«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2004-10-23 | #189, 2004-10-26 | #190, 2004-10-27


ԻՆՔՆԱՀԱՅԵՑՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

«Ալբերտ եւ Թովէ» Բոյաջյան ցուցասրահում ներկայացվող ֆոտոարվեստն արտահայտում է Լարիսա Կատասանովայի փիլիսոփայական մտորումներըՙ համանուն պայմանական խորագրով: Լուսաստվերայինՙ երբեմն խիստ արտահայտիչ խաղի մեջ մեզ շրջապատող աշխարհի, սովորական աչքի համար չնկատվող եւ առօրեական դետալները, իրերն ու երեւույթները լուսանկարներում ձեռք են բերել որոշակի իմաստՙ կապված կյանքի հանդեպ լուսանկարչուհու սկզբունքներից ու վերաբերմունքից:

Լարիսա Կատասանովայի (կրթությամբ բանասեր է, աշխատում է Չինաստանի դեսպանատանը) հատուկ սերն արվեստի նկատմամբ մշտապես փնտրել է ինքնարտահայտման ճանապարհներ, զբաղվել է գեղանկարչությամբ, փորձեր է արել գրականության մեջ: Սակայն արդեն տասը տարի նա զբաղվում է լուսանկարչությամբ, եւ դա անում է ամենայն լրջությամբ, Սարո Կալենցիՙ ամուսնու խոսքերովՙ այն հասցնելով գեղանկարչական մակարդակի: Նա չի փորձում պահն արձանագրել կամ հաջողված լուսանկար ստեղծել, փնտրում է խոսուն իրավիճակներ միջավայրի մեջ: «Լուսանկարին մոտենում եմ ինչպես կտավին, մտածում եմ, ուսումնասիրում, նախապատրաստվում»: Լարիսան խոստովանում է իր մտածողության եւ արվեստի վրա չինական ու հնդկական փիլիսոփայության ազդեցությունը, հատկապես չին ժամանակակից փիլիսոփա Վան Գուլանիՙ աշխարհի միասնականության գաղափարի եւ աշխարհայացքային այլ սկզբունքների:

Մեծ կենսափորձ է նա համարում նաեւ Մոնղոլիայում ապրած իր 4 տարիները. «Այն դասերը, որ այնտեղից բերեցի, սովորեցնում են շրջապատող աշխարհի նկատմամբ ունենալ դիտողական հայացք, կարողանալ տեսնել բնության գեղեցկությունները»:

Այս աշխատանքներն ուղղակիորեն կապված են իր մտածողության եւ աշխարհը տեսնելու կերպի, դրանց մեջ արտահայտված մեդիտացիայի եւ շարժման հետ: Մտահայեցությունը հնարավորություններ է բացել թափանցելու աշխարհի, երեւույթների, իրերի եւ ինքն իր մեջ: «Ինքնահայեցողությունն ինձ հնարավորություն է տալիս ստեղծելու այլ վիճակներ եւ ապրելու մի այլ կյանքով: Իմ արվեստի եւ մտորումների միջոցով ստեղծված ներքին իրականության շնորհիվ կարողանում եմ ավելի հանգիստ նայել իրականությանը, որում ապրում եւ աշխատում եմ»:

Լարիսա Կատասանովայի լուսանկարչական աշխատանքների նուրբ դիտողականությունը խորհելու առիթ է տալիս. «Ցուցադրվող գործերում առկա է պրոֆեսիոնալիզմը, լուսանկարչական արվեստի նրբերանգների տիրապետումը, ցանկալի է ինքնատիպության առավել դրսեւորումներ» (Լեւոն Հարությունյան):

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4