«Ակունք» էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը երեք տարի առաջ առաջարկել է Հայաստանում գործող բոլոր աղանդների ուսումնասիրության ծրագիր, որի հիմնական նպատակներից մեկը եղել է «Եհովայի վկաներ» կազմակերպությանը անդամագրվողների սոցիալական, կրթական, սեռատարիքային եւ այլ առանձնահատկությունների հետազոտումը: Ծրագիրը ներկայացվել է Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին եւ մի քանի բարձրաստիճան այրերի, սակայն ֆինանսական ոչ մի աջակցություն չի ստացել: «Արդեն իսկ այդ ժամանակ մենք զգում էինք խնդրի հրատապությունը, որովհետեւ «Եհովայի վկաներն» իրենց գործունեության ագրեսիվությամբ հասարակական համագործակցության տեսանկյունից լուրջ ազդեցություն են գործում հատկապես սոցիալական կապերի թուլացման, ընտանիք ներընտանեկան փոխհարաբերությունների, միջանձնային շփումների հարցերում եւ ընդհանրապես հասարակության մեջ կատարում են ապակառուցողական գործունեություն: Առաջին հերթին կառանձնացնեի ազգային անվտանգության խնդիրը, որը շատ լուրջ խնդիր է, որովհետեւ մեր աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ չի տալիս շրջանցել ազգային գաղափարախոսության, հոգեբանության ու բանակի հարցերը, որոնց հանդեպ «Եհովայի վկաները» բավականին ագրեսիվ են տրամադրված: Նրանք իրենց ամբողջ հայացքով շրջվել են դեպի հասարակություն, մի բան, որը խիստ վտանգավոր է մեր հասարակության համար, քանի որ նրանք իրենց ծանր վարվելակերպով կարողանում են իրենց նպատակներին հասնել: Վիճակագրական տվյալներով կան 8 հազար «Եհովայի վկաներ» եւ 20 հազար համակիրներ, սա բավականին մեծ թիվ է, որը աճելու միտում ունի», ասում է կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը:
«Եհովայի վկաների» պաշտոնական գրանցումը, ըստ նրա, կազմակերպությանը բացահայտ գործունեություն ծավալելու հնարավորություն տվեցՙ միանգամից ազատելով ծպտյալ վիճակից: Նրանց ամեն կողմից քննադատելու փոխարեն նա անհրաժեշտ է համարում հանդես գալ որոշակի առաջարկներով: Ամենից կարեւորը նա համարում է հասարակական գիտակցության մեջ լուրջ հակակշիռ առաջացնելու հանգամանքըՙ հասարակության բոլոր անդամներին այդ կազմակերպության մասին իրազեկելով, երկրորդըՙ իրավական դաշտից դուրս նրանց գործունեությունը խստորեն պատժելը, բացահայտ ագրեսիվությունը մեղմելու նկատառումով: Հայ առաքելական եկեղեցին եւս պետք է օգտագործի բոլոր հնարավորություններըՙ հատկապես մարզերում ամենօրյա բացատրական աշխատանք ու քարոզչություն տարածելու համար: Նա պատմեց, որ Գյումրու Ավստրիական թաղամասում հանդիպել է մի կնոջ, որը միաժամանակ հաճախել է «Հիսունականների» եւ «Եհովայի վկաների» հավաքներին, իսկ շաբաթ օրերին մեղքի թողություն հայցել Հայ առաքելական եկեղեցում: Կինը խոստովանել է, որ մի աղանդից բրինձ է ստանում, մյուսիցՙ ձեթ, այդ պատճառով էլ չի կարող հրաժարվել հավաքներին մասնակցելուց:
Աշխարհի փորձն աչքի առաջ ունենալով նա եզրահանգում է, որ Հայաստանում աղանդներն առաջիկայում չեն վերանա, էլ ավելի կընդարձակվեն, որովհետեւ դրանց հետեւում կանգնած են հզոր ուժերՙ իրենց շահերով ու հետաքրքրություններով: Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է դիմագրավի դրանց, հատկապես երբ այնտեղ բնակչության 50 տոկոսն ապրում է աղքատության մեջ:
ԳԱ ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող Սամվել Մկրտչյանն ավելացնում է, որ իրենց ուսումնասիրությունը կունենար ոչ միայն զուտ ճանաչողական, այլեւ կիրառական նշանակություն, քանի որ պետք է նախանշեր այն բոլոր ուղիները, որոնցով կարելի էր դուրս գալ ստեղծված վիճակից. «Ներկայիս կրոնական վիճակը բնորոշ է եղել 19-րդ դարի վերջի Հայաստանի տարբեր բնակավայրերին: Ընդհանուր շատ երեւույթներ կան այդ շրջանի հետ, որոնք կամենում էինք իմ կազմած ծրագրով ուսումնասիրել, սկսելով այժմ գործող աղանդների տեսակներից: Որքան էլ զարմանալի է, առ այսօր դրանց մասին հստակ ու վերջնական տվյալներ չկան:
Վերջերս Մեղրիում տուրիզմի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելիս ինքնաբերաբար առնչվեցի այնտեղ գործող աղանդներին, որոնք արագորեն զարգանում են, հատկապես «50-ականներն» ու «Եհովայի վկաները»: Նրանց մասին կոշտ խոսքեր ասելու փոխարեն, կարծում եմ, պետք է խորանալ դրդապատճառների մեջ. ինչո՞ւ են մարդիկ դառնում աղանդավոր, որտե՞ղ են այն մեխանիզմներն ու ուղիները, որոնցով կարելի է կանխարգելել դրանց աճը: Հայ առաքելական եկեղեցին եւ պետական կառույցները պարտավոր են աշխատել այնպես, ինչպես աշխատում են աղանդավորական կազմակերպությունները», ասում է նա:
Նրա դիտարկմամբ, եթե աղանդների աճի ներկայիս միտումը շարունակվի, առաջիկայում կնկատվեն մոլեռանդության դրսեւորումներ, որոնց ուժեղացման հետ կավելանա ապազգային աշխարհընկալումը: «Մեր ժողովրդի պատմության մեջ կրոնականն ընկալվել է որպես ազգային, ազգայինըՙ կրոնական, դրանք միաձույլ են եղել, իսկ այսօրվա շեղումը տանում է ազգային մշակույթից օտարացման, որը խիստ ընդգծված կդրսեւորվի ապագա սերունդների մեջ», նշում է պրն Մկրտչյանը:
Գուցե այժմ միջոցներ կգտնի այդ ծրագիրը իրականացնելու համար, որպեսզի բարձրագոչ խոսքերը փոխարինվեն կոնկրետ գործով:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ