«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ԽԱՂԸ

Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

Երբ մարզիկը 53 տարեկանում հասնում է խոշորագույն հաջողությունների, դա կարելի է հերոսություն համարել: Վահանյանն այդ տարիքում օլիմպիադայում ոչ միայն մեկը մյուսի հետեւից հաղթում է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներին, այլեւ ստեղծագործական առումով ցուցադրում է այնպիսի տպավորիչ խաղ, որ իսկական գեղագիտական հաճույք է պատճառում իր խաղին հետեւող շախմատի սիրահարներին: Համոզվելու համար, թե ինչ նվիրվածությամբ է խաղում Հայաստանի հավաքականի համար Վահանյանը, պարտադիր չէ խորանալ դիրքի նրբությունների մեջ: Բայց նաեւ այդ նվիրվածությունն է, որ ոգեւորում է Վահանյանի երիտասարդ թիմակիցներին եւ նպաստում, որ մեր թիմը հավակնի օլիմպիական մեդալների: Կալվիայում անցկացրած ութ պարտիաներում Ռաֆայելը վաստակել է 6,5 միավորՙ լավագույն արդյունքներից մեկը օլիմպիադայի ավելի քան 1100 մասնակիցների մեջ: Վահանյանը տարել է 5 հաղթանակ, այդ թվումՙ այնպիսի նշանավոր գրոսմայստերների նկատմամբ, ինչպիսիք են աշխարհի նախկին չեմպիոն Պոնոմարյովը եւ Սմիրինը, երեք պարտիա ուժի դիրքերից ավարտել է հաշտությամբ, չի կրել ոչ մի պարտություն:

Մեր թիմն արդեն հանդիպել է օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշներ ունեցող հավաքականներին (Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել), ընդ որումՙ վերջին երեք տուրերում: Հայ շախմատիստները նախ փայլուն հաղթանակ տարան իսրայելցիների նկատմամբ (3-1), ապա նվազագույն հաշվով (1,5-2,5) պարտություն կրեցին ռուսաստանցիներից, իսկ հետո ոչ-ոքի (2-2) խաղացին Մայորկայում հրաշալի ելույթ ունեցող ուկրաինացիների հետ:

Ինը տուրից հետո իրավիճակն առաջատարների խմբում այսպիսին է. Ուկրաինաՙ 27 միավոր, Ռուսաստանՙ 24,5, ԱՄՆՙ 24, Հայաստան, Իսրայելՙ 23,5-ական:

Կանանց մրցաշարում կասկած չի առաջացնում Չինաստանի հավաքականի վերջնական հաղթանակը: Չինուհիները շահել են բոլոր 9 մրցախաղերը, եւ այժմ, երբ մինչեւ եզրագիծը մնացել է 5 տուր, վաստակել են 23,5 միավորՙ 6-ով ավելի, քան մոտակա թիմերըՙ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Հունգարիան:

Հայ շախմատիստուհիները 16,5 միավորով բաժանում են 8-12-րդ տեղերը: Վերջին երեք տուրերում մեր աղջիկները հանդիպեցին երեք համբավավոր թիմերի հետ. նախՙ Ուկրաինայի (1,5-1,5), ապաՙ ԱՄՆ-ի (1-2) եւ վերջապեսՙ Անգլիայի (2-1): Արժե ընդգծել, որ մինչեւ այժմ օլիմպիադայում ոչ մի պարտություն չեն կրել մեր գրոսմայստերներըՙ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Առանձնապես հաջող է խաղում Մկրտչյանը: Տանելով չորս հաղթանակ եւ չորս հանդիպում ավարտելով ոչ-ոքի, նա իր խաղատախտակի վրա ամենաբարձր արդյունքներից մեկն ունի:

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մայորկա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4