«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ՆԱՎԹԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՀՈՒՍԱԼԻՑ Է

Իրանը վերջերս Հայաստանին խոստացավ 30 մլն դոլարի վարկ տալ կառուցելու համար Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը: Այդ առթիվ նավթարդյունաբերության լոնդոնաբնակ մասնագետ Արմեն Սահակյանը, որն այդ ծրագրի մշակման փուլում գործնական դերակատարություն է ունեցել, կարծիք է հայտնել, որ այդ խողովակաշարի շինարարությունը կարող է իրականություն դառնալ: Նա բազմիցս եղել է Հայաստանում եւ, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթրի» լրատվության, էներգետիկայի նախարարության հետ ուսումնասիրել է ծրագրի մանրամասները: 1997-ին Իրան է մեկնել եւ բավականաչափ պարսկերեն իմացությունն ու ծանոթություններն իրանական ազգային նավթարդյունաբերական ընկերությունում նպաստել են բանակցություններ վարելուն: «Պաշարների առումով Իրանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, եւ կառավարությունը պատրաստ է իրականացնելու ծրագիրը: Դրա վառ ապացույցն է Հայաստանին վարկավորելը, որն էլ առավել իրատեսական կդարձնի այդ նախաձեռնությունը», հայտարարել է նա:

Արմենը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռն է: Ծնվել է Բաղդադում, որտեղ հայրըՙ Սուրենը որպես քիմիկոս աշխատել է Իրաքի նավթարդյունաբերական ընկերությունում: Պապըՙ Ավետիքը, Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Թավրիզ, Թեհրան եւ այնտեղիցՙ Բաղդադ: 1940-ականներին ընտանիքը դարձյալ Իրան է տեղափոխվել: Հայրը գրախանութ է բացել այնտեղ եւ դարձել ֆրանսիական հրատարակչությունների ներկայացուցիչը: Մայրըՙ Մոսկվայի երաժշտանոցի շրջանավարտ, դաշնամուրի դասեր է տվել Իրանում: Թեհրանում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Արմենն ուսումը շարունակել է Բեյրութի ամերիկյան, ապա Մյունխենի (Գերմանիա) եւ Միչիգանի (ԱՄՆ) համալսարաններում: Այնուհետեւ իրանական ազգային նավթարդյունաբերական ընկերության կրթաթոշակով նաեւ Հարվարդի համալսարանն ավարտելով, վերադարձել է Իրան եւ աշխատել 2 տարի միեւնույն ընկերությունում որպես երկրաբան:

Ամերիկյան Կոնոկո ընկերությունից աշխատանքի հրավեր ստանալով տեղափոխվում է Նյու Յորք, ապա Լոնդոն, որտեղ դառնում է նավթային ընդերքների շուրջ բանակցություններ վարելու եւ պայմանագրեր կնքելու բաժնի տնօրեն: Այժմ անկախ խորհրդատու է եւ ընդարձակ կապերի շնորհիվ փնտրված մասնագետ: Իր կնոջՙ պարսկահայ Նաիրիի հետ ճանաչված անձնավորություն է Լոնդոնի հայկական համայնքում: 1989-1995 թթ. եղել է Լոնդոնի հայկական եկեղեցու խորհրդի նախագահը:

«Առաջընթացի տեսակետից Հայաստանը շատ ավելի լավ դիրքերում է, քան իր հարեւանները, եւ ես կուզեի իմ կարողությունների սահմաններում նպաստել երկրի բարեկեցությանն ու զարգացմանը», նշում է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4