«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՁԵՎԱԿԵՐՊԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» ժամկետից շուտ պաշտոնապես գրանցեց իր հերթական չեմպիոնությունը: «Փյունիկը» 4-րդ տարին անընդմեջ հռչակվեց ՀՀ չեմպիոն: Փյունիկցիները Հայաստանի առաջնություններում 7-րդ անգամ ճանաչվեցին ուժեղագույնը: Այս երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են:

«Փյունիկի» չեմպիոնությունը ոչ մեկի կասկածը չէր հարուցում դեռեւս առաջնության երկրորդ շրջանի ավարտից հետո: Թեեւ թիմում մեծ մասամբ երիտասարդներ են, սակայն «Փյունիկի» առավելությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ է: 25-րդ տուրում 6-1 հաշվով հաղթելով «Կոտայքին», փյունիկցիներն անհասանելի դարձան մրցակիցների նկատմամբ: Այդ խաղում «հեթ-տրիկի» հեղինակ դարձավ Գալուստ Պետրոսյանը, որը 19 գնդակով կրկին գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Իսկ ահա նրա թիմակից Էդգար Մանուչարյանը, որ նախորդ խաղում 3 գնդակ էր խփել եւ 17 գնդակով լավագույն ռմբարկուն էր, այս անգամ չկարողացավ իր հաշվին գոլ գրանցել: «Կոտայքի» դարպասը մեկական գնդակ խփեցին նաեւ Աղվան Մկրտչյանը, Լեւոն Փաչաջյանն ու Տիգրան Դավթյանը: «Կոտայքից» միակ գոլն իր օգտին գրանցեց Արման Մինասյանը: Նշենք, որ «Կոտայքի» նկատմամբ հերթական հաղթանակը «Փյունիկի» 15-րդ անընդմեջ հաղթանակն էր: Դա Հայաստանի առաջնությունների յուրօրինակ ռեկորդ է: Ավելացնենք նաեւ, որ արդեն 2-րդ մրցաշրջանն է, ինչ «Փյունիկը» դեռեւս չի պարտվել: Թիմի անպարտելի խաղերի քանակը տպավորիչ է (56 խաղ):

Եթե չեմպիոնության համար մրցավեճի ելքը վաղուց էր վճռված, ապա մրցանակային մյուս երկու տեղերի համար թեժ պայքար է ընթանում: Այս առումով շատ հետաքրքրական էին «Բանանց»-«Միկա» եւ «Արարատ»-«Կիլիկիա» հանդիպումները: Առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1): Հաշիվը 4-րդ րոպեին բացեց «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանը, իսկ 60-րդ րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստ Ռոմեո Ջենեբյանը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ ահա «Արարատը» շնորհիվ բրազիլացի Ռենատոյի խփած միակ գոլի հույժ կարեւոր հաղթանակ տարավ եւ շրջանցեց «Բանանցին»:

Ընթացիկ առաջնությունում չափազանց սուր մրցակցություն է ծավալվել բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: «Կիլիկիան» ու «Կոտայքը» պարտվեցին: Իսկ ահա «Շիրակը» Գյումրիում մեկ միավոր վաստակեց «Դինամո-Զենիթի» հետ մրցախաղում: Գրանցված 2 գոլերն էլ խփվեցին 11 մ հարվածներով: Նախ դիպուկ հարվածով աչքի ընկավ հյուրերից Լեւոն Սարգսյանը, ապա 11 մ-ն իրացրեց շիրակցի Երվանդ Հակոբյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ23203078-2163
2. Միկա23136434-2245
3. Արարատ25116838-3039
4. Բանանց24115836-3338
5. Դ.-Զենիթ24761121-3927
6. Շիրակ25481325-4420
7. Կոտայք24461425-4818
8. Կիլիկիա24441626-4616

Ռմբարկուները

Գալուստ Պետրոսյան «Փյունիկ»19
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»17
Նշան Էրզրումյան «Կիլիկիա»15
Լեւոն Փաչաջյան «Փյունիկ»13
Արմեն Շահգելդյան «Միկա»11

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4