեն է կերտում: Իսկ մի՞թե մեծ համարձակություն կլիներ հզոր լեդի Մակբեթ բեմ հանել (թեկուզ հենց Գոհար Իգիթյանին): Սա, կրկնում եմ, մասնավոր կարծիք է:
...Ներկայացումը պարզապես հեղեղված է սիմվոլներով (խորհրդանիշերով): Այս ամենին նպաստում են երաժշտական ձեւավորումը (հեղինակներՙ Աշոտ Փափազյան եւ Արմեն Խանդիկյան), թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի աշխատանքը նույնպես տպավորիչ է, տպավորիչ են եւ բեմում կատարվող անցքերը, որոնք ուղեկցում են արտիստների խոսքին: Քարեր են շարված բեմի վրա, որ տանում-բերում, տեղերն անընդհատ փոխում են ծաղրածուն (ծաղրածուի ոչ տիպական, անսովոր կերպարն ստեղծել է Վահագն Գալստյանը) եւ Մակդուֆի որդին (Արեն Մարգարյան): Ամեն ինչ խառնված է իրար, ամեն ինչ եւ ամեն ոք անընդհատ շարժման մեջ է.
«Կյանքը հեքիաթ է հիմարի պատմած, լցված շառաչով եւ կատաղությամբ, առանց իմաստի...»:
Իհարկե, սիմվոլներով կյանքի խառնափնթորությունը բացատրելը մեր ժամանակների թատրոնի կարեւոր (եթե չասենքՙ պարտադիր) առանձնահատկություններից մեկն է դառնում: Կա եւս մեկ յուրահատկություն այս բեմադրության ժամանակ: Բեմում, առաջին պլանում, ամենակարեւոր իրադարձությունների ժամանակ հետին պլանում հայտնվում են նոր կերպարները, հայտնվում են գրեթե աննկատ, որոնք կարճ ժամանակ անց դառնում են կարեւոր գործող անձինք: Այս իմաստով, երեւի, Արմեն Խանդիկյանն անչափ կարեւորում է Շեքսպիրի մտահղացումը. մարդկային կյանքը, շերտերը, մարդիկ իրենց հետեւում միշտ ունեն առաջին պահին աննկատելի, անընկալելի ուժեր, որոնք նախ թելադրվում են մեզ, ապաՙ ապացուցվում.
«Կյանքը մի քայլող ստվեր է միայն, /Մի խեղճ դերասան, որ բեմի վրա իր ժամին փքվում /Եվ բորբոքվում է եւ այնուհետեւ ձայնը չի լսվում...»:
Այս բեմադրության պրեմիերան է միայն եղել, որին կհետեւեն բազմաթիվ ներկայացումներ եւ անշուշտ, շատ ու շատ քննախոսքեր: Սպասենք: Ասվածին ավելացնենք միայն. ի պատիվ իրեն, Արմեն Խանդիկյանն իր այս բեմականացումը նվիրել է եղբոր, մեր բեմի մեծագույն վարպետներից մեկիՙ Տիգրան Լեւոնյանի պայծառ հիշատակին:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ