Միացյալ Նահանգները «վճռականորեն կոչ է անում» Ադրբեջանին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել օրենքի գերակայությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ադամ Էրելինՙ մեկնաբանելով 2003 թ. Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Բաքվի հանրահավաքներին եւ ցույցերին մասնակցող ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները:
«Մեդիամաքսը» մեջբերում է Էրելիի խոսքերը. «Մենք հիասթափված ենք այն փաստից, որ դատական գործընթացների արդյունքը չի համապատասխանում արդար, անկախ եւ անկանխակալ իրավական ընթացակարգեր ապահովելու Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Մեր գնահատմամբ, դատական գործընթացն ակնհայտորեն չէր համապատասխանում այդ չափանիշներին, եւ մենք վճռականորեն կոչ ենք անում Ադրբեջանին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել օրենքի գերակայությունն ապահովելու համար»:
«Ազգի» կողմից հավելենք, որ ինչքան խորանում են Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին փոխհարաբերությունները, այնքան Վաշինգտոնն Ադրբեջանի դիկտատոր նախագահի եւ Բաքվի իշխանությունների հանդեպ քննադատական հայտարարություններ է հնչեցնում: Նախագահ ընտրվելուց հետո Ալիեւն արդեն 3 անգամ մեկնել է Պուտինի մոտ, մինչդեռ երբ Ադրբեջանի ղեկավարը Նյու Յորքում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով, նրան չընդունեց ամերիկացի բարձրաստիճան եւ ոչ մի պաշտոնյա:
Ավելորդ չէ հիշեցնել, որ 2003 թ. հոկտեմբերի 15-16-ը Բաքվում տեղի ունեցած բռնարարքներն ընդդիմության թեկնածուների նկատմամբ ԱՄՆ իշխանությունները գրեթե անուշադրության մատնեցին: Նախագահական ընտրությունների հաջորդ մի քանի օրերին ձերբակալվեցին եւ դաժանաբար ծեծվեցին ընդդիմության տասնյակ ակտիվիստներ, բռնություններ կիրառվեցին ադրբեջանցի 71 լրագրողների նկատմամբ: