«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ Է ԹԱՔՆՎԱԾ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

Սոցապ նախարարության վերջին կես տարին

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց նախարարության վերջին վեց ամիսների հիմնական աշխատանքները: Նա կարեւորեց տարվա երկրորդ կիսամյակում Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի հարաբերությունների վերսկսումը: Սա միջազգային միակ կազմակերպությունն է, որտեղ պետությունները ներկայացված են երեք կողմով` կառավարություն, գործատուներ եւ աշխատողների շահերի պաշտպաններ: «Այս կազմակերպությունը զբաղվում է աշխատողների շահերի, աշխատանքի պաշտպանության խնդիրներով, մի բան, որ մեզանում տնտեսական բարեփոխումների ընթացքում կարծես երկրորդ պլան էր մղվել, ասաց նախարարը: Առաջիկայում կստորագրենք համաձայնագիր, որով կփորձենք մեզ մոտ ձեւավորել եւ աշխատեցնել սոցիալական գործընկերության ինստիտուտը: Այսօր արդեն ԱԺ-ում այս ուղղությամբ կոնվենցիաներ են վավերացվում»:

Հինգ մլն դոլար արժողությամբ Սոցիալական ոլորտի վարչարարության բարելավման ծրագիրը նախատեսում է սոցիալական ոլորտի բոլոր ծառայությունների միջեւ տեղեկատվական ավտոմատ համակարգի ստեղծում, զբաղվածության տարածքային կենտրոնների հզորացում, հաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի, երիտասարդների համար մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ստեղծում, անձնավորված հաշվառման համակարգի ներդրում եւ այլն: Սոցապ նախարարը նշեց, որ վարկը նվազագույն տոկոսադրույքներով է եւ պետք է մարվի 30 տարվա ընթացքում` սկսած 2014 թվականից:

Աղվան Վարդանյանը նախարարության աշխատանքում կարեւորեց Աշխատանքի պետական տեսչության ստեղծումը, որը զբաղվելու է աշխատանքի պայմանների վերահսկողությամբ, առողջության համար վտանգավոր պայմանների բացառմամբ, զբաղվածության, աշխատավարձի չափի խնդիրներով: Նա նշեց, որ գործազրկության բավականին բարձր ցուցանիշների հետ բարձր է նաեւ թաքնված զբաղվածության ցուցանիշը` հասնելով 130-150 հազարի: Աշխատանքի պետական տեսչության հիմնական գործառույթներից մեկը լինելու է այս թաքնված զբաղվածության բացահայտումը եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորումը: Աղվան Վարդանյանը խոսեց նաեւ իրական եւ ձեւակերպված աշխատավարձերի անհամապատասխանության մասին:

Աղվան Վարդանյանն ասաց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ սոցիալական քարտի 1 մլն 867 հազար հայտ է ներկայացված, տպագրվել է 1 մլն 500 հազար քարտ: Ամենաակտիվը Լոռու մարզն է, այստեղ ծրագիրն իրականացվել է 96.3 տոկոսով, իսկ ամենապասսիվը Երեւանն է` 36.2 տոկոս:

Նա խոսեց նաեւ կենսաթոշակների ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ամենայն հավանականությամբ 2005 թվականի ապրիլի 1-ից հիմնական կենսաթոշակը 3000 դրամից կհասնի 4000 դրամի: 2005-ին պետական ամենամեծ սոցիալական աջակցությամբ Աղքատության ընտանեկան նպաստի ծրագրի գումարները կաճեն 4 մլդ դրամով` անցնելով 20 մլդ-ը: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է անապահով գնահատված ընտանիքներում երեխայի ծնվելու դեպքում պետական միանվագ 35.000 դրամ վճարը կրկնապատկել:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4