ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթըՙ վկայակոչելով «իրազեկ աղբյուրներ», հաղորդում է, որ արդեն եկող տարվա գարնանը պատրաստ կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը: Թերթի համաձայն, Բաքվի եւ Երեւանի պաշտոնական անձանց, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերի միջեւ բանակցությունների վերջին փուլի ընթացքում ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մասնավորապես, նրանք վկայաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովին, որը օրերս հայտարարել է փորձագետների մակարդակով ադրբեջանա-հայկական կոնկրետ փաստաթղթերի մանրակրկիտ քննարկումն սկսելու անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ նրա, «շատ բան արդեն քննարկված է»:
Թերթը գրում է, որ, իր աղբյուրների համաձայն, «եթե ֆորս-մաժորային հանգամանքներ չլինեն, ապա մոտավորապես գարնան վերջին Ղարաբաղյան խաղաղ համաձայնագիրը պատրաստ կլինի եւ այն հարկ կլինի հրապարակել»: Հենց սրանով է թերթը բացատրում այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սկսել է մի շարք կադրային փոփոխություններ, որով նպատակ ունի ապահովագրել իրեն ապագա լարված իրադրության դեպքում: Ասվածը թերթը հիմնավորում է ադրբեջանցի մի քաղաքագետի խոսքերով. «Չէ որ հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակներից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ համապատասխանել Ադրբեջանի ազգային-պետական շահերին, ճիշտ այնպես, ինչպես որ Հայաստանի»: