«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈ՞Վ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Թե՞ այդ հարցն առանց Հայաստանի մասնակցության լուծելու արատավոր պրակտիկայի նոր դրսեւորում

Նախորդ համարում «Ազգը» տեղեկացնելով Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջը քննարկումների աշխուժացման մասին, քննարկումները պայմանավորել էր հայկական նախաձեռնություններով, իսկ նախաձեռնություններըՙ Եվրոմիության շահագրգռություններով:

Նախաձեռնությունների պարագայում խոսքն առաջին հերթին վերաբերում էր հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում Եվրոխորհրդարանի հովանու ներքո, ՀՅԴ Հայ դատի, Եվրոմիության հանձնախմբի եւ իրեն Եվրոպահայերի ֆեդերացիա կոչող կազմակերպության համատեղ ջանքերով կազմակերպված Եվրոպահայերի առաջին համագումարին, ինչպես նաեւ հոկտեմբերի 28-30-ը Վենետիկում «Հայերն ու թուրքերը պատմության մեջ. 1000 տարվա վաղեմության հարաբերություններ» թեմայով կազմակերպվող գիտաժողովին:

Հիշեցման կարգով նշենք, որ գիտաժողովին հոկտեմբերի 15-ի համարում անդրադարձել է «Ակօսը»: Թեեւ Ստամբուլում հրատարակվող այս շաբաթաթերթը կազմակերպիչների մասին չի նշել, սակայն գիտաժողովի հրավիրման վայրը եւ դրա աշխատանքներին Լեւոն Զեքիյանի, Ռայմոն Գեւորգյանի մասնակցությունը որեւէ կասկած չի հարուցում, որ հայկական է նաեւ գիտաժողովի նախաձեռնությունը:

Ի դեպ, գիտաժողովին Հայաստանից մասնակցում է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը, ըստ երեւույթին, Զեքիյանի եւ Գեւորգյանի նման առանց զեկուցման, քանի որ «Ակօսը» զեկուցողների շարքում չի նշում հայաստանցի թուրքագետի անունը: Ինչ վերաբերում է գիտաժողովի մյուս մասնակիցներին, ապա նրանցից Թաներ Աքչամը հանդես է գալու «Իթթիհադական լուծում Հայկական հարցին եւ հանրապետական թուրքի ինքնության խնդիրը» զեկուցմամբ, Իվ Թերնոնը «Ուրացման հոգեբանությունը», Մուրադ Բելգենՙ «Հայկական հարցը եւ մարդու իրավունքները», Բասքըն Օրանըՙ «Մի տաբուի ծագումը. Հայկական հարցում թուրքական հանրային կարծիքի պատմահոգեբանական արգելքը», Ֆերհադ Քեմալըՙ «Թուրքիայում հայ լինելու արվեստը», Ռագըփ Զարաքոլունՙ «Օսմանյան բազմատարր հասարակությունից դեպի հանրապետության շրջանի ազգային գերիշխանություն. ո՞րն է ելքի ճանապարհը» զեկուցումներով:

Բոլոր զեկուցումներն ուղղակիորեն վերաբերում են Հայոց ցեղասպանությանը կամ առնչվում ցեղասպանության խնդրին, քանի որ Հայկական հարցը ներկայիս ըմբռնմամբ, հատկապես թուրք գիտնականների հետ հանդիպումներում ներառում է այդ խնդիրը: Իսկ Թուրքիայում առկա տաբուն, ինչպես նաեւ թուրքական հանրային կարծիքի առջեւ ծառացած պատմահոգեբանական արգելքն անմիջականորեն բխում են ցեղասպանությունից:

Հայկական նախաձեռնությամբ կազմակերպված այս գիտաժողովը, ինչպես «Ակօսն» է վկայում, հրավիրվել է պատմական ընդարձակ ժամանակահատվածի ծիրում թուրք գիտնականների հետ Հայկական հարցը բազմակողմանի քննարկելու եւ կողմերի մերձեցմանը նպաստելու նպատակով: Թերեւս այդ առումով պատահական չէ գիտաժողովի թեման, առավել եւսՙ դրա «1000 տարվա վաղեմության հարաբերություններ» ձեւակերպումը:

«Կողմերի մերձեցման» հանգամանքը պարզ չէ: Սակայն հարաբերությունների պարագայում խնդրո առարկան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հետեւանքով դրանց չկարգավորվածությունն է: Գուցե Վենետիկում թուրք գիտնականների հետ հայ-թուրքական հարաբերությունների, Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության քննարկումները չանդրադառնան Հայաստանի վրա, սակայն քննարկումների արդյունքներն անդրադառնալու են:

Անդրադարձը հատկապես նկատելի է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քանի որ ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի հիմնախնդիրներից է: Եթե մի կողմ թողնենք այն, որ Վենետիկի գիտաժողովին հայաստանցի գիտնականը մասնակցում է առանց զեկուցման, ինչը Հայաստանի ներկայությունն այնտեղ դիտորդի կարգավիճակով է սահմանափակում, անհնար է շրջանցել կազմակերպչական թերությունները: Այն առումով, որ գիտաժողովին 4 հայ մասնակցի դիմաց հրավիրվել է 6 թուրք մասնակից, ընդ որում զեկուցմամբ հայ մասնակիցներից հանդես է գալու միայն մեկը, իսկ թուրք մասնակիցներիցՙ բոլոր վեցը:

Այս անհամաչափությունը մտահոգության տեղիք է տալիս հատկապես Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն ուղղակի կամ Հայկական հարցի ենթատեքստում թուրք գիտնականների հետ քննարկելու առումով: Մտահոգությունն էլ ավելի է խորանում, երբ քննարկումների հիմքում դրվում է «կողմերի մերձեցմանը նպաստելու» նպատակը:

Մտահոգության պարագայում խնդիրը սոսկ գիտաժողովի մասնակիցների քանակական անհամաչափությունը չէ, այլ հայկական նախաձեռնությամբ պայմանավորվող այս միջոցառումները հայկական իրականությունից կտրելու, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող խնդիրները թուրքական կողմի հետ քննարկելիս Հայաստանն անտեսելու դրսեւորումներն են: Եթե քննարկումը ենթարկվում է քննարկվող հիմնահարցերի լուծմանը, ուրեմն Վենետիկի գիտաժողովի կազմակերպիչներն էլ հետամուտ են Հայկական հարցն առանց Հայաստանի մասնակցության լուծելու արատավոր պրակտիկային:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4