«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ՎԱԽՃԱՆՎԵՑ ՏԱՄԱՏՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Սեպտեմբերի 19-ին Կահիրեի իր մենավոր բնակարանում 94 տարեկանում վախճանվել է բազմավաստակ դաշնակահար եւ հմուտ ու նվիրյալ մանկավարժ Նվարդ Տամատյանը, հաղորդում է «Արեւ» օրաթերթը:

Լինելով Մուշի ազգային ազատագրական պայքարի ռահվիրա եւ կիլիկյան ազգային օջախի նախաձեռնության ղեկավար Միհրան Տամատյանի դուստրըՙ Նվարդն իր քրոջՙ Շաքեի (Իփեքյան) հետ հետեւել է հոր գաղափարական ուղուն, ընտրելով, սակայն, որպես սեփական մասնագիտություն, երաժշտությունը, որին անմնացորդ ծառայել էՙ վայելելով վաստակ եւ հեղինակություն ոչ միայն Կահիրեում, այլեւ ամբողջ Միջին Արեւելքում եւ եվրոպական մի շարք երկրներում:

Ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 1910-ին: Հաճախել է տեղի Պողոսյան ազգային եւ «Լիսե Ֆրանսե» վարժարանները: 1924-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բեյրութ, որտեղ, 5 տարի անց ընդունվելով տեղի ամերիկյան համալսարանի երաժշտական հիմնարկը, փայլուն առաջադիմություն է արձանագրում եւ 1931-ին արժանանում Ալֆրեդ Քորթոյի մրցանակին, որը նրան հնարավորություն է տալիս մեկնելու Փարիզ եւ իր արվեստը կատարելագործելու այդ առասպելական դաշնակահարի անմիջական հսկողության ներքո: «Էքոլ նորմալ դը Մյուզիքը» բարձր գնահատականով ավարտելուց հետո Բեյրութի ամերիկյան համալսարանը հրավիրում է նրան դասավանդելու երաժշտական հիմնարկում: 1937-ին վերջնականապես հաստատվում է Կահիրեում, որտեղ ավելի քան 30 տարի որպես դաշնամուրի դասախոս պաշտոնավարել է Կահիրեի ազգային երաժշտանոցում: Դրան զուգահեռ մասնակցում է բազմաթիվ գեղարվեստական ձեռնարկների ինչպես հայկական, այնպես էլ օտար շրջանակներում:

Բայց հատկապես Կահիրեի Հայ գեղարվեստական միությունում իր քրոջՙ Շաքեի հետ նրա ծավալած գործունեությունը եւ խստապահանջ արվեստասեր-մանկավարժի իր անհատականությունն են արժանի ամեն դրվատանքի: Դրանց շնորհիվ է, որ իր հարյուրավոր աշակերտները փայլել են եգիպտական, եվրոպական եւ ամերիկյան բեմերի վրա: Դրանցից կարելի է հիշատակել Աստրա Մսրլյանին, Շուշիկ Խաչատրյանին, Թագուհի Չորբաճյանին, Հայկ Սարգսյանին, Արփի Ճանիկյանին եւ Անահիտ Քյուդներյանին:

Նվարդ Տամատյանի մտավոր եւ հոգեւոր արժանիքներով են թրծվել նաեւ նրա քրոջ դստերՙ հայտնի ասմունքող եւ գեղանկարիչ Նորա Ազատյանի եւ նրա տաղանդավոր որդուՙ դերասան-բեմադրիչ Ժիրայր Փափազյանի գեղարվեստական ճաշակները:

Ըստ «Արեւի» հաղորդագրության, վաստակավոր արվեստագիտուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում, որից հետո հանգուցյալի աճյունն ամփոփվել է Հելիոպոլսի Ամենայն սրբոց ազգային գերեզմանատանը իր մեծանուն հորՙ Միհրան Տամատյանի եւ նրա սրտակից Վահան Թեքեյանի դամբարանների շվաքի ներքո:

«Ազգն» իր անկեղծ վշտակցություններն է հայտնում հանգուցյալի քրոջ դստերՙ տկն Նորային եւ նրա ամուսնունՙ ճանաչված մտավորական եւ հասարակական գործիչ Երվանդ Ազատյանին, ինչպես նաեւ Ժիրայր Փափազյան-Նորա Արմանի զույգին եւ համայն սգակիր հարազատներին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4