Երկու օր առաջ Թեհրանից զանգահարեց Ահմադ Նուրիզադեն եւ տեղեկացրեց, որ արդեն տպարան է ուղարկել թարգմանական իր նոր գիրքը: Կարճ ժամանակ անց իրանցի ընթերցողը հնարավորություն կունենա պարսկերենով կարդալու հայ ժամանակակից բանաստեղծներին:
Պիտի ընդունենք, որ ներկա ժամանակներում հայ գրականությունն օտարալեզու ընթերցողին ներկայացնելու գործն առավել արդյունավետ ձեւով կատարվում է Իրանում: Այդ գործի կազմակերպիչ-իրականացնողներից մեկը հայ գրականության սիրահար Ահմադ Նուրիզադեն է, մարդ, որն անշահախնդիր նվիրվածությամբ հայ գրականության ամենաարժեքավոր գործերը թարգմանում եւ հրատարակում է իր մայրենի լեզվով: Մինչ օրս նա հրատարակել է 27 անուն գիրք, որոնց մեծ մասն արդեն ամբողջությամբ սպառվել է: «Հրաշալի զորություն», «Բարեւ քեզ, մարդ» (այս երկուսը Գալուստ Խանենցի բանաստեղծությունների թարգմանություններն են), Թումանյանից մի ժողովածու, «Ցոլակ» (Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»), Նար-Դոսի «Զազունյան» վեպի թարգմանությունը (տպագրվել է «Ամալյա» խորագրով), «Հայ պոեզիայի 100 տարին» ժողովածուն... Ապա Նուրիզադեն հրատարակեց «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» աշխատությունը, որի համար նրան անվանեցին պարսկերենով հայագիտության հիմնադիրը: Ապա լույս տեսավ եւս մեկ անթոլոգիաՙ այս անգամ հայ գրականության արձակ գործերը: Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, ժամանակակից բանաստեղծներ...
Այո, անչափ շնորհակալ գործ է անում Ահմադ Նուրիզադեն հայ գրականությունը պարսկերենով ներկայացնելու համար: Մերՙ հայ քննադատությունը կարեւորել է Նուրիզադեի հատկապես «Հայ պոեզիայի 100 տարին» եւ «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» իսկապես կոթողային աշխատությունները: Մինչ օրս հայ բանաստեղծության թարգմանության անգերազանցելի գործ էր Վալերի Բրյուսովի կազմած հայ պոեզիայի անթոլոգիան ռուսերենով: Ահմադ Նուրիզադեի ժողովածուն առավել հարուստ է ոչ միայն կատարված թարգմանությունների քանակով: Իսկ հայոց պատմության ու մշակույթին նվիրված հատորը գրեթե հանրագիտարանային տեղեկություններ է հաղորդում հայոց ամեն ոլորտի մասինՙ պատմություն, հավատալիքներ, նախաքրիստոնեական պաշտամունքներ, քրիստոնեության ընդունում, արվեստ, մշակույթ, գրականություն:
Վերջերս երբ կրկին Ահմեդ Նուրիզադեն Հայաստանում էր, հյուրանոցային նրա համարում ամենաքիչը 100-ից ավելի գրքեր տեսաՙ հայ հեղինակների ջերմ մակագրություններով: Դրանք վերջին մեկ տարում հրատարակված գրքեր են, որոնք, հասկանալի է, ոչ բոլորն են բարձրարժեք: Սակայն մեր բարեկամ Ահմադն ի զորու է մնայունն անցողիկից զատելու եւ լավագույն գործերը թարգմանելու:
Ամեն անգամ Հայաստան գալիս Ահմադ Նուրիզադեն իր հարազատի տուն մտնելու զգացողությունն ունի:
- Ես իմ հարցազրույցների ժամանակ միշտ էլ ասել եմ, որ մոտիկ բարեկամիս տուն եմ գալիս, գալիս եմ մի երկիր, որը ես սիրում եմ եւ որի ժողովուրդը սիրում է ինձ:
Դե, ուրեմն, բարով գաս մեր տուն, բարեկամ, որովհետեւ քո տարածը ոչ միայն քեզ է հարստացնում, այլեւՙ մեզ:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ