ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանն անցնող շաբաթավերջին Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանին: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները, հանդիպման մասնակիցները կանգ են առել խնդրի խաղաղ լուծման գործընթացը խոչընդոտող գործոնների վրա, հաղորդում է «Մեդիամաքսը»:
«Մասնավորապես խոսք է գնացել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, հայ ժողովրդի նկատմամբ ատելություն բորբոքող այդ երկրի պաշտոնական քարոզչության մասին», հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ում: Ղուլյանը նշել է հակամարտության մեջ ներքաշված հասարակությունների ներուժի օգտագործման կարեւոր նշանակությունը, ինչը, նրա կարծիքով, այսօր չի գործածվում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Սթիվեն Մանը նշել է, որ հակամարտության կողմերի մեջ քաղաքական կամքի արտահայտությունը, ինչպես նաեւ հասարակական բարենպաստ կարծիքն այն անհրաժեշտ պայմաններն են, առանց որոնց հնարավոր չէ հասնել վերջնական խաղաղության:
Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգներ էր մեկնել մասնակցելու Միչիգանի համալսարանում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ներկայացուցչական կոնֆերանսին: Մասնավորապես, Ղուլյանից բացի, ելույթներ են ունեցել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ղարաբաղյան հարցով ՌԴ նախկին բանագնաց Վլադիմիր Կազիմիրովը, ղարաբաղյան հարցի այլ գիտակներ: