«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅՈՒՄ

Փաստում է նաեւ ՀՀ նախագահը

Այս տարվա կեսից ավելացել են Հայաստանում գործող ձեռնարկությունները: Խոսքը «Նեոլիտա» քարի մշակման գործարանի եւ երկու գործարաններիՙ «Էներգոկոմպլեքս» ՍՊԸ, «Արմենիան մոլիբդեն պրոդակշն» համալիրի մասին է: Երկուսում էլ ապահովվում են եվրոպական չափանիշների արտադրանք եւ արտադրություն: Սա փաստեց երեկ գործարաններ կատարած այցելության ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռուսաստանի Դաշնությունում հզորությամբ 4-րդ կահույքագործական արտադրության սեփականատեր Յուրի Սարկիսյանի 2 մլն 100 հազար դոլարի ներդրումն ապահովել է ամսական 10 հազար քմ քար մշակելու հզորությամբ «Նեոլիտա» գործարանի լինելիությունը: Գործարանում առայժմ աշխատում է մեկ հոսքագիծ: Այն ժամանակակից է եւ իտալական արտադրության: Յուրի Սարկիսյանի հավաստմամբ, ում պատկանում է «Նեոլիտայի» բաժնետոմսերի 75 տոկոսը, մոտ ապագայում կընդլայնվի արտադրությունը եւ օնիքսի հանքավայրի մշակման աշխատանքներ կսկսվեն Արցախում: Գործարանի արտադրած մարմարե, ֆելզիտե եւ այլ բնական քարերից սալիկները արտահանվում են ՌԴ եւ ԱՄՆ: Պահանջարկը չափազանց մեծ է Մ. Նահանգներում, գործարանատերը պատրաստվում է պարզելՙ պատճառն էժան լինելն է, թե՞ պահանջարկը պայմանավորված է անհրաժեշտությամբ: Ու քանի որ Սարկիսյանը, համենայն դեպս, ՌԴ հարկային օրենսդրության համեմատությամբ ՀՀ հարկային օրենսդրությունը բավականաչափ լիբերալ է համարում, ապա մեկ տարվա ընթացքում պատրաստվում է Երեւանում բացել բարձրակարգ կահույքի խանութ, իսկ արտադրություն սկսելու համար դեռ շուկայի ուսումնասիրման կարիք կա: Առայժմ խանութի հիմնման հարցում հողակտոր ձեռք բերելու դժվարություն կա:

Յուրի Սարկիսյանն արդեն իսկ կատարած ներդրումների շարժառիթը համարեց ոչ միայն իր հայ լինելը, ՀՀ հարկային լիբերալ օրենսդրությունը, այլեւ Սանկտ Պետերբուրգում բիզնեսմենների հետ ՀՀ նախագահի ունեցած հանդիպման ընթացքում ներդրումների շահավետության առումով տրված բացատրությունը:

«Էներգոկոմպլեքս» ՍՊԸ-ի եւ «Արմենիան մոլիբդեն պրոդակշն» համալիրի մասին խոսելիս նախագահը հավաստեց, որ պետությունը ստեղծել է բարենպաստ պայմաններ գիտական առաջընթացի ուղղությամբ եւ արտադրության ստեղծման համար բացառել է խոչընդոտները: Արդյունքն ակնհայտ է, գործարանում փոխշղթայված զարգանում են գիտությունն ու արտադրությունը, եւ արդեն եկող տարի Հայաստանից չի արտահանվի մոլիբդենի խտանյութ: Կունենանք մետալուրգիական արտադրության ամբողջական փակ շղթա: Համալիրն այսօր բազմատեսակ արտադրանք ունի եւ կատարում է նաեւ ՄԱԳԱՏԷ-ի համակարգում գտնվող ատոմային հետազոտությունների եվրոպական կենտրոնի պատվերները (հակառադիացիոն պահպանիչներ):

Այսօր գործարանի հզորությունը, հիմնադիր տնօրեն Կարեն Կարապետյանի հավաստմամբ, գնահատվում է 12 հազար տոննա պողպատի մշակմամբ, ինչը նախատեսվում է կրկնապատել: Ամսական հզորությունը 200 տոննա է, որը գործարանի հզորության 20 տոկոսն է: Դա պայմանավորված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տրամադրած քվոտաներով: Շուտով Հայաստան խտանյութ կներկրվի Չինաստանից եւ Չիլիից: Միջազգային շուկայում համագործակցության եզրեր գտնելը գործարանի համար դյուրին է, քանի որ այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին, եւ ողջ արտադրանքը արտահանում է մետաղի որակի հանդեպ խստագույն պահանջներ ունեցող երկրներՙ Ճապոնիա, Գերմանիա, Շվեդիա, Իտալիա, Ավստրիա: Եվ եթե բելգիական եւ անգլիական համարժեք գործարանների ներդրումները կազմել են 20-30 մլն դոլար, ապա հայ մասնագետներն ավելին կարողացել են ապահովել ընդամենը 2 մլն դոլար ներդրման շնորհիվ: Հիմնական աշխատանքը կատարվել է տեղի գիտական ներուժի միջոցով:

Նախագահի շրջայցին հաջորդած խորհրդակցությունում պարզվել է, որ գործարանն ունի 100 աշխատակցի կարիք: Ինչպես հավաստեց Ռոբերտ Քոչարյանը, խորհրդակցության ընթացքում քննարկվել են համալիրի հեռանկարները: Պետությունը պատրաստվում է գիտական ներուժի լիակատար օգտագործմամբ միջազգային շուկա դուրս բերել հնարավորինս վերամշակված արտադրանք մաքուր մոլիբդենից:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4