Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանը Մ. Նահանգների հայ համայնքին կոչ է արել նոյեմբերի 2-ին քվեարկել հօգուտ նախագահի թեկնածու Ջոն Քերիի, քանի որ վերջինս, ի տարբերություն Ջորջ Բուշի, համարձակորեն ելույթներ է ունենում ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա նշել է, որ իրենց անհանգստացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժած Բուշի վերընտրվելու նախնական կանխատեսումները:
Միաժամանակ հիշեցրել է, որ 2003 թվականի դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է հայ համայնքի երկարատեւ ջանքերից հետո, ինչը կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ շվեյցարացիների համար: Շվեյցարիայի եւ Մ. Նահանգների սահմանադրություններում ամրագրված մարդու իրավունքների, ազատության, արդարության եւ ժողովրդավարության մասին խոսքերը, ըստ նրա, կմնան ընդամենը դատարկ խոսքեր, եթե մեր քաղաքական գործիչներն անկարող լինեն դրանք գործողության վերածել:
Նոյեմբերի 2-ին Ջոն Քերիին ընտրելով, բոլոր ամերիկահայերը եզակի հնարավորություն ունեն իրականացնելու իրենց համար անչափ կարեւոր խնդիրներՙ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Հայաստանի եւ Արցախի բարգավաճումը:
«Մի բան պարզ է, որ եթե բոլոր ամերիկահայերը, նույնիսկ իրենց կյանքում միշտ հանրապետականներին ընտրողները միավորվեն եւ իրենց ձայնը տան արդարության հաղթանակին, մեզանից ամեն մեկն իրավունք կունենա ասելու. «Ես ինչ-որ բան փոխեցի»: Նա հավելել է, որ բոլոր ձայները հաշված են, հատկապես Վիսկոնսին, Օհայո, Փենսիլվանիա եւ Ֆլորիդա նահանգներում:
«Գնացեք եւ Քերիին ընտրելով նոյեմբերի 2-ին պատմություն ստեղծեք», խոսքն ավարտել է նա:
Ռ. Պ.