Երեւանում լույս է տեսել ներկայումս Լոս Անջելեսում բնակվող, Այնթապում ծնված Ռոնեա Թերզյանի «Ջան Կիւլիւմ» ժողովրդական երգերի ու խաղիկների մոտիվներով քառյակների ժողովածուն:
Տարագիր հայ ընտանիքներին բնորոշ ողբերգական ճակատագրից անմասն չի եղել հեղինակի կյանքը: Հալեպում ու Դեր Զորում անցած երիտասարդության տարիները ներարկել են ազգային արժանապատվություն ու հայրենասիրության ոգի: Փոքր տարիքից ծնողազուրկ երեխան վերցնում է բազմանդամ ընտանիքի հոգսն ու պատասխանատվությունը: Իբրեւ մասնագիտություն ընտրում է դերձակությունը: Օժտված լինելով արվեստագետի երեւակայությամբ եւ նուրբ ճաշակովՙ Ռոնա Թերզյանն ավելի հայտնի է ձեռագործ աշխատանքներով: Հմտորեն, վարպետացած ձեռքով ստեղծված նրա ասեղնագործ ժանյակները, գորգերն ու կարպետները բավականին ճանաչված են: Այդ աշխատանքներով նա մասնակցել է մի շարք ցուցահանդեսներիՙ Հալեպում, Երեւանում, Բեյրութում, Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Ցուցահանդեսների եւ գրքերի հասույթը հեղինակը նվիրել է արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին:
Ռոնեա Թերզյանի առաջին գիրքըՙ «Յուշեր Տէր-Զօրէն», տպագրվել է 1997-ին, «Ջան Կիւլիւմը»ՙ 1993-ին Բեյրութում, իսկ 2004-ին վերահրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Սիրուն, կարոտին, բնությանը նվիրված այս խաղիկներիՙ կյանքի, բերկրանքի, ապրելու նուրբ թրթիռների փունջը հեղինակը ձոնել է վաղամեռիկ իր քույրերինՙ Մարի Թյուֆենքճյան-Մխիթարյանին եւ Նվարդ Թյուֆենքճյանին:
Մ. Բ.