Աշնանային առաջին հանրահավաքը խաղաղ ընթացք ու ավարտ ունեցավ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Անկախացումից հետո քաղաքական դրդապատճառներով ցնցումների մեջ ամենից ուժգինը թերեւս հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր: Հենց այն փաստը, որ մեր երկրում տեղի ունեցավ ընդհանրապես ողջ աշխարհի կտրվածքով աննախադեպ ոճրագործություն, վկայում է, որ Հայաստանում այսօր արձանագրվող ճահճային անդորրը շարունակական լինել չի կարող: Երկարատեւ ընդմիջումից հետո ընդդիմությունն այսօր հանրահավաք հրավիրեց եւ Հայաստանի քաղաքական դաշտում հարաբերական անդորրը կարծես թե ուզում է խախտել: Հանրահավաքի շարժառիթը հակաահաբեկչական ակցիան էր` հոկտեմբերի 27-ի, Բեսլանի զոհերի եւ ընդհանրապես ահաբեկչության դեմ ուղղված:
Ճերմակ վերնազգեստներով երիտասարդ տղաներ ու աղջիկներ ահաբեկչությանը ոչ ասող պլակատներով մտան Ազատության հրապարակ: Հետո ընդդիմությունը հանդիսավորությամբ զբաղեցրեց իր տեղը հարթակի վրա: Հնչում էր հուզիչ երաժշտություն: Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների եզրերին նստոտած տարեց կանայք աշխույժով շաղակրատում էին հայրենասիրության ու սոված գյուղերի մասին: Համենայն դեպս, հանրահավաքները նաեւ զանգվածային թամաշայի տեսակ են դարձել:
Հրապարակի կենտրոնը դժվարությամբ է լցվում մարդկանցով, ավելի շուտ, մինչեւ միտինգի ավարտն այդպես էլ չի լցվում: Աչք ծակող հանգամանքը երիտասարդական տարիքը վաղուց անցած մարդկանց առատությունն է, տպավորությունն այն է, որ հանրահավաքների հավատավոր երկրպագուներ մնում են միայն տարեցները: Երիտասարդների մի մասը բազեացել է, մի մասը երեւի աշխատանք ունի, մի մասն էլ փնտրում է... դրսում:
Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ունակ խանդավառ զանգվածը չկա, հանգամանք, որ անտեսում են այս հասարակությունը երջանկացնելու կոչված ընդդիմադիրները: Եվ ինչքան էլ ակցիայի գլխավոր բանախոս Բազեյանը փորձեր հավատացնել ունկնդիրներին, թե ոստիկանությունը Աբովյանից Երեւան հակաահաբեկչական ակցիային մասնակցելու ճանապարհված 300 մարդու հետ է դարձրել, ակնհայտ էր, որ, այնուամենայնիվ, ոստիկանները չէին հրապարակի սակավամարդության մեղավորը: Ոստիկաններն ընդամենը հրապարակային միջոցառման հարկադիր մասնակիցներն էին, որոնք հարկ եղածից ավելի փութաջանությամբ լցվել էին հրապարակի մերձակա այգիներն ու պուրակները:
Ժամանակը մոռացության ստվեր է նետում նույնիսկ հոկտեմբերի 27-ի նման ահավոր հանցագործության վրա: Այն այսօր իրապես հուզում է միայն դրանից անմիջականորեն տուժած մերձավորների սրտերը, որոնք քաղաքական իրադարձությունների կենտրոնում են: Մարդկայնորեն լիովին հասկանալի լինելով, այնուամենայնիվ, իրողությունը թերահավատության հերթական սնունդն է դառնում քաղաքական իրադարձությունների առայժմ հանդիսատես հասարակության համար: Եվ բազմահազարանոց հավաքներ տեսած հրապարակը երեկ դատարկ էր թերեւս նաեւ այդ պատճառով:
Չնայած հանրահավաքի կազմակերպիչները կանխավ տեղեկացրել էին, թե իշխանությունների ու իշխանափոխության վերաբերյալ կոչեր չեն հնչի, այնուամենայնիվ, Ալբերտ Բազեյանի` հոկտեմբերի 27-ի հետեւանքների վերլուծությունն ամբողջովին հենված էր այդ տրամաբանության վրա: «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ամբողջովին փոխեց մեր երկրի զարգացման ուղղությունը: Քոչարյանի իշխանությունը դարձավ լիովին անվերահսկելի, երկիրը հանձնվեց կլանային իշխանության տնօրինությանը»:
Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը ցավ հայտնեց, որ ոչ միայն երկրի ներկա իշխանությունները, այլեւ 27-ի նահատակների նախկին զինակիցներն ու մտերիմները, որոնք այսօր կարեւոր պաշտոններ են զբաղեցնում, այս 5 տարիներին երբեւէ պետական մակարդակով զոհերի հիշատակի մեծարում չնախաձեռնեցին, որ նրանց անունների հիշատակման վրա անգամ տաբու է դրված:
«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը պետության ղեկավարին մեղադրեց ծանրագույն հանցագործության` հոկտեմբերի 27-ի իրադարձություններին մեղսակից կամ տեղյակ լինելու մեջ: Նա թարմացրեց ներկաների հիշողությունը` մեջբերելով նախաքննության ու դատաքննության, վկաների մահվան առեղծվածային հանգամանքները:
Հանրահավաքային նախորդ սեզոնից շահավետ տարբերությունը Աշոտ Մանուչարյանի հայտնվելն էր բանախոսների ցանկում: Հռետորական բոցաշունչ ոգով նրա ելույթը ոգեւորեց հանրահավաքի մասնակիցներին: Ակցիայի բովանդակության նրա ձեւակերպումը այսպիսին էր` ահաբեկչությունը մարդուն կրակոցով սպանելը չէ, ահաբեկչություն է նաեւ հոգու սպանությունը:
Ակցիայի հաջորդ տողը խաղաղ երթն էր դեպի Ազգային ժողովի մատույցներ: Մասնակիցներին մեխակներ բաժանվեցին, որոնք նրանք կախեցին ԱԺ դարբասների ճաղերի վրա: ԱԺ ղեկավարությունից թույլտվություն ստացած 50 մարդու, համաձայն ցուցակի, դաշինքի ներկայացուցիչների հետ ԱԺ բակ թողեցին: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղկեպսակ դրին հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին:
Այսօր կշարունակվեն հոկտեմբերի 27-ին նվիրված արարողությունները` կեսօրից հետո մեկ առ մեկ այցելելով Կոմիտասի անվան ու քաղաքային պանթեոններ` հարգելու ահաբեկչության բոլոր զոհերի հիշատակը: