«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2004-10-22 | #188, 2004-10-23 | #189, 2004-10-26


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՎ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԷԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱԺ-Ի ՄՈՏ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին Հյուսիսային պողոտայի տարածքի մի խումբ բնակիչներ ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել, որին միացել էին նաեւ Դալմայի այգիների վարձակալներից ոմանք: Ինչպես հայտնեց «Հյուսիսային պողոտա» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը, այդ տարածքի նախկին բնակիչները պահանջում են չեղյալ համարել իրենց հետ իշխանությունների կնքած պայմանագրերը, ավելացնել իրենց բնակտարածքների համար փոխհատուցման գումարները կամ իրենց ապահովել բնակարաններով: Նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը գրավոր դիմել է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին, որը, չնայած արագ արձագանքելու խոստմանը, դեռեւս որեւէ պատասխան չի տվել: Մինչդեռ, ըստ Հակոբյանի, ԱԺ ղեկավարությունը պետք է որ արձագանքեր այն իրողությանը, որ կառավարությունը, փաստորեն, իր վրա է վերցրել խորհրդարանի իրավասություններըՙ քաղաքացիների մասնավոր սեփականությունն օտարել առանց համապատասխան օրենքի:

«Մենք դեմ ենք կառավարության մեկը մեկին հաջորդող ապօրինի որոշումներին», հայտարարեց Դալմայի այգիների վարձակալ Ջեմա Կիրակոսյանը: Ըստ նրա, այգիների տարածքում կան բավականաչափ ամայի տարածքներ, որոնք կարելի էր կառուցապատել, սակայն այդ նպատակով չգիտես ինչու ընտրվել են հենց վարձակալների մշակված եւ բարեկարգված հողակտորները:

«Դալմայի այգիների վերաբերյալ նոր որոշումով կառավարությունը փորձում է մասնատել վարձակալներին եւ ճեղքել նրաց շարքերը», հայտարարեց Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահ Արեւշատ Ավագյանը: Նա նկատի ուներ այն որոշումը, որով կառավարությունը թույլատրել էր որոշ վարձակալների վարձակալության ժամկետը երկարացնել: Ավագյանը նշեց, որ ֆոնդը պատրաստ է նեցուկ կանգնել եւ Հյուսիսային պողոտայի բնակիչներին, եւ Դալմայի մշակութային համալիրի վարձակալներին, եւ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին, որը նույնպես ցանկանում են տեղահան անել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4